haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԱՐՏԵՄԻ ՍԵՐԳԵՅԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 26/06/1902 - Մահացել է՝ 14/11/1975

Կենսագրությունը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը ծնվել է 1902 թվականի հունիսի 26-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Երաժշտական տարրական կրթությունը ստացել է Բաքվի ուսումնարանում: 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, իսկ 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև՝ 1934 թվականին՝ Բարձրագույն վարպետության դպրոցը: Երևանում կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից, եղել նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին դասատուն: 1927 թվականից մինչև 1930 թվականը աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ստուդիայում՝ որպես տնօրեն: Արտեմի Այվազյանը 1933 թվականին դարձել է երաժիշտ-կատարողների համամիութենական առաջին մրցույթի դափնեկիր: 1938 թվականին կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (հետագայում՝ ջազային), 1938-56 թվականներին եղել նրա գեղարվեստական ղեկավարը, իսկ 1943 թվականից մինչև 1945 թվականը՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1936 թվականին Այվազյանը գրել է «Թափառնիկոս» կոմիկական օպերան (ըստ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատագերգության, բեմադրվել է 1937 թվականին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում), իսկ 1963 թվականին՝ «Պարոն Մինթոևը Փարիզում» օպերան: Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր Արտեմի այվազյանը մահացել է 1975 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում:

Գործունեությունը

Արտեմի Այվազյանը եղել է հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրը: Յուրովի զուգորդել է սովետական էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու ինտոնացիաները: Հայկական ջազի սկիզբը հենց Արտեմի Այվազյանն է դրել՝ 20-րդ դարի 30-ական թվականներին: Այդ տարիները համարում էին Հայաստանում ջազ երաժշտության ծննդյան տարիներ, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանում պետական մակարդակով ստեղծվեց նվագախումբ, որի երաժշտական գործիքներն առավել նման էին այդ ժամանակ ամերիկյան և եվրոպական ջազ նվագախմբերում օգտագործվող գործիքներին: Խորհրդային ջազ նվագախմբերից Հայաստանինն առաջինն էր, որ 1975 թվականին մեկնեց ջազի հայրենիք՝ ԱՄՆ: Արտեմի Այվազյանի ստեղծագործություններից ժողովրդականություն են վայելել «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», « Քարավան» և այլ երգեր: Նա ստեղծել է սովետահայ առաջին օպերետները: Այվազյանի «Արևելյան ատամնաբույժ» (բեմադրվել է 1944 թվականին), «Աշուղ Մուրադ» (բեմադրվել է 1945 թվականին), «Երջանիկ օր» (1945թ.), «Սեր աստղերի տակ» (1969թ.) օպերետները հարստացրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը: Արտեմի Այվազյանը գրել է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործություններ, այդ թվում 2 սյուիտ (1948 և 1955 թվականներին), թավջութակի (1947թ.) և ձայնի (1949թ.) կոնցերտներ, կամերային գործեր, այդ թվում 2 կվարտետ, կինոերաժշտություն՝ «Ձյունե թագուհին» («Սոյուզմուլտֆիլմ», 1957թ., Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը», «Ինչու է աղմկում գետը», «Պոեմ Հայաստանի մասին» և այլ ֆիլմերի համար: 1962 թվականին Արտեմի Այվազյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

 Մեծանուն մարդկանց կարծիքները Ա. Այվազյանի մասին.

«Նվագախմբով ես լավ դպրոց անցա և շատ բան սովորեցի: Անվերապահորեն շնորհակալ եմ Արտեմի Այվազյանին, ով այն տարիներին ինձ հրավիրեց Բաքվից: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես կդասավորվեր ճակատագիրս, եթե 43 թվականին չտեղափոխվեի Երևան և չհայտնվեի հրաշալի ու ինձ շատ հարազատ մարդկանց միջավայրում՝ Արտեմի Այվազյան, Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան: Մեր փորձերին հաճախ ներկա էր լինում Արամ Խաչատրյանը: Հայաստանի ջազ նվագախմբի հետ ես աշխատեցի 36 տարի»: /Կոնստանտին Օրբելյան/

Տեսանյութերը

ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ "ԱՐԱՔՍ ԳԵՏԸ"...

Արտեմի Այվազյան

ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ "ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ"...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԱՐՏԵՄԻ ԱՅՎ...

Արտեմի Այվազյան - "Հայաստան"...

Արտեմի Այվազյան. Քարավան...

Արտեմի Այվազյան. Գյուլնարա...

Օգտագործող Գաղտնաբառ