haymard

Ուրբաթ, 24 Նոյեմբերի
HayMard.am

ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ

Կաթողիկոս

Ծնվել է՝ 29/09/348 - Մահացել է՝ 07/09/439

Կենսագրությունը

ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ, Իսահակ Պարթեվ, Մեծն Սահակ, սուրբ Սահակ [29.9.348, ք. Կեսարիա (այժմ` Թուրքիայի Կայսերի նահանգում) – 7.9.439, գ. Բլուր (Բագրևանդի գավառ), ամփոփվել է Աշտիշատում (Տարոնի գավառ)], Ամենայն հայոց կաթողիկոս 387-ից, քաղաքական և մշակութային գործիչ, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Հաջորդել է Ասպուրակես Ա Մանազկերտցուն: Ներսես Ա Մեծի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին: Երկար տարիներ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի, Կոստանդնուպոլսի ճանաչված դպրոցներում, տիրապետել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուների:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ձեռնադրվելով եպիսկոպոս՝ Սահակ Ա Պարթևն իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Վաղարշապատի Ս. Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Խոսրով Գ թագավորին, որը ջանում էր վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը: Սակայն Սասանյան արքունիքը 389-ին Խոսրով Գ-ին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևի հայրապետությունը համարել անվավեր: Հայոց նոր թագավոր Վռամշապուհի աջակցությամբ նա վերահաստատվել է իր աթոռին: Սահակ Ա Պարթևի միջնորդությամբ Պարսից արքա Վռամ III Կրմանը վավերացրել է հայ նախարարությունների Գահնամակը, Մամիկոնյաններին շնորհել 5-րդ պատվավոր գահը, Սահակ Ա Պարթևի փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին, ճանաչել Հայոց սպարապետ, ներում շնորհել Ամատունիներին և Կամսարականներին: Այնուհետև շուրջ քառորդ դար տևած խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն՝ իր տե-ղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ սերտ համագործակցելով, Վռամշապուհ արքայի և Առավան Հազարապետի հովանավորությամբ խթանել ազգային կրթության ու լուսավորության նոր վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405) հետո Սահակ Ա Պարթևի հրամանով արգելվել են օտար լեզուներով գրություններով ուսուցումները: Սահակ Ա Պարթևի 60 և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր՝ մաշտոցյան գրերը, ասորերենից և հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Սահակ Ա Պարթև...

Ս. Սահակ Պարթև Հայրապետ...

Օգտագործող Գաղտնաբառ