haymard

Հինգշաբթի, 18 Հունվարի
HayMard.am

ՌՈՒԲԵՆ ԽԱՉԻԿԻ ՄԻՐՈՅԱՆ

Քաղաքական գործիչ

Ծնվել է՝ 19/10/1939 - Մահացել է՝ 27/10/1999

Կենսագրությունը

Ռուբեն Խաչիկի Միրոյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 19-ին՝ Երևանում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ 1985թ.-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան՝ մասնագիտությամբ տնտեսագետ: 1965 թվականից մինչև 1971 թվականը եղել է ՀԼԿԵՄ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար: Այնուհետև 1971-1974թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում: Ռուբեն Միրոյանը 1974 թվականից եղել է Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, իսկ 1985թ.-ից մինչև 1991թ.-ը՝ ՀԿԿ Կենտկոմի տեսուչ, որից հետո Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար: Ռուբեն Խաչիկի Միրոյանը 1992 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության համակարգում:

Գործունեությունը

Ռուբեն Միրոյանը 1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: Նույն թվականի հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ: Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, Հայաստանի Ժողովրդական Կուսակցության վարչության քարտուղար: Ռուբեն Խաչիկի Միրոյանը մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ: Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, երբ կառավարության անդաները ԱԺ-ում էին, իսկ կենտրոնական ամբիոնի մոտ օրենսդիրների հարցերին էր պատասխանում ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, ԱԺ նիստերի դահլիճի առաջին և ետին դռներից միաժամանակ դահլիճ ներխուժեցին երկու երիտասարդներ և անմիջապես կրակ բացեցին կառավարության անդամների և խորհրդարանի ղեկավարների վրա՝ իրենց գործողությունները ուղեկցելով նրանց հասցեին հայհոյանքներով և «5 տարի ծծել եք ժողովրդի արյունը», «Ժողովրդին հասցրել եք այն ծանր վիճակին, որում գտնվում է» ու այլ խոսքերով: Պատգամավորներն ու լրագրողներն անմիջապես գետնին պառկեցին, բայց մինչ այդ արդեն սպանվել էին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը: Բազմաթիվ պատգամավորներ վիրավորվեցին, շուրջ 50 հոգի, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներ հայտնվեցին պատանդի կարգավիճակում: Մեկ օր պատգամավորները պատանդ էին մնացել ԱԺ դահլիճում, որից հետո 5 հոգուց բաղկացած հանցախումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ հանձնվել էր: Հանցախմբի նկատմամբ դատավարությունը տևեց 3 տարի, որի արդյունքում հանցախմբի անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Ազգային ժողովի այգում տեղադրված է Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքար, որտեղ ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում զոհերի հիշատակին: Ռուբեն Միրոյանը ամուսնացած էր, ունի երկու երեխա: Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ռ. Միրոյանի մասին.

«Ոճրագործություն, որ առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլև՝ հարված պետականության ողնաշարին: Ողբերգական իրադարձությունների հետևանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին երկրին ու հասարակությանը: Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Լեոնարդ Պետրոսյանը մեր պետականության կայացման պատմության անբաժանելի մասն են»: /Հովիկ Աբրահամյան/ 

«Ուղիղ Հայաստանի սրտին խփեցին, Հայաստանը սպանեցին 27-ի օրը»: /Հրանտ Մաթևոսյան/

Նկարները
Տեսանյութերը

ԱԺ-ում հարգել են հոկտեմբերի 27-ի...

Օրացույց. 27 հոկտեմբերի. Գարեգին...

Ի՞նչ էր կատարվում հոկտեմբերի 27-...

Հոկտեբեր 27. Բացառիկ կադրեր...

Օգտագործող Գաղտնաբառ