haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ (ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 25/12/1902 - Մահացել է՝ 14/11/1976

Կենսագրությունը

ՍԱՐՅԱՆ (Բաղդասարյան) Գեղամ Բաղդասարի (25.12.1902, Թավրիզ – 14.11.1976, Երևան), բանաստեղծ, թարգմանիչ: ՀԽՍՀ (1967) և ՈւԽՍՀ (1972) մշակույթի վաստակավոր գործիչ: Ավարտել է Թավրիզի կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը (1920): 1922-ին հաստատվել է Հայաստանում. ուսուցչություն է արել Լենինականում, 1927–28-ին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928–31-ին՝ «Բանվոր» թերթերում, 1934–35-ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Լույս են տեսել Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները [«Շիրակի հարսանիքը» (1925), «Երկիր խորհրդային» (1930), «Երկաթե ոտնաձայներ» (1933), «Միջօրե» (1935), «Երեք երգ» (1936), «Բանաստեղծություններ» (1940), «Բալլադներ» (1944), «Հատընտիր» (1951), «Ընտրված էջեր» (1965), «Գրիգոր Դերեն» (1967), «Քրիզանթեմ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970), «Մտերիմ էջեր» (1972)], ինչպես նաև «Պատմվածքներ» (1928) ժողովածուն, «Օտար մարդը» (1929) վիպակը, «Հրաշալի սերունդ» (1950) չափածո վեպը և թատերգություններ:

Որպես քնարերգակ բանաստեղծ՝ Սարյանն անդրադարձել է սիրո, հայրենիքի, հայ ժողովրդի պատմական ճակատագրի, հայրենասիրության թեմաներին («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը», «Բալլադ սիրո և հերոսության», «Լուսանկարը» և այլն): Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքին են նվիրված Սարյանի բալլադները («Գյուլնարա», «Գյուլխանդա», «Իրանի») և խոհափիլիսոփայական ավանդազրույցները («Շահն ու Մեջնունը□, «Տղան և մահը», «Մարմարակերտ գեղուհին», «Դելֆրոշ և Էլ-Նուրի»): Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր: Սարյանը ստեղծագործել է նաև մանուկների համար: Թարգմանել է Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Հ. Հայնեի, Ի. Ճավճավաձեի, Մ. Տվենի, Տ. Շևչենկոյի ստեղծագործություններից:

ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946–50, 1962–66, 1970–71):

Երկ. Երկ., հ. 1–5, Ե., 1969–72:

Ընտ. երկ., Ե., 1974:

Բանաստեղծություններ և պոեմներ, Ե., 1982:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ