haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՔՐԻՍՏԱՓՈՐ (ԽԱՉԱՏՈՒՐ) ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 18/02/1853 - Մահացել է՝ 27/03/1902

Կենսագրությունը

ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի [18.2(2.3).1853, Կարասուբազար (այժմ՝ քաղաք Բելոգորսկ՝ Ղրիմի մարզում) – 27.3(9.4).1902, Թիֆլիս], կոմպոզիտոր, խմբավար, հասարակակն գործիչ: Կազմակերպել է դրամատիկական ու երաժշտական սիրողական խմբեր: 1882-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում ու Բաքվում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1885-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում տղամարդկանց փոքրակազմ երգչախմբով տվել է հայկական առաջին խմբերգային համերգը: Հյուսիսային Կովկասի ու Հարավային Ռուսաստանի գրեթե բոլոր հայաբնակ կենտրոններում ստեղծել է ժողովրդական երգչախմբեր (90-ից ավելի): 1890-ին Բաքվի Թաղիևի թատրոնում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ»-ից հատվածների հայկական բեմականացումը: 1892–93-ին աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1894-ին՝ Շուշիում: 1895-ին Բաքվում երգչախմբի և նվագախմբի հետ ներկայացրել է Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, եղել «Մշակի» թղթակից: Կարա-Մուրզայի երգչախմբերում են մասնագիտացել ապագա նշանավոր երգիչներ Ն. Շահլամյանը, Բ. Ամիրջանյանը, Մ. Վարդիկյանը և ուրիշներ:

Կարա-Մուրզան գրել է հայ բանաստեղծների խոսքերով երգեր, գործիքային պիեսներ, թատերական երաժշտություն, «Շուշան» (ըստ Ատրպետի) անավարտ օպերան: Նշանակալի են առանց նվագակցության (շուրջ 300, հրտ.՝ 25 նմուշ, «Խմբերգեր», Ե., 1978) գյուղ. («Ալագյազ», «Քեզի մեռնեմ», «Գացեք տեսեք» և այլն), քաղաքային («Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր» և այլն) և աշուղական երգերի քառաձայն մշակումները: Կարա-Մուրզա արևելահայ երաժշտության մեջ հիմնել է հոմոֆոն-ակորդային բազմաձայն ավանդույթը: Նրա խմբերգերը զգալիորեն նպաստել են ազգային երաժշտալեզվի զարգացմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Քրիստաթոր Կարա-Մուրզա...

Գացեք Տեսեք

Օգտագործող Գաղտնաբառ