haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 1864 - Մահացել է՝ 13/04/1904

Կենսագրությունը

«Մեր հույսը պետք է լինի մեզ վրա միայն, առաջ գնալ և մեռնել Սուրբ նպատակի համար: Այդ է միայն մեր փառքն ու պսակը»:

«Գերեզմանիս թող արձանին վրա գրեն՝ Հաղթության կոթող է սա»: /Հրայր Դժոխք/

Արմենակ Ղազարյանը՝ Հրայր Դժոխքը, մեր այն գործիչներից է, որոնց կյանքն ու գործը արժանի են առանձին հատորով ներկայացնելու: Ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի մեջ սնված և իմաստավորված, իր ամբողջ կյանքը ժողովրդին նվիրած բացառիկ կերպար էր Հրայրը, որը իր մեջ խտացրել էր Մամիկոնյանների քաջությունը և Բագրատունյաց խոհականությունը: Մարմնով վտիտ, մտքով ու հոգով մեծ՝ Հրայրն իր ուրույն դրոշմը դրեց Տարոնի ազատագրական պայքարի, ընդհանրապես, Դաշնակցության հեղափոխական գործունեության վրա: Արմենակ Ղազարյանը ծնվել է Սասունի Խուլփ գավառակի Ահարոնք գյուղում՝ 1864 թվականին: Դեռ մանուկ էր, երբ ծնողները տեղափոխվեցին Մուշի Ղդրղալաճ գյուղը: Հայրը ուսումասեր քահանա էր և իր որդուն էլ ջանաց լավ կրթություն տալ: Պատանի Արմենակը իր ուսումը և մտավոր-բարոյական դաստիարակությունը ստացավ Ս. Կարապետ վանքի վանական դպրոցի հայրենասիրական մթնոլորտում: Եվ ութսունական թվականների վերջերին ավարտելով դպրոցը՝ նա այնտեղից դուրս եկավ արդեն ազգային զգացմունքներով տոգորված հասուն երիտասարդ: Տարոնի կյանքի հուզումնալից ժամանակաշրջանն էր: Օդը հագեցած էր հայրենասիրական-հեղափոխական տրամադրություններով: Արաբոյի, Մարգար վարժապետի անունները բոլորի շուրթերին էին: Կովկասից Ս. Կարապետ ուխտի էին գալիս խորհրդավոր մարդիկ, որոնք ըմբոստ մտքեր էին արտահայտում: Գյուլիզարի դեպքը՝ 1889 թվականի, ցնցել էր բովանդակ հայությանը: Տարոնը եռուզեռի մեջ էր: Եվ երբ Մուշ եկան Հնչակյան Մուրադը և Մ. Տամատյանը, հողն արդեն պատրաստ էր հեղափոխական գործունեության համար: Արմենակը, որը մինչ այդ բռնել էր հեղափոխական պայքարի ճանապարհը, ընկերանում է նրանց հետ և օգնում հնչակյանությունը Տարոնում հաստատելու գործում: Նա շրջում է գյուղից-գյուղ, քարոզում և կազմակերպում է գյուղացիությանը: Նորանոր ուժեր են զինվորագրվում հեղափոխության գործին, ինչպես Գևորգ Չավուշը և ուրիշներ: Նախապատրաստվում է Սասունի ապստամբությունը, դա 1894 թվականին էր: Հնչակյանների ձեռնարկի տխուր վախճանը հայտնի է: Կուսակցության կենտրոնը Լոնդոնից արձագանք չտվեց Մուրադի դիտումներին: Դաշնակցությունից ստացած համեստ օժանդակությամբ Մուրադն անզոր էր Սասունը պաշտպանել թուրքական ուժերից, և արծիվների բույնը ընկավ թշնամու ձեռքը: Մուրադը ձերբակալվեց: Ապստամբ ուժերը նույնպես ձերբակալվեցին կամ ցրիվ եկան: Արմենակը, որն այժմ արդեն հայտնի էր Դժոխք, Հրայր անուններով, հիասթափված ու դառնացած անցավ Կովկաս, այնտեղից՝ Ռումինիա՝ իր հետ տանելով հայրենիքի ավերման բոթը և անհուն ցասում կուսակցության ղեկավարների դեմ:

Գործունեությունը

Դեռ Տարոնում նա տեղյակ էր Դաշնակցության մասին և Մուրադի պես իր թղթակցությունները ուղարկում էր հավասարապես «Հնչակ»-ին ու «Դրոշակ»-ին: Կովկասում նա ավելի մոտիկից ծանոթացավ Դաշնակցությանը, կապեր հաստատեց կուսակցության մարմինների և գործիչների հետ: Իսկ Ռումինիայում նա իր շուրջը հավաքագրեց պանդուխտ հայրենասերների և 1895 թվականին հայտնվեց Կովկասում՝ հայրենիք վերադառնալու որոշումով: Այստեղ նա մտավ Դաշնակցություն կուսակցության շարքերը և ՀՅԴ բյուրոյի որոշմամբ Արամ Արամյանի հետ մոտ 50 հոգանոց խմբով մտավ Բասեն, ուր նախօրոք փոխադրված էր զենք ու ռազմամթերք: Հրայրի նպատակն էր՝ կազմակերպելով Բասենի շրջանը՝ հետզհետե անցնել դեպի Խնուս ու Տարոն, բոլոր այդ վայրերում ստեղծել հեղափոխական խմբեր: Բասենում Հրայրն ու Արամյանը դարձան տարածաշրջանի հեղափոխական գործունեության ոգին: Մանավանդ Հրայրը, որն իր համեստությաբ, նաև հավատավոր ու համոզիչ խոսքերով ջերմ համակրանք գտավ գյուղացիության մեջ: Սուլթանհամիդյան օրերին Հրայրի և Արամյանի կազմած ինքնապաշտպանական խմբերը Բասենի շրջանի բնակչությանը փրկեցին ջարդերից: Հրայրի՝ այդ օրերի տրամադրությունը ցույց տալու համար մեջբերենք մի հատված Կարսի ընկերներին գրած 1895 թվականի նոյեմբերի 28-ի նամակից, «Վստա՛հ եղեք,- գրում է նա,- որ գիշեր ու ցերեկ անքուն շրջում եմ. Եթե գտնեմ մի փոքր հարմարություն, անդադար պիտի գործեմ, մինչև վերջին շունչս: Եթե գիտենամ, որ այս ժողովրդի արյունն իզուր պիտի կորչի, և այդ Արջը (Ռուսաստանը) պիտի գրավի, ավելի գերադասելի եմ համարում այնպես խառնել, որ մի հայ չմնա կողմերս, քան թողնվեն գերի այդ Արջին»: Անշուշտ, զայրույթի վայրկյանին ասված խոսքեր են: Հրայրն այն մարդկանցից չէր, որ թեթև սրտով վարվեր ժողովրդի հետ, որի հանդեպ անսահման սեր, գութ ու պաշտամունք ուներ: Երկրի անտանելի, հուսահատ վիճակն էր, որ այդպիսի պոռթկումների առիթ էր տալիս նրան: Նույն հեռատեսությունը Հրայրն ուներ նաև Եվրոպայի հանդեպ: «Դրոշակ»-ի խմբագրությանը ուղղված 1896 թվականի մայիսի 6-ի նամակում նա գրում էր. «Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք: Նա արյան և անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահերը»:

Հրայրը Բասենում մնաց մինչ 1896 թվականի ամառը: Նա կենդանի հարաբերությունների մեջ էր Տարոնի, Կարինի, Կովկասի մարմինների հետ, թղթակցություններ էր ուղարկում «Դրաշակ»-ին: 1896 թվականի հունվարին կարճ ժամանակով անցան Կարս՝ զինվորական խորհրդին մասնակցելու համար: Նոր էր վերադարձել Բասեն՝ հուլիսի 2-ին, երբ ձերբակալվեց Քեոփրիքեոյ գյուղում ու նետվեց Կարինի բանտը: Հրայրը Արամյանից բախտավոր գտնվեց, մինչ առաջինի մահվան դատավճիռը գործադրվեց, Հրայրը ներման արժանացավ և վերադարձավ հայրենի գյուղը, ուր գրագրի պաշտոն ստանձնելով՝ շարունակեց հեղափոխական աշխատանքը: 1898 թվականին նորից ձերբակալվեց, այս անգամ կարճ ժամանակով, և, տեսնելով, որ այլևս անհնար է ազատ ապրել, կառավարական հետապնդումը օր-օիր սաստկանում է, անցավ ընդհատակ, ամբողջովին նվիրվեց հեղափոխական գործունեությանը: 1901 թվականին անցավ Վան և Վարդգեսի հետ մշակեց Տարոնի ու Վասպուրականի նահանգներում գործունեության ընդհանուր ծրագիր-կանոնագիրը: 1902 թվականին Հրայրը զբաղված էր Սասունում, ուր համախմբված էին մարտական ուժերը՝ Անդրանիկի գլխավորությամբ: Այդ ժամանակ նա արդեն կենտրոնական ղեկավար դեմք էր՝ մեծ հեղինակություն բոլորի համար, ժողովրդի սիրելին: Միշտ տխուր, թախծոտ ու մտախոհ, մարմնով՝ տկար, սակայն հզոր ուժ ու կամք կար այդ առաքելակերպ անհատականության մեջ, անսահման նվիրում իր ժողովրդին ու ազգային դատին: Այդ են հաստատում Հրայրի այդ օրերի թղթակցություններն ու նամակները: Վրա հասան 1904 թվականի Սասունի դեպքերը: Թուրք կառավարությունը որոշել էր քարուքանդ անել արծիվների բույնը: Սասունը պատրաստվում էր օրհասական դիմադրության՝ Անդրանիկի, Վահանի, Մուրադի, Հրայրի և ուրիշ անձնվեր քաջերի գլխավորությամբ: Պայթեց կռիվը, և առաջին զոհերից մեկը եղավ Հրայրը, որն ընկավ ապրիլի 13-ին՝ թշնամու գնդակից: Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում: Հրայր Դժոխքի մահն անփոխարինելի կորուստ էր Հայ հեղափոխական դաշնակցության, մասնավորապես Տարոնի հայության համար:

ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Սասնա գավառ սև՛, լալագին. Չկա՛ր նման Արմենակին, Առավոտյան ժամը հինգին Հաշի՜վ չկար թուրքաց զորքին... Կանչեց փաշան՝ Անդրանիկը. «Զարկվե՜ց պարոն Արմենակը- Եղավ հայոց նահատակը... Թաղում Սասնա ժամու բակը»: Թուրքաց զորքի տեղը ձյուն էր, Ձյունի երեսն արյունո՛տ էր, Կերած լեղի՛, խմած թույն է՛ր. Թուրքաց զորքը հույս մի չուներ... Թուրքաց զորքը թնդանոթով, Հայ քաջերը՝ մոսիններով, Քաջ Անդրանիկ փայլու՛ն սրով Ջարդե՛ց թուրքեր հազարներով: Քա՛ջ Գևորգը հաստ ու կարճ էր, Մոսին ձեռքին՝ ասես խա՛րճ էր, Ընկերներից միշտ առաջ էր, Թուրք բեկերին շա՛տ կջարդեր: Թուրքաց զորքը թե բարձրանար, Գևորգ Չավուշ կուրախանար, Կասեր. «Տղե՜րք դուք բռնեք պար՝ Ե՛ս կը ջարդեմ թուրքաց հազար»:

Նկարները
Տեսանյութերը

ԱՐմենակ ՂԱԶԱՐԵԱՆի (ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ) ...

Մեր մեծերը - Հրայր Դժողք...

Հրայր Դժոխք

Ներսիկ Իսպիրյան-Հրայր Դժոխք...

Օգտագործող Գաղտնաբառ