haymard

Չորեքշաբթի, 24 Հունվարի
HayMard.am

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

Պատմաբան

Ծնվել է՝ «4_րդ դար» - Մահացել է՝ «5_րդ դար»

Կենսագրությունը

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ (ծ. և մ. թթ. անհտ), V դ. պատմիչ, մատենագիր: Ուսումնասիրողները տարակարծիք են Փավստոս Բուզանդի անվան, ազգության, ապրած ժամանակի վերաբերյալ, իսկ մինչև XIX դ. վերջին քառորդը նրա «Պատմություն Հայոցը» համարվել է անվստահելի աղբյուր: Սակայն ֆրանսիացի հայագետ Սեն Մարտենը, գերմանական գիտնական Ա. Գուտշմիդը և ուրիշներ լրջորեն ուսումնասիրել են երկն ու գնահատել այն որպես կարևոր պատմական աղբյուր: Ս. Մալխասյանցի կարծիքով՝ Բուզանդ մականունը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա՝ մատենագրի «Պատմություն Հայոց»-ի իսկական և համապատասխան անունը եղել է «Բուզանդարան պատմությունք» բնորոշ հոգնակի ձևով, այսինքն՝ պատմությունների ժող. Բուզանդի: Փավստոս Բուզանդի վերաբերյալ առաջին տեղեկությունը հաղորդող Ղազար Փարպեցին նրա «Պատմություն»-ը համարում է երկրորդը (Ագաթանգեղոսի երկից հետո) և նրանում հանդիպող թերությունները վերագրում հետագա թերուս մարդկանց:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
Հաստ պարանը ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը արքայություն կմտնի:  

Գործունեությունը

Փավսոս Բուզանդի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Բ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ), որոնք բաժանվում են առանձին վերնագրեր ունեցող գլուխների: Առաջին երկու դպրությունների բացակայությունը տարբեր կերպ է մեկնաբանվել. որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ դրանք կորել են, մյուսների ենթադրությամբ՝ հեղինակը չի գրել, որպեսզի չկրկնի Ագաթանգեղոսին: Երրորդ դպրության մեջ (21 գլուխ) շարադրված են Խոսրով Բ Կոտակի և Տիրանի, չորրորդում (59 գլուխ)՝ Արշակ Բ-ի, հինգերորդում (44 գլուխ)` Պապի և Վարազդատի թագավորության օրոք կատարված իրադարձությունները, վեցերորդում (16 գլուխ)՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման պատմությունը:

Փավստոս Բուզանդն երկը շարադրելիս օգտվել է Աստվածաշնչից, վարքաբան-վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից: Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է: Երկը հագեցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ (գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքա-գրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ և այլն): Երկում բացակայում է ժամանակագրությունը, առկա են անճշտություններ և պատմական դեպքերի ու դեմքերի որոշակի վիպականացում: Մեծ տեղ է տրված Մամիկոնյան սպարապետներին (Վասակ, Մուշեղ, Մանվել)՝ նրանց ներկայացնելով իբրև քաջահաղթ կռվողներ եկեղեցու, հայրենիքի ու Արշակունի հայ թագավորների պաշտպանության համար: Ընդարձակ տեղեկություններ են հաղորդվում նաև հայ նշանավոր հոգևորականների մասին: Փավստոս Բուզանդի աշխատությունը երկրորդն է (Ագաթանգեղոսի երկից հետո) իր պատմական արժեքով, որի շնորհիվ հնարավոր է պարզել Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորման և գոյության առաջին հարյուրամյակի պատմությունը:

«Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստա-նի IV դ. քաղաքական պատմության, ներքին կյանքի, հաս-քաղաքական կառուցվածքի, դասերի ու դասակարգերի փոխհարաբերությունների, եկեղեցական հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին և այլն: «Պատմություն Հայոցը» շարադրված է ճոխ ու պատկերավոր լեզվով և հայկական մատենագրության արժեքավոր երկերից է: Առաջին անգամ «Բիւզանդարան պատմութիւն... » խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսերեն (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ՝ գերմաներեն (1879): Ս. Մալխասյանցի աշխարհաբարի փոխադրումը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում:

Երկ. Հայոց պատմություն, Ե., 1987:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ