haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 1893 - Մահացել է՝ 1958

Կենսագրությունը

ԴԱՆԻԵԼՅԱՆ Հայկանուշ Բաղդասարի [3(15). 12.1893, Թիֆլիս – 19.4.1958, Երևան], երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): Մ.Հ. Հարությունյանի մայրը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939): Ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (1920): 1922–32-ին՝ Թիֆլիսի օպերային, 1932-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների մեներգչուհի:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1943–51-ին Դանիելյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1949-ից), 1949–52-ին՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն: Նրա գեղեցիկ և մաքուր ձայնը հավասարապես է հնչել բոլոր ռեգիստրներում: Դերերգերից են՝ Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Ջիլդա, Վիոլետա, Դեզդեմոնա (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Բատերֆլայ (Պուչչինիի «Չիո-Չիոսան»), Լակմե (Դելիբի «Լակմե»), Մարգարիտ Վալուա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Անտոնիդա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Մարո (Փալիաշվիլու «Դաիսի») և այլն: Դանիելյանը հայ վոկալ արվեստի խոշոր վարպետ էր, հայ երգի և ռոմանսի նուրբ մեկնաբան: Երգացանկում էին Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ.Մելիքյանի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի ռոմանսներն ու երգերը:

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1946): Դանիելյանի անունով է կոչվել Երևանի երաժշտական դպրոցներից մեկը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ