haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ

Բժիշկ

Ծնվել է՝ 1420 - Մահացել է՝ 1496

Կենսագրությունը

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ, որդի Եղիայի [մոտ 1420/1425, Ամասիա (Սեբաստիայի նահանգ) – 8.12.1496, Բրուսա], բնագետ, բժիշկ, մատենագիր, բառարանագիր: Բժշկություն հավանաբար սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է մի քանի օտար լեզուների, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտություն: Երկար տարիներ ապրել և աշխատել է Կ. Պոլսում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

«Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության են առնվել մարդու անատոմիայի, սաղմնաբանության, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցեր: «Օգուտ բժշկու-թեան» (1469, հրտ.՝ 1940) աշխատությունը նախորդի վերամշակումն է, որտեղ ման-րամասն նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումն ու խնամքը:

Դեղագործությանն ու դեղագիտությանն են նվիրված նրա «Ախրապատին» (1459), «Բառք այբուբենական ի վերայ ցաւոցն» (կազմված 1468-ին, ձեռագիր տարբերակները պահվում են Մատենադարանում), «Անգիտաց անպէտ» (1482, հրատարակություն.՝ 1926, ռուսերեն՝ 1990, թարգմանություն՝ Ս. Վարդանյան) աշխատությունները: Ամիրդովլաթ Ամասիացին մեծ տեղ է տվել բուսաբուժությանը, որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել նաև կենդանիների օրգանները և հանքային ծագում ունեցող դեղանյութերը: Արաբերենից թարգմանել է «Գիրք ռամկականը» (1474): Ամիրդովլաթ Ամասիացու «Վասն նշանաց հիւանդին, զկենաց և զմահուն» աշխատության միակ օրինակը գտնվում է Փարիզի Ազգ. մատենադարանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ