haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 08/11/1830 - Մահացել է՝ 26/08/1892

Կենսագրությունը

ՊԱՏԿԱՆՅԱՆ Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա [8(20).11.1830, Նոր Նա-խիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) – 26.8(7. 9).1892, Նոր Նախիջևան], բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Ս. Պատկանյանի որդին: Սովորել է հոր հիմնադրած դպրոցում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1843–49): 1863–64-ին՝ «Հյուսիս» (Ս. Պետերբուրգ) շաբաթաթերթի խմբագիր: 1850–51-ին «Արարատ» (Թիֆլիս) շաբաթաթերթում տպագրել է «Պանդուխտ հայ ի Փարէզ», «Զարմայր նահապետի մահը» պոեմները, «Առաւօտեան երգ շինականաց», «Երեկոեան երգ շինականաց» բանաստեղծությունները:
Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
   Ազատությունը չի շնորհվիլ. Այն կամ կխլվի քաջությամբ, կամ կվաստակվի ջանք ու ճիգով: Շնորհված ազատությունը, ինչպես և ստացված փողը, շատ վատ գնահատվում է և շատ շուտ կորցվում:
   Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի մեջ. վասն զի ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատուաւոր մարդ է մարդկութեան աչքում:

 

Գործունեությունը

Պատկանյանի առաջին պոեմում հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն VI-ի կերպարն է, որի միջոցով Պատկանյանն արծարծել է ազգային ինքնագիտակցության գաղափարը: Երկրորդ պոեմում, որը ներկայացնում է անտիկ շրջանի պատմության մի դրվագ, հեղինակն անդրադառնում է հայրենիքի անկախության գաղափարին: Պատկանյանը հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից է: 1851-ին ընդունվել է ՄՊՀ բժշկական ֆակուլտետը: Մտերմանալով պատմության ֆակուլտետի ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ՝ հիմնել է «Գամառ Քաթիպա» գրական ընկերությունը (անունը կազմվել է հիմնադիրների անուն-ազգանունների սկզբնատառերից և առաջին վանկերից, հետագայում Պատկանյանն այն դարձրել է իր կեղծանունը): 1854-ին ընդունվել է Ս. Պետերբուրգի համալսարանի արևլելագիտության ֆակուլտետը: 1855-ին լույս է տեսել «Գամառ Քաթիպայի» առաջին պրակը՝ «Գրէ այնպէս, ինչպէս որ խօսում են, խօսէ այնպէս, ինչպէս որ գրում են» բնաբանով: Պատկանյանն իր բանաստեղծություններում («Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը», երկուսն էլ՝ 1856) ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: 1859-ին Պատկանյանը դարձել է Մ. Բուդաղյանի Ս. Պետերբուրգում հիմնադրած «Մանուկ Հայաստանի» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը: 1857–62-ին գրել է «Պատմութիւն Մեծին Պետրոսի... », «Նապոլէոն Բոնապարտ», «Մարտին Լիւթեր» (անտիպ) աշխատությունները, որոնց միջոցով ցանկացել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դեւ Մրուս», «Քեոռ Օղլի» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկների: 1863–64-ին «Հյուսիս» շաբաթաթերթում տպագրել է բանաստեղծություններ՝ նվիրված Զեյթունի հերոսամարտին: 1866-ին մեկնել է Նոր Նախիջևան. ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց ստեղծել է ազատաբաղձ գաղափարներով տոգորված, Նոր Նախիջևանի բարբառով գրված «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատէ» պատմվածքները, «Նոր Նախիջեւանի քնար□ (1878) ժողովածուն:

Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին ստեղծել է «Փառասէր», «Ես նշանած էի», «Տիկին եւ նաժիշտ» վիպակները: 1880-ին Պատկանյանի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որի տեսուչն է եղել մինչև կյանքի վերջը: Այդ տարիներին գրել է դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմութիւն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսին մասնակցող մեծ տերություններին: 1880-ական թթ. կեսին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումներն առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը կոչ է արել հայությանը զորավիգ լինել հայրենիքի փրկությանը: Նոր Նախիջևանի բարբառով գրած «Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսուխին Ավագը» և այլ պատմվածքներում ներկայացրել է հասարակական նոր հարաբերությունների հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը:

Երկ. Ընտիր երկասիրութիւններ, հ. 1–3, ՍՊԲ, 1893–1904:

Երկ. ժող., հ. 1–8, Ե., 1963–74:

Երկ., Ե., 1980:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հիմի էլ լռե՞նք -- խոսքերի հեղինա...

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ...

Ալ. Սպենդիարյան - Արևելյան օրորո...

Օգտագործող Գաղտնաբառ