haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է՝ 18/04/1926

Կենսագրությունը

ԹՈՐՈՍՅԱՆ Ջիմ Պետրոսի (ծ. 18.4.1926, Երևան), ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1968): ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1988): ՌԴ գեղարվեստական ակադեմիայի ակադեմիկոս (1983): Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (1993-ից՝ պրոֆեսոր) Մոսկվայի մասնաճյուղի (1992) ակադեմիկոս: Պ. Խ. Թորոսյանի որդին: Ավարտել է ԵՊԻ (1949) և Մոսկվայի Ճարտարապետության ակադեմիան (1954): 1954-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (1979-ից՝ պրոֆեսոր): 1962–64-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ: 1971–81-ին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ: 1958-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1989–90-ին Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը: Թորոսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964–69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1983), ԺԱԹ-ը (1982–85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980–2004)՝ ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների և այլն համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998–2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001) և այլն: Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962, Օշական), Վանի հերոսամարտի (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979), Մ. Նալբանդյանի (1966), Ե. Չարենցի (1985), Ալ. Մյասնիկյանի (1981, երեքն էլ՝ Երևանում), Ա. Իսահակյանի (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977) հուշարձանները, Մ. Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի ոսկե մեդալ), Վ. Սարոյանի մահարձանը (1989, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), Պարույր Սևակի տապանաքարը  (1972, գ. Զանգակատուն), Վ. Համբարձումյանի հուշաքարերը, (1998, Երևան, Բյուրական) և այլն: Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983):

ՌԴ Ճարտարապետության և շինինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ: Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001): Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ: Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ճարտարապետ Ջիմ Թորոսյան...

Ջիմ Թորոսյանը ավանդը Հայստանի ճա...

Օգտագործող Գաղտնաբառ