haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ԶԱՔԱՐԻ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 16/09/1857 - Մահացել է՝ 04/10/1925

Կենսագրությունը

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Գևորգ Զաքարի [16(28). 9. 1857, Սղնախ (Վրաստան) – 4.10.1925, Թիֆլիս], նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրը: Զ.Գ. և Լ.Գ. Բաշինջաղյանների հայրը, Ս.Զ. Բաշինջաղյանի եղբայրը: Սովորել է Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (1876–78), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1879– 1883), աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ.Պ. Կլոդտին: 1884-ին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խ. Աբովյանի տունը Քանաքեռում», 1884): 1890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան: Անձրևային օր», 1899): Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912 և այլն): Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսների, հոդվածների հեղինակ է: Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով: Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է ՀԱՊ-ում:

«Կեչիների պուրակ» (1883) նկարի համար՝ Ս. Պետերբուրգի ակադեմիայի արծաթե մեդալ:

Անհատական ցուցահանդեսներ՝ Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր:

Երկ. Երկ., Ե., 1966: 

Ալբոմ, Ե., 1985: 

Избр. произв., М., 1986.

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գևորգ Բաշինջաղյան...

Օգտագործող Գաղտնաբառ