haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ

Ֆիզիկոս

Ծնվել է՝ 24/06/1908 - Մահացել է՝ 25/02/1978

Կենսագրությունը

ԱԼԻԽԱՆՅԱՆ Արտեմ Իսահակի [24. 6. 1908, Թիֆլիս – 25.2.1978, Մոսկվա, թաղված է Երևանում], ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտորր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Ա. Ի. Ալիխանովի եղբայրը: Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931): 1943–73-ին՝ ԵՖԻ տնօրեն: 1946–60-ին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ալիխանյանի աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը: 1934-ին Ա. Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգըռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, իսկ 1936-ին Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ: 1942-ին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների  «նեղ□ հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950): Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրո-մետր, բշտիկային և կայծային խցիկներ): Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը: Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը: ԽՍՀՄ Պետ. (1941,1948) և Լենինյան (1970) մրցանակներ:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ