haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ

Զինծառայող

Ծնվել է՝ 1659 - Մահացել է՝ 1711

Կենսագրությունը

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ (1659 – 1711, Աստրախան), հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, դիվանագետ: Հայաստանի ազատագրության խնդրով 1677-ին Հակոբ Դ Ջուղայեցու նախաձեռնությամբ Ս. Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսարյելի հետ 1679-ի դեկտեմբերին մեկնել է Կ. Պոլիս: Առաքելության ձախողումից հետո, 1680-ի վերջին, մեկնել է Վենետիկ, 1683-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95-ին մասնակցել անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695-ին գերի է ընկել անգլիացիներին, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1698-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու և Օսմանյան կայսրության (որի դեմ մղվող պատերազմին մասնակցում էր նաև Պֆալցը) թիկունքում անկախ Հայաստան և Վրաստան ստեղծելու միտքը: Հովհան Վիլհելմը Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին: Իսրայել Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել ավստրիական կայսր Լեոպոլդ I-ի աջակցությունը, այնուհետև ստանալով Տոսկանիայի դուքս Կոզմաս III-ի համաձայնությունը՝ 1699-ին ուղևորվել է Հայաստան: Իսրայել Օրիին հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ) Սյունիքի 11 մելիքների մասնակցու-թյամբ խորհրդաժողով գումարել (1699-ի ապրիլ): Նա ժողովի կազմած համապատասխան գրություններով (ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին) և մաքուր կնքված թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ: Դեգերելով Եվրոպայում, արմ-ից հուսախաբ՝ Իսրայել Օրին Հայաստանի ազատագրության ծրագրերը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II-ի, հետագայում՝ այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրիին և Մինաս վարդապետին: 1702-ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խընդրով կզբաղվի միայն շվեդական պատերազմից հետո: 1703-ին Իսրայել Օրիի նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Իրանի ներքին կացության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և հայ-վրացական ապստամբ ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրիի հղացած պարսկական առաքելությանը: Իսրայել Օրին 1704-ին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706-ին Ռուսաստանում նույնանման նամակ ու գնդապետի կոչում ստանալով Պետրոս Մեծից, որպես առաքելության ղեկավար, 1708-ի սկզբին ժամանել է Պարսկաստան: Այնտեղ գործող եվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները ջանացել են խանգարել ԻսրայելՕրուն՝ շահ Հուսեինին ներշնչելով, որ նրա նպատակը հայկական պետականության վերականգնումն է: Իսրայել Օրին 1709-ին տեսակցել է շահի հետ, այնուհետև վերադարձել Այսրկովկաս. ձգտել է Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ կազմավորել ազատագրական միասնական ճակատ, ստեղծել հայկական ընդհանուր զորաբանակ: Իսրայել Օրին Եսայի Հասան-Ջալալյանի հետ 1711-ին վերադարձել է Աստրախան. հանկարծամահ է եղել անհայտ հանգամանքներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Իսրայել Օրի...

Օգտագործող Գաղտնաբառ