haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ

Պատմաբան , Գրող

Ծնվել է՝ 1208 - Մահացել է՝ 1276

Կենսագրությունը

ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ, Սմբատ Գունդստաբլ (1208–1276, զոհվել է Սարվանդիքարի ճակատա-մարտում), զորավար, պետական գործիչ, դիվանագետ, իրավագետ, պատմագիր Կիլիկյան Հայաստանում: Հեթումյանների հայ իշխանական և թագավորական տոհմից: Սպարապետության գործակալությունը վարել է 1226-ից. շուրջ 50 տարի հմտորեն կազմակերպել է երկրի պաշտպանությունը, թշնամիների դեմ մղել բազմաթիվ հաղթական մարտեր (1246-ին և 1259-ին՝ Իկոնիայի, 1276-ին` Եգիպտոսի սուլթանությունների դեմ և այլն): 1243-ին, երբ մոնղոլներն սպառնացել են Կիլիկյան Հայաստանի սահմաններին, Սմբատ  Սպարապետը և Կոստանդին պայլը Կեսարիայում բանակցել են մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ և կնքել փոխշահավետ պայմանագիր: 1248-ին մեկնել է Կարակորում, մոնղոլական Մեծ խանի հետ բանակցել Հեթում Ա-ի այցելության և հայ-մոնղոլական դաշնագրերի վավերացման պայմանների մասին: 1250-ին վերադարձել է հայրենիք, իսկ 1254-ին Հեթում Ա-ին ուղեկցել է Կարակորում, որտեղ Մանգու խանի հետ ստորագրել է հայ-մոնղոլական դաշնագիրը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սմբատ  Սպարապետն եղել է Հայոց գերագույն ատյանի՝ Վերին կամ Մեծ դարպասի անդամ, մասնակցել պետական գործերին և երկրի կառավարմանը: Երկրում հասարակական հարաբերությունները կարգավորելու համար 1265-ին կազմել է իր նշանավոր «Դատաստանագիրքը», որը գործադրվել է մինչև Կիլիկյան պետության անկումը (1375): 1265-ին հին ֆրանսերենից հայերեն է թարգմանել «Անտիոքի ազիսներ» դատաստանագիրքը:

Սմբատ Սպարապետը գրել է «Տարեգիրք» պատմական երկը, որը Մեծ Հայքում, Կիլիկյան Հայաստանում և այլուր կատարված քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունն է (բովանդակում է 951–1272-ի պատմությունը): Սմբատ  Սպարապետը հանգամանորեն շարադրել է հայ-բյուզանդական, հայ-արաբական, հայ-վրացական, հայ-սելջուկյան հարաբերությունները, մոնղոլների հետ ռազմական և քաղաքական կապերը, Հեթում Ա-ի Կարակորում կատարած ճանապարհորդությունը, հայերի արտագաղթը Մեծ Հայքից դեպի օտար երկրներ, դատապարտել խաչակիրների արկածախնդիր և զավթողական քաղաքականությունը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ: Տեղեկություններ է հաղորդել նաև հայ իշխանների, նրանց պատկանող հողերի և իրավունքների, ներքին հակամարտությունների մասին, որոնք պատկերացում են տալիս Կիլիկյան Հայաստանի տնտեսական և հաս-քաղաքական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին (երկն առաջին անգամ հրատարակվել է 1856-ին, Մոսկվայում): Սմբատ Սպարապետի անունով պահպանվել են նաև արձանագրություններ, նամակներ (արժեքավոր է հատկապես 1247-ին Կիպրոսի թագավոր Հենրիխ Լուսինյանին գրած ֆրանսերեն նամակը), չափածո գործեր: Նշանավոր է 1269-ին Սմբատ  Սպարապետի գրած «Ի ճաշոց գրիս» պոեմը՝ նվիրված 1266-ին Եգիպտոսի սուլթանության դեմ Մառի վայրում հայկական զորաբանակի մղած ճակատամարտին: Զբաղվել է նաև քերականությամբ: Սմբատ Սպարապետի պատվերով գրված Ավետարանում (Մատենադարան, ձեռ. թիվ 7644) պահպանվել են նրա ձեռքով արված քերականական շտկումները, ճիշտ ընթերցանությանը նպաստելու համար դրված առոգանության նշանները: Սմբատ  Սպարապետը գրել է դյուրին, խոսակցականին մոտ հայերենով:

Երկ. Տարեգիրք, Վնտ., 1956:

 Դատաստանագիրք, Ե., 1958:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ