haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐԳԻՇՏԻ Ա

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ մ.թ.ա. 764

Կենսագրությունը

ԱՐԳԻՇՏԻ Ա (ծ.թ. անհտ – մ.թ.ա. մոտ 764), Արարատյան (Ուրարտու) պետության թագավոր մ.թ.ա. մոտ 786-ից: Մենուայի որդին և հաջորդը: Արգիշտի Ա-ի գահակալման տարիներին թագավորությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտի Ա նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև զենքն ուղղելով Ասորեստանի դեմ՝ Արգիշտի Ա նրան դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենեից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովքի արևելյան և Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիները: Ասորեստանի դեմ համառ կռիվներ է մղել (մ.թ.ա. 781–776-ին և 774-ին) հարավ-արևելքում՝ ցեղակից Մանա երկիրը միավորելու նպատակով: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրան՝ ընդդեմ Ասորեստանի: Արգիշտի Ա-ի օրոք հիմնվել են մ.թ.ա. 782-ին Էրեբունի (Երևան) և մոտ 776-ին Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքները, կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլն, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին և արտաքին առևտուրը: Արգիշտի Ա-ի անունով հայտնաբերվել են տասնյակ արձանագրություններ, բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր: Արգիշտի Ա հավանաբար թաղվել է երկրի կրոնական կենտրոնական Մուսասիրի տաճարում, որտեղ գլխավոր աստվածների կուռքերի կողքին զետեղվել է նրա 2 տ կշիռ ունեցող բրոնզաձույլ անդրին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ