haymard

Երեքշաբթի, 16 Ապրիլի
www.HayMard.am

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Գրող

Ծնվել է՝ 1120 - Մահացել է՝ 1213

Կենսագրությունը

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [1120-ական թթ., Գանձակ (այժմ՝ Գյանջա) – 1213, Նոր Գետիկի վանք (այժմ՝ Գոշավանք` ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում)], օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Մեկնել է Կիլիկիա. թաքցնելով վարդապետական աստիճանը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ, վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադարձել է նախ Գանձակ, ապա տեղափոխվել Խաչեն, այնտեղից էլ՝ Գետիկի վանք: Վանքի՝ երկրաշարժից ավերվելուց հետո Զաքարե Բ Մեծ և Իվանե Ա իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկի վանքը և հանգրվանել այնտեղ: Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել իբրև «այր իմաստուն, վարդապետական ուսմամբ հռչակեալ», եղել է նաև Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Թեև Մխիթար Գոշի առակներում պատմական անձերի անուններ չեն հիշվում, բայց նրանցից շատերը երբեմն ավելի շատ բան են տալիս Հայաստանի պատմությունը ճիշտ հասկանալու համար, քան իրար կրկնող միջնադարյան ժամանակագիրների տասնյակ էջերը»: /Հովսեփ Օրբելի/

«Իր առաջադիմական հայացքներով Մխիթար Գոշը վեր է կանգնած ժամանակակիցներից և կանխել է անգամ հետագա դարերի ականավոր շատ մտածողների»: /Էմանուել Պիվազյան/

Գործունեությունը

Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարէութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի եւ եղբօր իւրոյ□ («Արարատ» ամսագիր, 1900–01), «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», առակներ, «Գիրք դատաստանին» («Դատաստանագիրք հայոց»):

Գոշի «Գիրք դատաստանին» միջնադարյան իրավունքի հայկական հուշարձան է: Կազմվել է 1184-ին: Բաղկացած է նախադրությունից (10 գլուխ) և 151 հոդվածից: Աղբյուրներն են մովսիս. օրենքները, հայոց կանոնական, սովորութային իրավունքները: Կիրառվել է բուն Հայաստանում և հայկական գաղթավայրերում՝ Լեհաստանում, Աստրախանում, Վրաստանում, Սուդանում (առ այսօր) և այլն: Առաջին անգամ հրատարակել է Վ. Բաստամյանը` 1880-ին: Թարգմանվել է լատիներեն, լեհերեն, ղփչաղերեն, վրացերեն, ռուսորոն: Ընդգրկում է իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստները, հասարակական հարաբերությունների բազմազան բնագավառները՝ քրեական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական և պետական իրավունքները: Գիրքը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև հայ ժողովրդի կյանքի ու կենցաղի մասին: Դատաստանագրքի շուրջ 40 ձեռագիր, այդ թվում՝ հնագույնը (ձեռ. թիվ 488), պահվում է Մատենադարանում:

Եթե հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային-ընկերային նոր հարաբերությունները Մծիթար Գոշը Դատաստանագրքում աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակների ժողովածուում (90 առակ` երեք բաժիններով՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք», «Առակք ստեղծականք») նույն նպատակին ձգտում է հասնել խրատականությամբ: Առակների նյութը հիմնականում հասարակական, սոցիալական ու կենցաղային խնդիրներն են: Մխիթար Գոշը ձգտում է մեղմել հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով: Ե՛վ առակներում, և՛ Դատաստանագրքում Մխիթար Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծարծում: Մխիթար Գոշի առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական գեղարվեստական երկ: Այս ժողովածուով XII դ. հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը՝ իր հետ բերելով ժողովրդական ոգի և մտածողություն` ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ: Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում. թարգմանվել են ֆրանսերեն, ռուսերեն:

Մխիթար  Գոշի արձանը կանգնեցված է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:

Երկ. Կաթողիկոսք եւ դէպք Աղուանից աշխարհին ի մէջ ժԲ դարու, տես Ալիշան Ղ., Հայապատում, մաս 2, Վնտ., 1901:

Առակներ: Տեքստը ձեռագրերի համեմատու-թյամբ և ներածությունը՝ Էմ. Պիվազյանի, Ե., 1951: Գիրք դատաստանի (աշխատասիր.՝ Խ. Թորոսյանի), Ե., 1975:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Մխիթար Գոշի մասին.   
«Թեև Մխիթար Գոշի առակներում պատմական անձերի անուններ չեն հիշվում, բայց նրանցից շատերը երբեմն ավելի շատ բան են տալիս Հայաստանի պատմությունը ճիշտ հասկանալու համար, քան իրար կրկնող միջնադարյան ժամանակագիրների տասնյակ էջերը»: /Հովսեփ Օրբելի/

«Իր առաջադիմական հայացքներով Մխիթար Գոշը վեր է կանգնած ժամանակակիցներից և կանխել է անգամ հետագա դարերի ականավոր շատ մտածողների»: /Էմանուել Պիվազյան/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ