haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ԳԱԼՈՅԱՆ

Քիմիկոս

Ծնվել է՝ 01/05/1929

Կենսագրությունը

ԳԱԼՈՅԱՆ Արմեն Անուշավանի [ծ. 1.5.1929, գյուղ Փոքր Պարնի (այժմ՝ գյուղ Անուշավան՝ ՀՀ Շիրակի մարզում)], կենսաքիմիկոս, նյարդաքիմիկոս: Կենսբանական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965), ՀՀ ԳԱԱ ակադեմիայի (1986, թղթակից անդամ՝ 1971-ից): Գ. Ա. Գալոյանի եղբայրը: Ավարտել է ԵԲԻ (1953): 1965–79-ին՝ ՀՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն, 1979–82-ին՝ ՀՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության, 1981-ից՝ Կենսաքիմիայի ինստիտուտների տնօրեն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գալոյանի աշխատանքները վերաբերում են գլխուղեղի հորմոնների առաջացման և ազդեցության մեխանիզմներին: Հայտնաբերել է գլխուղեղի սպիտակուցային բնույթի նոր հորմոններ, որոնք կարգավորում են սրտի և մյուս օրգանների նյութափոխանակությունն ու ֆունկցիաները: Ապացուցել է (1967), որ սիրտը ներզատիչ օրգան է, նախասրտերից անջատել է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքը կանոնավորող պեպտիդային բնույթի հորմոններ: Մշակել է սրտի արյան շրջանառության նյարդաներզատիչ կարգավորման տեսություն: Աշխատակիցների հետ առաջին անգամ ուղեղի նյարդաներզատիչ բջիջներից անջատել է ցիտոկինների մեկ ընտանիք, պարզել դրանց կառուցվածքը և սինթեզել: Առաջ է քաշել ուղեղի նյարդաներզատիչ իմունային համակարգի տեսությունը: Համահեղինակ է «Կենսաքիմիական տերմինների ռուս-հայերեն բառարանի» (1997):

«Նեյրոքիմիա» (ռուսերեն) ամսագրի գլխավոր խմբագիր (1981-ից), ՀՀ կենսաքիմիկոսների ընկերության նախագահ (1981-ից), «Նեյրոքեմիքըլ ռիսըրչ» (անգլերեն, ԱՄՆ) ամսագրի  խմբագրական խորհրդի (1983), Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության (1974-ից), Նյու Յորքի ԳԱ (1985), Գիտությունների միջազգային ակադեմիայի (1996), ՌԳԱ Ա. Ն. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի արտասահմանյան պատվավոր (1997) անդամ: ՀՀ Անանիա Շիրակացու (2003), ԵՊԲՀ ոսկե (2004) մեդալներ:

Երկ. Некоторые проблемы биохимии гипоталамической регуляции, Е., 1965;

Biochemistry of Novel Cardioactive Hormones and Immunomodulators of the Functional System Neurosecretory Hypothalamus – Endocrin Heart, Moscow, 1999;

Neurosecretory Citokines of Brain in the Molecular Mechanisms of Immune Response and Neuronal Survival, 2003.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ