haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՄՈՒՐԱԴ ՍԵԲԱՍՏԱՑԻ (ԽՐԻՄՅԱՆ)

Զինծառայող

Ծնվել է՝ 1874 - Մահացել է՝ 1918

Կենսագրությունը

ՄՈՒՐԱԴ ՍԵԲԱՍՏԱՑԻ [Տոնական, Խրիմյան Մուրադ, Հակոբյան Մուրադ, 1874, գ. Կովտուն (Սեբաստիայի նահանգ) – 1918, Բաքու, ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը], հայ ազգ-ազատագրական պայքարի գործիչ, ֆիդայի: 1890-ական թթ. ՍԴՀԿ, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1903-ին Թորգոմի «Մրրիկ» հեծելախմբի կազմում ղեկավար մասնակցություն է ունեցել Սասունի 1904-ի ինքնապաշտպանությանը: Գելիեգուզանի անկումից (1904-ի ապրիլի 22) հետո, ճեղքելով պաշարման շղթան, հասել է Վան և այնտեղից ռազմամթերք հասցրել Սասուն: Օգոստոսին Սասունի կռվող ուժերի հետ նահանջել է Վան և անցել Կովկաս: 1905–06-ի հայ-թաթարական կռիվների ժամանակ Զանգեզուրում կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո անցել է Տարոն, ապա մեկնել Սեբաստիա՝ մինչև 1915-ը: Մեծ եղեռնի օրերին ապաստանել է (խմբով) լեռներում, ապա Սամսունով անցել Բաթում: 1916-ին Երզնկայում Սեպուհի հետ ձեռնարկել է «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը: 1918-ին, Կովկասյան ռուսական ճակատի քայքայումից հետո, գլխավորել է Երզնկայի մարտերը, կազմակերպել տեղի հայության գաղթ-նահանջը: Ալեքսանդրապոլի վրա հարձակվող թուրքերի դեմ կռիվը շարունակելու նպատակով Սեպուհի հետ եկել է Թիֆլիս, Հայոց ազգային խորհրդից և Արևմտահայ ապահովության խորհրդից փող, զենք ու զինամթերք պահանջել՝ նոր զորաջոկատ կազմելու համար: Մերժում ստանալով` անցել է Հյուսիսային Կովկաս` միջոցներ հայթայթելու հույսով: Սակայն Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի պատճառով, 2 ամիս անց ստիպված վերադարձել է Բաքու, որտեղ Ռոստոմի և Ս. Շահումյանի ղեկավարությամբ կռվել է թուրք-թաթարների դեմ և զոհվել:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մեր մեծերը - Սեբաստացի Մուրադ...

Օգտագործող Գաղտնաբառ