haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՍՈՍ ՀՈՎՍԵՓԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 20/05/1968 - Մահացել է՝ 01/01/1994

Կենսագրությունը

«Ժամանակից ետ մի մնա. անհետ կկորչես»: /Սոս Հովսեփյան/ 

Ազատամարտիկ Սոս Հովսեփյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 20-ին՝ մանկավարժի ընտանիքում: Ծնվել էր բանաստեղծ, որոշել էր ճարտարապետ դառնալ, ընտրեց զինվորի ուղին, քանզի չէր կարող կառուցել, երբ Արցախն ավերվում էր: Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը: Ուսանող Սոս Հովսեփյանն ուզում էր շինարար դառնալ և իր մտահաղացումներով նորանոր շինություններ կյանքի կոչել: Սակայն առաջին կուրսից մեկնել է խորհրդային բանակ: Վեց ամիս Խաբարովսկում նախնական պատրաստություն է անցել, այնուհետև նրան տարել են Սախալին: Ծառայել է տանկային գումարտակում, ձեռք բերել տանկիստի ու նշանառուի մասնագիտություններ: Ծառայության օրերին Սոսը լսել է սումգաիթյան դեպքերի մասին և հեռախոսազանգի հնարավորություն փնտրել, որպեսզի լսածների մասին մանրամասներ իմանար: Եվ ահա 1989 թվականի ապրիլին նա զորացրվում է և առաջին հերթին այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դնում, իսկ արդեն տանը գրում. 

Մենք չենք մոռանա երկիրը մեր հին, 

Որ հիմա չունի տարածքը իր հին, 

Հայկի հետնորդներ, ով որ մոռանա, 

Դժոխքի բաժին հոգին թող դառնա:

Մի կարճ ժամանակահատված Սոսը նորից նստել է ուսանողական նստարանին, այնուհետև որոշել կամավոր անդամագրվել 4-րդ գումարտակին: Տիրապետում էր զենքի և մարտական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակներին, ուստի անփոխարինելի զինվոր էր, պարզապես հայտնություն, ում մերժել չէին կարող: Մարտական ընկերները հաճախ կրկնում են, որ Սոսի համարձակությունը սահման չուներ, և որպես օրինակ հիշում են, թե ինչպես է հետախուզության գնացել, մի քանի օր չի երևացել, նրանք արդեն հույսները կտրել են, երբ հանկարծ հայտնվել է մեծ ավարով՝ թշնամու տանկով: 1994 թվականի հունվարի 1-ին Ակն (Աղդամ) բնակավայրի մերձակայքում՝ Սալահլի-Քենգերլի գյուղերի տարածքում թշնամու գնդակը մահացու խոցել ու հատել է 25-ամյա Սոս Հովսեփյանի կյանքը: Ըստ Սոսի Ակնի՝ «Սպիտակ քաղաքի» ազատագրմամբ էր պայմանավորված ընդհանուր հաղթանակը: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում: 

Երբ որ թշնամու ձեռքից ազատվի հողն իմ հայոց, 

Եվ հաղթանակի շեփորը հնչի, 

Այնժամ իմ հոգին հանգիստ կննջի... Ս. Հովսեփյան

Գործունեությունը

Սոսը քարտեզի վրա նշում էր մարտական գործողությունների այն վայրերը, որոնց մասնակցել էր. Մարտակերտի ինքնապաշտպանություն, Սարսանգի ջրամբար, Գետավան, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, Ումուդլու, Մեհմանա, Կուսապատ, Մեծշեն, Շուշիի ազատագրում, որին մասնակցեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի երկրորդ վաշտում, Ասկերան, Զանգելան, Հորադիզ, որտեղ էլ առաջին անգամ վիրավորվեց 1992 թվականի հուլիսի 5-ին: Երկրորդ անգամ Սոսը վիրավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերի 4-րդ գումարտակի հետ Վանքն ազատագրելիս: Երրորդ անագամ վիրավորվեց Մարտակերտում և նորից բուժումը չավարտած՝ մեկնեց Արցախ: 1993 թվականի օգոստոսի 8-ին վիրավորվեց չորրորդ անգամ՝ Հաջարլի գյուղի մոտ: Սոս Հովսեփյանը վիրավորվել է թե՛ գլխից, թե՛ ոտքերից, թե՛ կողից, թե՛ բազկից: Եվ ամեն անգամ հիվանդանոցից ոչ թե տուն, այլ դիրքեր է շտապել: Հինգերորդ անգամ վիրավորվեց «Գրադ» կայանքի արկի հարվածից: Այս անգամ մայրը շատ խիստ խոսեց, արգելեց մարտադաշտ գնալ ու մի ապտակ հասցրեց դեմքին: Սոսը ոչինչ չի ասել, մի տխուր հայացքով նայել, լուռ հեռացել ու փակվել է իր սենյակում: Առավոտյան մայրը սեղանին գտել է «Ների՛ր ինձ, մայրիկ» բանաստեղծությունը: Հետմահու տպագրվել է համանուն վերնագրով գրքույկը, որում ամփոփված են քաջ մարտիկի բանաստեղծական պատառիկները: Գիր ու գրականության հանդեպ Սոսի ունեցած սիրո վկայությունն է նրա մարտական ընկեր՝ ազատամարտիկ Կարինե Հովսեփյանի այս հուշը. «Ադրբեջանցիները վառել էին Մաղավուզ գյուղը: Տները լրիվ քանդված էին, դպրոցն ու գրադարանը դեռ վառվում էին: Թեժ մարտերից հոգնած հանգստանում էին մարտիկները, իսկ Սոսը մոմն առած ծխացող գրադարանից գտնում, հանում էր փրկված գրքերը, որոնք հետո 20 կմ շալակած տարավ, հանեց գյուղից, փրկեց»: 1998 թվականի մայիսին Սոս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ նույն թվականի սեպտեմբերին՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «մայրական երախտագիտություն» մեդալով և «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: Երևանի թիվ 115 դպրոցը 1999 թվականի հոկտեմբերից կրում է նույն դպրոցի շրջանավարտ, ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անունը, ով իր անձնուրաց արարքների շնորհիվ մեկընդմիշտ մնաց Արցախյան ազատամարտի պատմության մեջ: Նա բանաստեղծ էր, երազուն հոգի: Դպրոցի հենց միջանցքում կա մշտական անկյուն Սոսի լուսանկարներով, նամակներով, որոնց հետ ցուցադրվում է նրա բանաստեղծությունների գրքույկը:

Մարտական ընկերները Ս. Հովսեփյանի մասին.

«Իր մարտական ուղու ընթացքում Սոս Հովսեփյանն աչքի է ընկել հայրենիքի նկատմամբ ազնիվ ու մաքուր սիրով, հայ ժողովրդին և նրա ազգային-ազատագրական պայքարին իր անմնացորդ նվիրվածությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ: Սոսի պես հայ քաջարի մարտիկների շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք խաղաղությունը, Հայաստանի և Արցախի վերամիավորման պատմական անգնահատելի իրողությունը, մասնակցում ենք պետության և զինված ուժերի հզորացման գործընթացին: Սոսի կերպարում զարմանալիորեն միավորված էին բանաստեղծը, ճարտարապետն ու զինվորը»: /Կարեն Բաբայան/ 

«1993 թվականի փետրվարի 23-ին Երևանից մեկնել ենք Արցախ, մասնակցել Մարտակերտի շրջանում՝ Սարսանգի հէկ-ի մոտակայքում մղվող մարտերին, որից հետո մեկնել Ասկերան՝ հանգստանալու: Այդ ժամանակ էլ լսեցինք մեր Սոսի կատարած քաջագործության մասին. Հակառակորդից տանկ էր առգրավել ու բերել հասցրել մեր դիրքեր, որի համար հետագայում նրանից շատ շնորհակալ եղանք»: /Լորիկ Հայրապետյան/ 

«Որոշ ժամանակ Սոսն անընդհատ կողքիս էր, չէի հասցնում մի նռնակը կրակել, երկրորդն արդեն պատրաստ էր լինում, իսկ այդ ընթացքում գիշեր-ցերեկ լարված մարտեր էին մղվում: Հուլիսի 4-ին հրաման ստացանք ազատագրել Նախիջևանիկ գյուղը: Մարտի թեժ պահին Սոսը վիրավորվեց աջ ուսից, բայց վիրակապված ձեռքով էլ դիրքը չլքեց՝ մինչև մարտը չդադարեց: Երբ վերադարցավ գումարտակ, մարտական ընկերները նրան ջերմորեն ընդունեցին»: /Վարդան Գևորգյան/ 

«Մենք՝ նրա մարտական ընկերները, խորին հարգանքով ենք հիշում Սոս Հովսեփյանին, նրա բանաստեղծությունները, որոնցում Հայաստանի, հայ ժողովրդի, գեղեցիկի հանդեպ անսահման սեր կար: Հիշում ենք նրա երգերը, որ մարտից առաջ, դժվարին պահերին ոգևորում, օգնում էր մեզ: Սոսը համարձակ ու խիզախ մարտիկ էր, բարեսիրտ և հավատարիմ ընկեր»: /Արմեն Ավետիսյան/

Նկարները
Տեսանյութերը

Սոս Հովսեփյան. Անուշ Համբարձումյ...

Սոս Հովսեփյան

Սոս Հովսեփյան. Ժամանակի վկան...

Օգտագործող Գաղտնաբառ