haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Պատմաբան

Ծնվել է՝ 07/02/1676 - Մահացել է՝ 27/04/1749

Կենսագրությունը

«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մեջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր, ինչպես ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովուրդի մշակութային ծառայութեան և Աստուծոյ փառքին»: Մ. Սեբաստացի 1676 թվականի փետրվարի 7-ին պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում՝ վաճառական Պետրոսի ու Շահրիստանի գերդաստանում մանուկ ծնվեց: Պետրոսն իր որդուն հոր պատվին Մանուկ անվանակոչեց: Հաջողակ վաճառականը երազում էր, որ որդին հետագայում կբռնի իր ուղին ու իր աջակիցը կդառնա առևտրական գործերում: Բայց Մանուկը փոքրուց արտակարգ ունակություններ դրսևորեց այլ ասպարեզում: Արդեն 5 տարեկանում վաճառական Պետրոսի որդին գրել-կարդալ գիտեր: Վաճառական Պետրոսենց տուն հաճախ էին այցելում տեղի ծխական քահանաները: Նրանցից մեկն առանձնանում էր կրոնական մոլուցքով ու տգիտությամբ: Կրոնավորները հաճախ էին թեյի սեղանի շուրջ զրույցի բռնվում ու զանազան պատմություններ պատմում ճգնավորների, մենակյացների մասին: Վառ երևակայությամբ օժտված Մանուկը, տարվելով այս տգետ քահանայի պատմածով, որոշում է ինքն էլ ճգնավոր դառնալ և համոզելով ընկերոջը՝ նրա հետ 10 տարեկան հասակում տնից փախչում է անտառ: Երեխաները մոլորվում են անտառում: Ի վերջո, նրանց գտնում են մի քարանձավում՝ սովից ուշագնաց: Նույն քահանայի խորհրդով վաճառական Պետրոսն իր որդուն ուսման է տալիս Սեբաստիայում հայտնի երկու կույս միանձնուհիների մոտ, որոնք, սակայն, աչքի ընկնելով կույր մոլեռանդությամբ, տգիտությամբ, ոչինչ էական չեն սովորեցնում պատանուն: Միանձնուհիները շուտով մահանում են, և Մանուկ պատանին ազատվում է նրանց գերությունից: 15 տարեկան էր Մանուկը, երբ դարձավ Սեբաստիայի սբ. Նշան եկեղեցու դպիր:

Շուտով սարկավագ ձեռնադրվեց և ընդունեց Մխիթար անունը: Սեբաստիայում Մխիթարը երկար չմնաց, մեկնեց Էջմիածին՝ ուսում ստանալու: Սակայն պատանի սարկավագին խոր հիասթափություն էր սպասում: Նրա ուսուցումը հանձն է առնում Էջմիածնի միաբանության եպիսկոպոսներից մեկը, ով, սակայն, պատանուն պահում է իր տանը՝ ծառայի կարգավիճակով: Մխիթարը ստիպված փախչում է Սևանավանք: Սակայն այնտեղից էլ հիասթափված խույս է տալիս ու հաստատվում Բասեն քղաքում՝ ծառայության անցնելով ծխական եկեղեցում: Այստեղ էլ Մխիթարը երկար չմնաց: Հիասթափված հայ կղերականների վարքուբարքից՝ հեռանում է նաև Բասենից և 1696 թվականին, վերադառնալով հայրենի Սեբաստիա, տեղում ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ այդպես էլ չստանալով բաղձալի ուսումը: Մեկ տարի քահանայություն անելուց հետո Մխիթարը 22 տարեկան հասակում ուսում ստանալու նպատակով մեկնում է Կոստանդնուպոլիս: Այստեղ նրան բախտը ժպտում է. նա հանդիպում է ուսյալ այրի՝ կաթոլիկ վարդապետ Խաչատուր Էրզրումցուն, որի մոտ ճարտասանություն, քերականություն, աստվածաբանություն և իմաստասիրություն է ուսանում: Մխրթարը և Խաչատուր Էրզրումցին ընկերանում են: Վերջինս, տեսնելով պատանու ձգտումը, ամեն կերպ հագուրդ է տալիս նրա ուսումնատենչությանը՝ չխնայելով ոչինչ: Պոլսում Մխիթարը հրաժարվում է առաքելական եկեղեցուց և կաթոլիկություն ընդունում: Կաթոլիկ եկեղեցին Մխիթար Սեբաստացուն ձեռնադրում է վարդապետ: Նա Խաչատուր վարդապետի հետ մտահղացավ միաբանություն ստեղծելու գաղափարը և առաջարկեց ուսուցչին ղեկավարել միաբանությունը: Սակայն վերջինս հրաժարվեց: 1701 թվականին Հիմնվում է Մխիթարյան միաբանությունը: Մխիթարը Պոլսի Բեյօղլի թաղամասում բնակարան է վաձում, ութ աշակերտների է հավաքում և սկսում գրական-գիտական գործունեությունը: Միաբանության առաջին գործը կրոնական բովանդակությամբ մի քանի գրքերի թարգմանությունն էր լատիներենից հայերեն: Մխիթարի գործունեությունը դուր չի գալիս հայ առաքելական եկեղեցուն, և հայ կղերականները հալածանքներ են սկսում նրա դեմ՝ թուրքական իշխանությունների մոտ շարունակ կեղծ մատնություններ անելով: Խույս տալով հայ կղերի հետապնդումներից՝ Մխիթար Սեբաստացին տեղափոխվում է հունական Մեթոն բերդաքաղաք, որ Վենետիկի Հանրապետության սահմաններում էր գտնվում: Այստեղ հողամաս է վերցնում, ձիթենու այգի տնկում, անգամ փոքրիկ եկեղեցի է կառուցում ու շարունակում գործունեությունը: Այստեղ էլ 1712 թվականին Հռոմի պապը նրան շնորհում է աբբահոր կոչում: Բայց Մխիթարի այդ փոքրիկ երջանկությունը խաթարվում է 1715 թ.-ին սկսված թուրք-վենետիկյան պատերազմի պատճառով, և Մխիթար Սեբաստացին ստիպված իր 12 թիմակիցներով ապրիլի 12-ին Սբ. Չերիլլո նավով հեռանում է Իտալիա:

Գործունեությունը

Մխիթար Սեբաստացին դիմում է Վենետիկյան իշխանություններին՝ միաբանության համար հող հատկացնելու խնդրանքով: Նրան ընդառաջ են գնում՝ տալով ընտրության հնարավորություն: Սեբաստացին ընտրում է լքված սբ. Ղազար կղզին, որը ժամանակին բորոտների ապաստարան էր: Մխիթարն իր ընկերների հետ մաքրում է կղզին ու այնտեղ հաստատում միաբանությունը: Նա հռչակում է նաև իր կարգախոսը. «Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան և Աստծոյ Փառքին»: Մխիթարը կղզում ժառանգավորաց դպորց և կրթարան բացեց, որտեղ պատանիները խոր գիտելիքներ էին ստանում տարբեր առարկաներից: Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական, հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններր, հրատարակել գրքեր: Մխիթար Սեբաստացին բազում գրքերի հեղինակ է: Նրա գրչին են պատկանում աշխարհաբարի քերականության առաջին դասագիրքը՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց», արժեքավոր է նաև «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառագիրք հայկազեան լեզուի» աշխատությունը, որն այսօր էլ բացառիկ արժեք ունի. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հազար բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են մինչ օրս: Հրատարակվել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»: Մխիթար Սեբաստացին նաև մեծ մատենադարան հավաքեց սբ. Ղազար կղզում: Բացի բուն գիտական գործունեությունից, Մխիթար Սեբաստացին նաև մշակութային գործունեություն ծավալեց: Նա զարկ տվեց հայ թատրոնի զարգացմանը: Սուրբ Ղազար կղզում թատերական ներկայացումներ էր բեմադրում: Բայց երկար դեգերումները, ծանր ապրումներն արդեն քայքայել էին ծերունու առողջությունը: 1748 թվականի մարտին նա ծանր հիվանդացավ, գամվեց անկողնուն: Հայ մշակույթի և գիտության երախտավորը մահկանացուն կնքեց ապրիլի 27-ին՝ 72 տարեկան հասակում: 1772 թվականին Մխիթարյան միաբանությունը երկփեղվեց. Միաբանների մի մասը հաստատվեց Վիեննայում և այնտեղ հիմնեց միաբանություն: Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ են մինչև օրս Սամվել-Մուրադյան վարժարանը Ֆրանսիայում, Մուրադ-Ռափայելյան վարժարանը Իտալիայում, Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: Մխիթարյան միաբանությունում խիստ կարգուկանոն էր հաստատված: Այնտեղ ամեն ոք գիտեր իր անելիքը, պարտականությունները, խնդիրները: Բայրոնը, այցելելով սբ. Ղազար կղզի և երկար ժամանակ հյուրընկալվելով այնտեղ, գրել է. «Այնտեղ բոլորը խոսում են միայն ամենաանհրաժեշտի մասին»: Մխիթար Սեբաստացին երբեք չի սահմանափակվել միայն հոգևոր-կրոնական խնդիրներով, ծավալել է իր նախադեպը չունեցող գործունեություն, որի արդյունքում կրոնական միաբանությունը աստիճանաբար վերածվել է նաև գիտամշակութային հաստատության: Սբ. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուսումնական ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Սկզբից ևեթ մերժել է օտարազգիների անդամակցությունը, միշտ վառ պահել սերը հայ ազգի նկատմամբ, ջանացել պատրաստել հայ ժողովրդի լայն խավերի շրջանում լուսավորություն տարածող միաբան գործիչներ:

Տեսանյութերը

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին և Մխիթարյան մի...

Մխիթար Սեբաստացու մասին...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր...

Օգտագործող Գաղտնաբառ