haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ , Գրող

Ծնվել է՝ 1866 - Մահացել է՝ 1948

Կենսագրությունը

ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի [1866, գ. Իգդիր-Մավա (Սուրմալուի գավառ) – 20.3.1948, Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը], հասարակական, քաղաքական գործիչ, գրող: Վ.Ա. Ահարոնյանի հայրը: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը (1901), Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները: Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայազետի ծխական դպրոցներում):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ահարոնյանն աշխատակցել է «Մուրճ»  ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի: 1902-ին մասնակցել է համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմանյան ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների  համագումարին: Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի  խաղաղության խորհրդաժողովում (1907), ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիրը: 1907-09-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն: 1909-11-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», այնուհետև մեկնել է արտա-սահման: 1917-ին վերադառնալով Թիֆլիս՝ ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին՝ ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: Եղել է ՀՀ պատվիրակության  ղեկավարը  Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-1920): Ահարոնյանը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-23) խորհրդաժողովներին, մեծ ջանքեր է գործադրել ի նպաստ Հայ դատի («Սարդարապատից մինչև Սևր և Լոզան»,1943): Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը՝ հեռացել է ակտիվ քաղաքական գործունեությունից: Ահարոնյանի գործերը  («Ազատության ճանապարհին», 1926 և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն:

Ահարոնյանը գեղարվեստական երկերում առավելապես պատկերել է արևմտահայության ջարդերի դրվագներ, մերժել քրիստոնեության հանդուրժողականության քարոզը: Մի շարք գործերում («Արցունքի հովիտ», 1902, «Լռություն», 1904, «Սև թռչուն», 1910 և այլն) նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը: Ռեալիստական երկերից են «Իմ բանտը» (1911) և «Պարտվածներ» (1912) պատմվածաշարերը, «Իտալիայում» (1903) և «Շվեյցարական գյուղը» (1913) ուղեգրությունները, «Իմ գիրքը» (հ. 1-2, 1927-31) վեպը և այլն:

1934-ին Մարսելում հրապարակային ելույթի ժամանակ Ահարոնյանը կաթվածահար է եղել:

Երկ. ԵԼԺ, հ. 1-10, Բոստոն, 1946-51:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Աւետիս Ահարոնեանի խօսքը իր Սիրել...

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Ավետիս Ահարոնյան...

Օգտագործող Գաղտնաբառ