haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 1869 - Մահացել է՝ 1926

Կենսագրությունը

ՕՏՅԱՆ Երվանդ Խաչիկի (19.9.1869, Կ. Պոլիս – 3.10.1926, Կահիրե, թաղված է Մարմինա գերեզմանատանը), գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր: Օտյան գերդաստանից: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում:

Մամուլում տպագրվել է 1887-ից: Ա. Փ. Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892–95), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը: Եղել է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում: 1896-ի օգոստոսին գաղտնի հեռացել է Կ. Պոլսից: Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո վերադարձել է: Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր էզ Զոր: Հրաշքով փրկվելով՝ 1918-ին կրկին վերադարձել է Կ. Պոլիս, 1922-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան), 1925-ին՝ Կահիրե:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
 «Պիտի խնդանք՝ առանց քեն կամ ոխ, ատելություն կամ նախանձ խառնելու մեր ծիծաղին մեջ, որովհետև ծիծաղը սուրբ, աստվածային է»:

«Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին»:

Գործունեությունը

Օտյանը հրատարակել է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», 1901–08, «Ազատ բեմ», 1903–06, «Կրակ», 1905, Կ. Պոլսում՝ «Կառափնատ», 1910, «Սև կատու», 1912, «Մանանա», 1913–14, «Իգնատ աղա», 1919–20, «Երգիծական տարեցույց», 1921–22):

Հայ դասական արձակում նոր և ծանրակշիռ ներդրում են Օտյանի ֆելիետոնները, պամֆլետները, «Յեղափոխութեան մակաբոյծները» (1898–99) շարքի պատմվածքները, «Ճուղուպրիստ եւ ընկ. » (1910), «Պատերազմ եւ խաղաղութիւն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» («Առաքելութիւնը մը ի Ծապլուար», 1911, «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» և «Իմ աշխարհայեացքները», 1914, «Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մէջ», 1923) երգիծավեպերը: Ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, ովքեր, հեղափոխականություն խաղալով, ձևանում են հայրենասեր, իսկ իրականում ոտնահարում, արատավորում են սուրբ գաղափարները:

Օտյանը մեծապես նպաստել է հայ սոցիալական երգիծանքի զարգացմանը: «Վաշխառուն» (1893), «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899), «Համբարձում աղա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և այլ պատմվածքներում, «Ազգային բարերարը» (1905), «Միքէի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարեալ մարդ ըլլալու արուեստը» (1914) վի-պակներում, «Միջնորդ տէր պապան» (1895–1920), «Գործի մարդիկ» (1900–01), «Ընտանիք, պատիւ, բարոյական» (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վեպերում ծաղրի է ենթարկել հասարակության սոցիալ-բարոյական, ընտանեկան, կենցաղական արատները:

Օտյանի «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնաւորին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը պատկերում են համիդյան բռնատիրության դեմ մղվող պայքարը: Ճանաչողական և գեղարվետական արժանիքներ ունեն նաև Օտյանի «թերթոնային» վեպերը և վեպ-ժամանակագրությունները: Հայապահպանության երաշխիքը համարել է հայրենադարձությունը:

Հեղինակ է նաև զավեշտների, կատակերգությունների, հուշագրությունների, երգիծական դիմա-նկարների: Թարգմանել է Լ. Տոլստոյի «Յարութիւն» (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերը, Է. Զոլայի, Ֆ. Դոստոևսկու, Մ. Գորկու, Մ. Տվենի և այլոց ստեղծագործություններից:

Երկ. Երկ. ժող., Ե.., 1935:

Երկ. ժող., հ. 1–6, Ե., 1960–63:

Ընտ. երկ., Ե., 1988:

Ընկ. Բ. Փանջունի, Ե., 1989:

 Նամակներ, Ե., 1999:

 Վերնատունեն, Ե., 1999:

 Հայ Տիասբորան, Ե., 1999: Թիվ 17 խաֆիեն (ժամանակակից պատմական վեպ), գիրք 1–3, Ե., 2000–01:

 Անիծեալ տարիներ 1914–1919, անձնական յիշատակներ, Ե., 2004:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Երվանդ Օտյանի մասին.  
«Քրոնիկն իրմե (Օտյանից) ավելի մեծ վարպետ մը չունեցավ մեր մեջ»: /Վահան Թեքեյան/

«Կը խնդանք կուշտ-կուռ գիրքը («Ընկ. Բ. Փանջունի») կարդալով, որովհետև անկարելի է դիմադրել Օտյանի կատակերգական հրաշալի ավյունին. բայց եթե խնդալե դադրելով՝ փորձվինք պահ մը խորհիլ այդ գործունեության և փորձարկության արդյունքներուն – ըսել կուզեմ՝ դիզած ավերակներուն – նույնքան անկարելի կըլլա դիմադրել լալու փափագի մը...»:/Միքայել Կյուրճյան/ 

«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա (Օտյանը) գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով»:/Ալեքսանդր Շիրվանզադե/

Նկարները
Տեսանյութերը

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ «ԹԱՂԱԿԱՆԻՆ ԿՆԻԿԸ» վ...

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ «ԱՆԴՐԱՇԽԱՐՀՅԱՆ ՊԱՏՄ...

Օգտագործող Գաղտնաբառ