haymard

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի
HayMard.am

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ

Հեթանոս Աստված

Կենսագրությունը

ՀԱՅԿ, Հայկ Աղեղնավոր, հայ ժողովրդի անվանադիր նախնին և ռազմի գերագույն աստվածը` ըստ հին հայոց ծննդաբան. դիցավեպի: Ասորի պատմագիր Մար Աբաս Կատինայի պատմությունից բանաքաղությամբ այդ մասին ավանդել են Մովսես Խորենացին և Սեբեոսը: Առանձին պատառիկներ պահպանվել են Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և այլոց երկերում, ինչպես նաև ժողովրդական զրույցներում: Ըստ դիցավեպի` քաջ աղեղնավոր և դյուցազն Հայկը եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը, այդ երկրի արյունակից իշխանների գերագույն հայրը, նրանց անկախության ու ազատության հովանին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բաբելոնից Արարադի երկիրը Հայկի գաղթելու ավանդությունը, որը չի միահյուսվում բուն դիցավեպի էությանը, հորինվել է Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո՝ Աստվածաշնչի Բաբելոնյան աշտարակաշինության և մարդկային ցեղերի աշխարհասփռման առասպելին հարմարեցնելու ազդեցությամբ: Ջիվանշիր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասյան լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հայկին ժառանգություն է թողել հայրը՝ Թորգոմը: Հայկը, որը նախապես հարկատու էր աշշուրա-բաբելոնյան բռնապետ աստված Բելին (Նեբրովթ), ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի գերիշխանությունը: Հայկին պատժելու և նրա երկիրը նվաճելու նպատակով՝ Բելը մեծ զորաբանակով ներխուժել է նրա բնակության սահմանները: Կադմոս թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը զորք է հավաքել և Հարք գավառից հասել Վանա լճի ափը: Վճռական ճակատամարտում Բելին սպանելուց հետո Հայկը վերադարձել է իր բնակատեղին (Հարք): Ի պատիվ հաղթանակի՝ Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետահարվել է Բելը, Հայկն անվանել է Գերեզմանք: Այնուհետև երկիրը և նրա բնակիչները Հայկի անունով կոչվել են Հայք ու հայեր:

Հայկի և Բելի դիցավեպն ակներևորեն վերաբերում է Ուրատու-Արարատյան և աշշուրա-բաբելոնյան տերությունների ժամանակներին (մ.թ.ա. IX–VII դդ.): Հայկն անձնավորել է Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Այստեղից էլ՝ Հայկից հայ ժողովրդի սերելու դիցավեպը:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել երկնքի ամենապայծառ աստեղատունը՝ նույնացնելով աղեղնավոր որսորդ Օրիոնին (Աստվածաշնչի հայ թարգմանիչներն Օրիոն աստղանունը թարգմանել են Հայկ): Հայկն երբեմն նույնացվել է Հրահատ (Մարս) մոլորակին: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ժողովրդական ավանդություններում Հայկը համարվում է նաև հայոց առաջին տոմարադիրը (հայկական տոմարի սկիզբը կապվում է Հայկի Բելի դեմ կռվում տարած հաղթանակի հետ` մ.թ.ա. 2492), ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը, իսկ տարվա ամիսներն իբր կոչվել են Հայկի ուստրերի և դուստրերի անուններով:

Երևանում կանգնեցվել է «Հայկ Նահապետ» հուշարձանը (1970, քանդ.՝ Կ. Նուրիջանյան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ ՄԱՍ_1_2...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ ՄԱՍ_2_2...

Հայկ նահապետի հետքերով...

Հայկ և Բել

Օգտագործող Գաղտնաբառ