haymard

Երկուշաբթի, 18 Մարտի
www.HayMard.am

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ

Պատմաբան , Բանասեր

Ծնվել է՝ 10/01/1871 - Մահացել է՝ 27/01/1942

Կենսագրությունը

ԱԴՈՆՑ (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի [10.1.1871, գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 27.1.1942, Բրյուսել], պատմաբան, բյուզանդագետ, բանասեր: Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր (1916): Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները (1899): Դասախոսել է նույն համալսարանում, պրիվատ-դոցենտ՝ 1909-ից: 1916–17-ին մասնակցել է Վանի, Մուշի և Էրզրումի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 1920-ից ապրել է Լոնդոնում, Փարիզում: 1931–42-ին դասավանդել է Բրյուսելի համալսարանում՝ միաժամանակ ղեկավարելով տեղի հայագիտության ամբիոնը:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ադոնցի շուրջ 100 գիտական աշխատություններ վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին («Պատմական ուսումնասիրություններ», 1948), հայ-հունական բանասիրությանը («Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները», 1915, ռուսերեն): «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուսերեն, հայերեն հրատարակություն՝ 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հաս-քաղաքական կառուցվածքին, հայ-բյուզանդական հարաբերություններին, նախարարական տոհմերին առընչվող խնդիրներ, առաջին անգամ գիտականորեն վերլուծել հայկական ավատատիրության, հայ գյուղացիության հարցերը: Հատուկ քննության առարկա է դարձրել հայ գյուղացիության պատմությունը («Հայ հին շինականությունը», 1927): Արժեքավոր են Ադոնցի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդին: 1930-ական թթ. վերջին Ադոնցը ձեռնարկել է շարադրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը լույս է տեսել ֆրանսերեն (1946) և հայերեն (1972): Զբաղվել է նաև գրականագիտությամբ: Հայ հաս-քաղաքական հարցերում ունեցել է ազգ-պահպանողական կողմնորոշում, կողմնակից է եղել խաղաղ զարգացմանը, լուսավորությանը՝ առանց քաղաքական ցնցումների: «Քաղաքական հոսանքները հին Հայաստանում» (1927) աշխատության մեջ Ադոնցը հին Հայաստանի պատմության հիմնական շարժիչ ուժը համարել է ազնվականությանը: Ադոնցն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության զանազան հարցերի («Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում», 1902, «Հայ ծաթերի ծագման մասին», 1911, ռուսերեն, «Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ»,  2003 և այլն): «Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը» (ֆրանսերեն, 1936) երկում Ադոնցը վերլուծել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գրական-գեղարվեստական արժանիքները: Ադոնցի՝ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածները լույս են տեսել «Հայկական հարց» ընդհանուր խորագրով (1999):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ