haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ

Քանդակագործ , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 13_րդ դար - Մահացել է՝ 13_րդ Դար

Կենսագրությունը

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ (ծ. և մ. թթ. անհտ), XIII դ. 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ: Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ: Գործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը և Սիսում: Պահպանվել են Թորոս Ռոսլինի ստորագրությամբ 7 պատկերազարդ մատյաններ՝ «Զեյթունի Ավետարանը» (1256), «Մալաթիայի Ավետարանը» (1268, երկուսն էլ՝ Մատենադարան, ձեռ. թիվ 10450, 10675), «Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռ. թիվ 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ), Ավետարաններ (1260, 1262, 1265) և Մաշտոց (1266, ձեռ. թիվ 251, 2660, 1956, 2027, բոլորը՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Թորոս Ռոսլինին են վերագրվում նաև երեք անստորագիր Ավետարանների՝ «Վասակ իշխանի Ավետարանի» (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. թիվ 32.18), «Հեթում Ա-ի Ավետարանի» (1266) պատառիկների և 1250 կամ 1251-ի Ավետարանի (բոլորը՝ Մատենադարան, ձեռ. թիվ 5458, 8321) մանրանկարները: Հետևելով հայկական մանրանկարչական արվեստում ընդունված պատկերագրական նորմերին՝ Թորոս Ռոսլինը երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է պատկերագրման տեսակը կամ ընդունել բյուզանդական հորինվածքներ: Մարգարեական գրությունների ոլորաթերթերը բռնած հինկտակարանային մարգարեներին տեղադրելով նորկտակարանային առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում՝ Թորոս Ռոսլինը ցույց է տվել Հին և Նոր կտակարանների դաշնությունը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված էին Հին կտակարանում: Ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է միաժամանակ XI դ. Անիի և XII դ. կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Մանրանկարներում Թորոս Ռոսլինը վերածնել է վաղ քրիստոնեական արվեստից հայտնի բազմաթիվ թեմաներ («Երեք մանկունք կրակե հնոցում», «Ահեղ դատաստան», Հովնան մարգարեի պատմության դրվագները և այլն), վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը:

Թորոս Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և հարուստ: «Զեյթունի Ավետարանում» առկա առանձին զարդագրեր, ինչպես և մարդագիր «Ե»-ն նորություն էին հայ գրքարվեստում: Թորոս Ռոսլինը բացառիկ տեղ է գրավում միջնադարյան արվեստի մեջ՝ Արևելյան և Արևմտյան եկեղեցիների մանրանկարչ-գեղանկարչական դպրոցների ներկայացուցիչների շարքում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին

Օգտագործող Գաղտնաբառ