haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՇԼԴՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 20/08/1900 - Մահացել է՝ 01/04/1985

Կենսագրությունը

ՇԼԴՅԱՆ (Շիլդյան) Գրիգոր Հովհաննեսի [(20.8. 1900, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) –1.4.1985, Հռոմ], նկարիչ: 1919-ին Շլդյանը մեկնել է Կ. Պոլիս, ապա՝ Վիեննա, հաճախել տեղի գեղարվի ակադեմիան: 1923-ից հաստատվել է Իտալիայում: Եղել է «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետների միության անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Շլդյանը հավատարիմ է մնացել դասական արվեստի սկզբունքներին (հատկապես՝ իտալացի նկարիչ Կարավաջոյի), որոնք համադրել է ժամանակի գեղարվեստի խնդիրների հետ: Հեղինակ է թեմատիկ և խորհրդանշական հորինվածքների, դիմանկարների ու նատյուրմորտների («Բաքոսը գինետանը», 1936, «Խաբկանք», 1941, «Թափառաշրջիկներ», 1942, «Պատմության մի էջ», 1942, «Ֆիլատելիստը», 1947, «Գրքասերը», 1957, «Գողերի դպրոցը», 1957, «Երկու տարիք», 1957, «Մոդեռնիստների դպրոցը», 1958, և այլն): Շլդյանի արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, մեղմասփյուռ լուսաստվերը, ներհուն հայեցողականությունը, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը:

Շլդյանը Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում ձևավորել է Կ. Վեբերի, Ս. Պրոկոֆևի, Գ. Դոնիցետտիի, Ֆ. Շուբերտի, Ի. Ստրավինսկու ստեղծագործությունների բեմադրությունները, նկարազարդել Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ ջրաներկ թերթեր) և այլն:

1958-ին Շլդյանն այցելել է Հայաստան, Ս. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայրը» նկարը: Հեղինակ է աշխատությունների, որոնցից արժեքավոր է «Գեղանկարչության տրակտատը» (իտալերեն, 1976):

Անհատական ցուցահանդեսներ՝ Հռոմում (1926), Փարիզում (1927), Մոսկվայում (1982) և այլուր: Գործերից պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և ՀԱՊ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ