haymard

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի
HayMard.am

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ

Եկեղեցական սպասավոր

Ծնվել է՝ 1203 - Մահացել է՝ 1271

Կենսագրությունը

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, Գետիկցի, Արեվելցի (մոտ 1201/1203–1271, Նոր Գետիկ), պատմիչ, վարդապետ, րաբունապետ: Ծնվել է «Գանձակի երկրում»  (Գանձակեցի է անվանվել XVII դարից): Վաղ մանկությունից սովորել է Նոր Գետիկի վանքում (հետագայում՝ Գոշավանք)՝ Վանական Վարդապետի մոտ: 1215-ից հետո ուսուցչի հետ տեղափոխվել է Տավուշ՝ Խորանաշատի վանք, 1225-ին՝ Լորուտ: 1236-ի գարնանը գերվել է մոնղոլների կողմից (նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր), այնուհետև փախել է և ապաստանել Նոր Գետիկում: 1250-ին մասնակցել է Դավիթ Ծարեցու բանադրմանը, 1251-ին՝ Հռոմի Ինոկենտիոս IV պապի Հավատո թղթի պատասխանը գրելուն: Ենթադրվում է, որ Վանական Վարդապետի մահից (1251) հետո գլխավորել է Նոր Գետիկի վանքի դպրոցը: 1255-ին Նիգ գավառի Վարդենիս գյուղում հանդիպել է Հեթում Ա-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները: Կիրակոս Գանձակեցին մտերիմ է եղել ժամանակի նշանավոր ռազմաքաղաքական գործիչներ Պռոշ, Քուրդ, Գրիգոր ու այլ իշխանների և ուսումնակից Վարդան Արևելցու հետ, որը նրա պատվերով կատարել է (1265) Երգ երգոցի մեկնությունը: 1268–69-ին այցելել է Կիլիկյան Հայաստան, այնուհետև վերադարձել Նոր Գետիկ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Կիրակոս  Գաձակեցու գլխավոր երկը շուրջ հազար տարվա ընդգրկում ունեցող «Հայոց պատմու-թյունն» է: Բաղկացած է «Առաջաբանից» (որտեղ թվարկված են մատենագիրները՝ Ագաթանգեղոսից մինչև Վանական Վարդապետ) և 65 գլխից: Բաժանված է երկու մասի: Առաջինը Գրիգոր Ա Լուսավորչի և թաթար-մոնղոլական արշավանքների միջև ընկած ժամանակաշրջանի համառոտ, երկրորդը՝ մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի հանգամանալի պատմությունն է: Սկզբնաղբյուր են ծառայել օտար ու հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Սքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամվել Անեցի, Վանական Վարդապետ և այլոք) երկերը, արձանագրություններ, աստվածաբանական, եկեղեցական, կանոնական փաստաթղթեր, դիվանական վավերագրեր, նամակներ, բանավոր տեղեկություններ և այլն: Երկի երկրորդ մասում Կիրակոս Գանձակեցին, որպես դեպքերին ականատես, տեղեկություններ է հաղորդում մոնղոլների՝ Հայաստան կատարած արշավանքների, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական, տնտեսական պատմության, Հայաստանի հայ իշխանների, Կիլիկիայի հայկական պետության և մոնղոլների փոխհարաբերությունների մասին: Պատմությունը կարևոր նշանակություն ունի նաև հիշյալ իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ աղբյուրների (իրաական., արաբական և այլն) արժանահավատությունն ստուգելու առումով: Այն գնահատել և օգտագործել են Կիրակոս Գանձակեցու ժամանակակիցները՝ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, հավանաբար նաև պարսիկ պատմիչ Ռաշիդ Էդ Դինը (1247–1318) և այլոք:

Կիրակոս Գանձակեցու երկը մեզ է հասել 47 ընդօրինակություններով (31-ը պահվում է Մատենա-դարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Կ. Պոլսի, Ս. Պետերբուրգի մատենադարաններում ու գրադարաններում և մասն. հավաքածուներում): Առաջին անգամ հրատարակվել է 1858-ին, Մոսկվայում, գիտաքննական հրտ.՝ 1961-ին, Երևանում՝ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ: Ֆրանսերեն լույս է տեսել 1870-ին՝ Ս. Պետերբուրգում, ռուսերեն՝ 1976-ին, Մոսկվայում: Առանձին հատվածներ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և լատիներեն տպագրվել են դեռևս XIX դ.:

Կիրակոս Գանձակեցին գրել է նաև թղթեր (մեզ չեն հասել)՝ ուղղված Վանական Վարդապետին, Վարդան Արևելցուն և այլոց, Աստվածածնի Վերափոխման շարականը, Պողոս եպիսկոպոսի վարքը (զետեղված է 1253–69-ին իր իսկ հարմարեցրած և լրացրած «Յայսմաւուրքում». պահվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում):

Երկ. Հայոց պատմություն, Ե., 1982:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ