haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ՍԵՐԳԵՅ (ԱՐՄԵՆԱԿ) ԽՈՒԴՅԱԿՈՎ (ԽԱՆՓԵՐՅԱՆՑ)

Զինծառայող

Ծնվել է՝ 07/01/1902 - Մահացել է՝ 18/04/1950

Կենսագրությունը

ԽՈՒԴՅԱԿՈՎ Սերգեյ Ալեքսանդրի (Խանփերյանց Արմենակ Արտեմի) [26.12.1901 (7.1.1902), գյուղ Մեծ Թաղեր (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) – 18.4.1950], զորավար, ավիացիայի մարշալ (1944): Ավարտել է Թիֆլիսի հրամկազմի կատարելագործման հեծելազորային դասընթացները (1922), Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան (1936): 1917-ի դեկտեմբերից ծառայել է Կարմիր գվարդիայում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1918-ին Խուդյակովը մասնակցել է Բաքվի պաշտպանությանը (այստեղ էլ ընդունել է իր զոհված հրամանատարի ազգանունն ու անունը՝ Խուդյակով Ս.Ա.): Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուկրաինայում եղել է դասակի և էսկադրոնի հրամանատար, 1924–28-ին՝ գնդի դպրոցի պետ, 1928–31-ին՝ հեծյալ գնդի շտաբի պետ, 1936–37-ին՝ Բելոռուսիայում ավիաբրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ, 1937–38-ին՝ ռազմաօդային ուժերի շտաբի օպերատիվ բաժնի պետ, 1938–40-ին՝ ռազմաօդային ուժերի թիկունքի ղեկավարման պետ, 1940–41-ին՝ Բելառուսիական հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ շտաբի պետ: Հայրեն. պատերազմի (1941–45) ժամանակ՝ Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ շտաբի պետ, 1942-ի փետր.՝ ՌՕՈւ պետ, 1942-ի մայիսից՝ խորհրդ. բանակի ՌՕՈւ շտաբի պետ, հունիսից՝ 1-ին օդային բանակի հրամանատար, 1943-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ շտաբի պետ և հրամանատարի տեղակալ: Խուդյակովի հրամանատարությամբ ավիացիոն միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին: 1943-ին համակարգել է Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների ավիացիայի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում: 1945-ին, որպես խորհրդային պատվիրակության անդամ, մասնակցել է Յալթայի (Ղրիմի) կոնֆերանսին: 1945-ի հունիսից՝ 12-րդ օդային բանակի հրամանատար, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում: Խուդյակովը զոհ է դարձել անհատի պաշտամունքի շրջանի կամայականություններին: Անհիմն ձերբակալվել է (1945) և գնդակահարվել (1950), հետմահու արդարացվել:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ