haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 16/12/1863 - Մահացել է՝ 13/12/1940

Կենսագրությունը

ԱՂԱՋԱՆՅԱՆ Ստեփան Մելիքսեթի [16(28). 12.1863, Շուշի – 13.12.1940, Երևան], նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1938): Սովորել է Մարսելի նկարչական ստուդիայում (1886–90), Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1897–1900), Բ. Կոնստանի, Ժ. Պ. Լորանսի արվեստանոցներում: Դեռևս ակադեմիայի գործերում Աղաջանյանը դրսևորել է բնորդի ներաշխարհը ռեալիստորեն բացահայտելու բացառիկ կարողություն («Բրետանուհին», 1898, «Ակադեմիական էտյուդ», 1899):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1900-ին վերադարձել է Շուշի, 1902–04-ին աշխատել Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, որտեղ մինչև 1921-ը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի գործերից են՝ «Նկարչի քրոջ աղջիկը» (1907), «Ս. Ե. Էքմեջյանի դիմանկարը» (1908), «Ինքնանկար» (1909), «Մտորումներ» (1914) և այլն, որոնցում շեշտված են կերպարների ազգային, տարիքային, հոգեբանական հատկանիշները: 1921-ին Աղաջանյանը տեղափոխվել է Երևան, 1922–29-ին դասավանդել ԵԳԱՏ-ում: Մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր ու հոգևոր նկարագրի միասնություն՝ Աղաջանյանը առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով և ռեալիստորեն է պատկերել իր հայրենիքի մարդկանց («Ինքնանկար», «Նկարչի կինը», «Վասիլը», երեքն էլ՝ 1926, «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», 1927, «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», 1928, «Երգչուհի Բարոնկինան», 1935 և այլն):

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ