haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ մ.թ.ա. 140 - Մահացել է՝ մ.թ.ա. 55

Կենսագրությունը

ՏԻԳՐԱՆ Բ Մեծ (մ.թ.ա. 140–55), Հայոց թագավոր մ.թ.ա. 96-ից: Տիգրան Ա-ի որդին: Մ.թ.ա. 113–112-ին Պարթևստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո Արտավազդ Ա գահաժառանգ Տիգրանին պատանդ է տվել պարթևներին: Մ.թ.ա. 96-ին պարթև Միհրդատ Բ Արշակունուն (123–87) զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները՝ Տիգրան Բ ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մ.թ.ա. 94-ին, Մեծ Հայքին միացնելով Ծոփքի թագավորությունը Տիգրան Բ-ն հիմնականում ավարտել է իր նախորդների սկսած հայկական հողամիավորումը: Մ.թ.ա. 93–91-ին Տիգրան Բ վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ: Մ.թ.ա. 93-ին արշավելով Կապադովկիա` գահընկեց է արել Հռոմի կողմից նշանակված դրածոյին: Մ.թ.ա. 94–91-ին Տիգրան Բ դաշինք է կնքել Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի հետ: Տիգրան Բ-ի դիմակայությունը Հռոմին՝ Կապադովկիայում հանգեցրել է հայ-հռոմեական առաջին մեծ ռազմական բախմանը (մ.թ.ա. 92), որն ավարտվել է հայկական բանակի պարտությամբ, որից հետո Հայաստանի սահմանագլուխ՝ Եփրատ հասած հռոմեական զորավար Սուլլան պարթևների հետ բանակցություններում քննարկել է Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի հարցը, իսկ Եփրատը ճանաչվել է Հռոմի և Պարթևստանի միջև ազդեցության ոլորտների սահման: Պարթևստանի սպառնալից դիրքը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը Հռոմի հետ: Մ.թ.ա. 91–86-ին Տիգրան Բ, իրեն ենթարկելով Վիրքն ու Աղվանքը և անցկացնելով ռազմական բարեփոխում, նախապատրաստվել է Պարթևստանի դեմ պատերազմին: Մ.թ.ա. 86–85-ին հայ-պարթևական պատերազմում հասել է վճռական հաղթանակի և ենթարկել Ատրպատականն ու Հյուսիսային Միջագետքը: Մ.թ.ա. 85-ին պարթև Արշակունիները Տիգրան Բ-ին են զիջել «արքայից արքա» տիտղոսը: Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրայքում կանխելու նպատակով Տիգրան Բ սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Միաժամանակ Տիգրան Բ տիրել է Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային: Հելլենիստական քաղաքները դարձել են Տիգրան Բ-ի անմիջական քաղաքական հենարան Ասորիքում: Տիգրանակերտի հիմնադրումով (մ.թ.ա. 83–78) Տիգրան Բ ստեղծել է իր տերության համար կառավարման ընդհանուր կենտրոն: Մ.թ.ա. 80–70-ական թթ. Տիգրան Բ վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում կիլիկյան ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81), գրավել վերջինիս դաշնակից Կապադովկիան (78):

Մ.թ.ա. 70-ական թթ. կեսին Տիգրան Բ-ի տերության ներքին քաղաքական դրությունը բարդացել է: Տիգրան Բ մ.թ.ա. 73–69-ին պայքար է մղել Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Սելևկյանների և Նաբաթեացիների արաբական թագավորության դեմ, որոնց խրախուսում էր Հռոմը: Մ.թ.ա. 73–72-ին ճնշել է իր ավագ որդու՝ Զարեհի ապստամբությունը: Այս իրադարձություններն ստիպել են Տիգրան Բ-ին չեզոք դիրք գրավել Միհրդատյան 3-րդ պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 73–71), մ.թ.ա. 71-ին ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ.թ.ա. 69-ին Հռոմի դեմ սկսված պատերազմի 1-ին փուլի պարտություններից հետո (Տիգրանակերտի ճակատամարտ մ.թ.ա. 69) Տիգրան Բ կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն հռոմեացի նվաճողներին: Արածանիի ճակատամարտում (մ.թ.ա. 68) ծանր պարտության է մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ.թ.ա. 67-ի գարնանը Հայաստանից վտարել հռոմեացիներին: Նկատի առնելով Ասորիքի քաղաքների Հռոմի կողմն անցնելը, հռոմեացի զորավար Պոմպեոսի բանակի հարձակման վտանգը և պարթևների հզորության վերականգնումը՝ անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ, սակայն դրան խանգարել է Տիգրան Կրտսերի ապստամբությունը (մ.թ.ա. 67–66): Մ.թ.ա. 66-ին, հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի համաձայն, պարթևները ներխուժել են Հայաստան: Վերջիններիս Արտաշատի մոտ պարտության մատնելով և պայմանագիր կնքելով Պոմպեոսի հետ (Արտաշատի պայմանագիր մ.թ.ա. 66)՝ Տիգրան Բ կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կորստաբեր պատերազմի վտանգը, դրանով իսկ Հայաստանը պահպանել է իր պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը (Եփրատից մինչև Կուր և Կասպից ծով): Շարունակելով Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի՝ Տիգրան Բ մ.թ.ա. 64-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության:

Տիգրան Բ հին աշխարհի քաղաքական և ռազմական մեծ գործիչներից էր, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ժամանակի հռոմեացի հեղինակները (Ցիցերոն, Վելեոս Պատերկուլոս,Տիտոս Լիվիոս) Տիգրան Բ-ին համարել են Հռոմի արժանավոր հակառակորդն Արևելքում: Պահպանվել են Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ՝ Հայաստանում և Ասորիքում հատված դրամներ: Երևանում Տիգրան Բ-ի անունով կոչվել է պողոտա, հուշարձանը կանգնեցված է ՀՀ նախագահի նստավայրի բակում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Տիգրան Բ Մեծ

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_3_5

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_4_5

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_5_5

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_1_5

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_2_5

Օգտագործող Գաղտնաբառ