haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԼԵՎՈՆ Բ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 12_րդ դար - Մահացել է՝ 13_րդ դար

Կենսագրությունը

ԼԵՎՈՆ Բ Մեծագործ, Լեվոն Բարեպաշտ, Լեվոն Մեծահաղթ, Լեվոն Բազմահաղթ (ծ.թ. անհտ – 2.5.1219), Կիլիկիայի հայկական պետության իշխանապետ (Մեծ պարոն) 1187-ից, թագավոր՝ 1198-ից: Ռուբինյանների (1080–1219) հայ իշխանական տոհմից: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

 

1187-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) Լևոն Բ ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմենչական հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջաններ՝ Պռականա բերդով: Այնուհետև հաղթել (1187) և կախման մեջ է դրել Հալեպի ու Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց երրորդ արշավանքի (1189) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց՝ Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրիկոս VI-ը պարտավորվել է նրան ճանաչել Հայոց թագավոր:

Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոփիա մայր տաճարում Լևոն Բ թագադրվել է: Գրիգոր Զ Ապիրատը հայկական, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկէացոց և Իսաւռիոյ»: Ժամանակագիրները Լևոն Բ-ի թագադրությունը դիտել են որպես հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն՝ նա հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական արքայատների հետ (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ):

Անտիոքի թագավոր Ռայմունդի մահից (1197/1198) հետո Լևոն Բ նրա նորածին որդուն՝ գահա-ժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց թագաժառանգ: 1203-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, երկրից վտարել ինքնակոչին աջակցած Տաճարական օրդենի ասպետներին, պատանի Ռուբեն Ռայմունդին կարգել դուքս, Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել (1210) նրա գահակալական իրավունքը: 1219-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել է Անտիոքը, Լևոն Բ նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին:

Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերակայությանն են ենթարկվել նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով վերա-շինվել են հին վանքերն ու բերդերը և հիմնվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և այլ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): Լևոն Բ իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր:

Լևոն Բ-ի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն՝ նրա մարմինն ամփոփվել է Սսում, սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ