haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ՌՈԲԵՐՏ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ

Երաժիշտ

Ծնվել է՝ 25/08/1913 - Մահացել է՝ 20/08/1971

Կենսագրությունը

Դաշնակահար, կոմպոզիտոր Ռոբերտ Քրիստափորի Անդրիասյանը ծնվել է 1913 թվականի օգոստոսի 25-ին՝ Թիֆլիսում: 1935 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: 1935-71թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի մասնագիտական դասարանի դասատու, իսկ 1964 թվականից՝ պրոֆեսոր: Այնուհետև ընդհատումներով եղել է Երևանի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ (1944-1968թթ.): Ռոբերտ Անդրիասյանը զգալիորեն նպաստել է դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Անվանի կոմպոզիտորը մահացել է 1971 թվականին՝ Երևանում:

Գործունեությունը

Կոմիտասյան արվեստը մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսանում թ՛ե կատարողների, թ՛ե ստեղծագործողների համար: Նրան հաճախ են անդրադառնում շատ կոմպոզիտորներ՝ մշակելով, կատարողական տարբեր կազմերի համար փոխադրելով հանճարեղ արվեստագետի երաժշտական հիասքանչ նմուշները: Կոմիտասյան թեմաներով ստեղծված մշակումները բազմազան են և ինքնօրինակ. Դրանցից յուրաքանչյուրում մշտապես առկա է հայ մեծ դասականի ոգին: Կոմիտասյան երգերի մշակումների հեղինակներից է նաև հայ նշանավոր դաշնակահար, մանկավարժ Ռոբերտ Անդրիասյանը: Նրա երաժշտական տաղանդը դրսևորվել է նաև կոմպոզիցիայի բնագավառում: Սքանչելի են Անդրիասյանի՝ կոմիտասյան երգերի դաշնամուրային փոխադրումները: Դրանցում պարզորոշ կերպով արտահայտվում է հայ հանճարեղ կոմպոզիտորի՝ Կոմիտասի նուրբ ու հստակ ոճի ազդեցությունը: Զգուշությամբ և խնամքով է վերաբերվում Անդրիասյանը բնագրին՝ ձգտելով պահպանել հիմնական երաժշտական կերպարը: Խստությունը, անկեղծությունը, զգացմունքների նրբությունն ու զսպվածությունն հանդես են գալիս ամենուրեք՝ լինի դա տրամադրությամբ ողբերգական «Գարուն ա»-ն, թե կատակային «Կաքավիկը», նրբագեղ «Հոյ, Նազանը», թե լիրիկական «Հաբրբանը», արտահայտիչ «Հով արեք»-ը, թե դրամատիկական «Ծիրանի ծառը»: Յուրաքանչյուր փոխադրություն յուրօրինակ ավարտուն մանրանվագ է՝ ստեղծված որոշակի գեղարվեստա-ֆակտուրային միջոցներով: Լայնորեն օգտագործելով դաշնամուրի հնարավորությունները՝ Անդրիասյանը ստեղծել է հայ ժողովրդական գործիքների հնչողության տպավորություն: Նրա փոխադրուների մասին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է. «Դրանք ստեղծված են իսկական վարպետի ձեռքով»: Ռոբերտ Անդրիասյանը գրել է դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Երկու ետյուդ», «Էտյուդ-պար» (1955թ.), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958թ.), «Նաիրի» պոեմ (1965թ.): Կատարել է Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում: 1961 թվականին Ռոբերտ Անդրիասյանը արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

1949 թվականից Երևանի Նորք-Մարաշ համայնքում գործում է Ռոբերտ Անդրիասյանի անվան երաժշտական դպրոցը:

Նկարները
Տեսանյութերը

Ռոբերտ Անդրիասյանի անվան երաժշտա...

Կոմիտաս «Գարունա». Ռոբերտ Անդրիա...

Կոմիտաս «Ծիրանի ծառ». Ռոբերտ Անդ...

Օգտագործող Գաղտնաբառ