haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 31/10/1874 - Մահացել է՝ 18/08/1947

Կենսագրությունը

ՇԱՀԻՆ Էդգար Պետրոսի (31.10.1874, Վիեննա – 18.3.1947, Փարիզ), նկարիչ: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1890– 1992),1893-ից հաճախել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիան: 1896-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Անապաստանը», 1899, և այլն) մասնակցել է «սալոններին»: 1899-ին ճանաչման է հասել փորագրություններով: 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինն արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ, 1901-ին մասնակցել է Վենետիկի բիենալեին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1903-ին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան: Շահինը փորագրություններում [«Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ: Ապուրի հերթում», երկուսն էլ՝ 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910, և այլն] կիրառել է փափուկ լաք, աքվանտինտա՝ նախապատվությունը տալով օֆորտին, որը հասցրել է կատարելության:

Համադրելով գործողության հաջորդական պահեր և պահպանելով բնականությունը՝ Շահինը հասել է ռեալիստական խոր արտահայտչականության: 1905-ին և հետագայում նա ճամփորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՜նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», 1922–25): 1930-ին Բրետանի և Լա Մանշի ափերին ստեղծել է «Կրաուզիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» բնանկարների շարքը:

Հաստոցային գրաֆիկային զուգահեռ Շահինը ձևավորել է նաև գրքեր (Ֆլոբերի «Նոյեմբեր», 1927, և այլն):

Շահինի ստեղծագործությունը հայ մշակույթի և XX դ. սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է՝ ուրույն մտածելակերպով և ազգային ինքնատիպությամբ:

Ֆրանսիայի գեղարվեստագետների ազգային ընկերության նախագահության (1908), Թիֆլիսի Հայ արվեստագետների միության (1916), Փարիզի «Անի» խմբակցության (1926, 1929-ից՝ նախագահ), Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր (1928), Հայ ազատ արվեստագետներու միության (1931), ֆրանսիական «Անկախներ» խմբի (1933) անդամ:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1936), Թբիլիսիում (1936), Լենինգրադում (1940): 1974-ին և 1994-ին Երևանում բացվել են Շահինիի ծննդյան 100 և 120-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ: Շահինը Հայաստանին է նվիրել 160 աշխատանք: Գործերից պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում, Էրմիտաժում (Ս. Պետրեբուրգ), Պուշկինի անվան կերպարվեստի (Մոսկվա) և այլ թանգարաններում: 1995-ին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինի թանգարանը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Էդգար Շահին

Օգտագործող Գաղտնաբառ