haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 06/07/1961 - Մահացել է՝ 20/07/1991

Կենսագրությունը

«Մարդ ինչի համար ասես կարող է երկմտել, բայց հայրենիքի համար պայքարելու և նրա համար կյանքը զոհելու համար չի կարող, իրավունք չունի: Ես ֆիդայի չեմ, ինձ ֆիդայի մի ասեք: Ես հայրենիքիս զինվորն եմ»: /Ջիվան Աբրահամյան/

Մշեցի Զավենը դեռ փոքրուց էր աչքի ընկնում իր տոկուն կամքով և համառ բնավորությամբ: Ծնվելով և մեծանալով նույն բակում՝ Զավենը և Բավականը քույր ու եղբոր պես էին, սակայն տարիքը արեց և ասեց իրենը՝ առնական և քաջարի Զավենը չկարողացավ անտարբեր անցնել կապուտաչյա դեռատի աղջնակ Բավականի գեղեցկության կողքով: 1950 թվականին 17 ամյա Զավեն Բադալի Աբրահամյանը և 17 ամյա Բավական Մեսրոպի Թովմասյանն ամուսնացան: 1955 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Թամարան: 1958 թվականին նրանց երեք անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվեց Երևան՝ Լուկաշին 2-րդ փողոց 53 տուն: Մեկ տարի անց ծնվեց նրանց երկրորդ զավակը՝ Պետրոսը: Իսկ դրանից երկու տարի անց՝ 1961 թվականի հուլիսի 16-ին ծնվեց Ջիվանը, չորս տարի հետո կրտսեր եղբայրը՝ Արտաշեսը: Հարուստ էր Զավենի և Բավականի հյուսած բույնը: Բոլոր զավակներն էլ լավն էին յուրովի, ամենքն էլ աչքի էին ընկնում իրենց բնավորության հատկանիշներով, սակայն Ջիվանն էր ամեն հարցում պատրաստ՝ կլիներ գործ, խոսք, թե օգնության խնդրանք: 1968-78 թթ. հաճախել է Երևանի թիվ 111 միջնակարգ դպրոցը, դպրոցի հետ զուգահեռ ընդգրկվել ըմբշամարտի խմբակ: Թեև դպրոցում աչքի չէր ընկնում փայլուն գիտելիքներով, սակայն աչքի էր ընկնում իր արիությամբ և տոկուն կամքով: Սիրում էր զբաղվել շինարարական աշխատանքներով, օգնում էր հորը, զուգահեռ շինարարական աշխատանքներն էր կատարում: Տարեց տարի ամրանում էր զինվորական կարկառուն միտքը, դպրոցն ավարտելուց հետո, երբ պետք է մասնագիտանար, վայր է դնում գիրքը, ընտրում զենքը և ընդունվում ռազմական ուսումնարան: 1979 թվականին զորակոչվեց խորհրդային բանակ՝ Գերմանիա, ինժիներական զորքեր, որպես սովորական շարքային զինվոր, ծառայելով մի քանի ամիս սկսվեց Աֆղանական պատերազմը և նա զորակոչվեց Աֆղանստան: Երկու անգամ վիրավորվեց, բայց չնկավ և ավելին՝ սպայի կոչումով և Արիության մեդալով պարգևատրված, 1981 թվականին զորացրվեց և վերադարձավ հայրենիք: Նրա զորացրվելուց հետո խաղաղ տարիներ էին, նոր օրեր: Ջիվանը հոր և եղբայրների հետ թև ու թիկունք եղած զբաղվում էր շինարարական աշխատանքներով, նրա ձեռքի աշխատանքն է 3-րդ մանկական հիվանդանոցի կառույցը: Եկավ 1988 թվականը՝ պատերազմ, երկրաշարժ, ամբողջ քաղաքն ասես քաոսի մեջ էր, խուճապ, անելանելի վիճակ և օգնության ոչ մի ձեռք, խավարում՝ ոչ մի կաթիլ լույս: Եվ Ջիվանը դարձավ 88-ի զինվորը: Հիրավի նրա ամբողջ ընտանիքն էր մարտնչում թուրքերի դեմ: Քուրը՝ Թամարան, Մոնթե Մելքոնյանի գնդի բուժքույրն էր, իսկ Պետրոսը և Արտաշեսը Ջիվանի հետ էին մարտնչում: Մայրը՝ Բավականը իր իսկ տունը դարձրել էր իսկական զինանոց, նռնակներ և փամփուշտներ էր պատրաստում, նա էր տնօրինում զենքի առաքումը դեպի Ղարաբաղ, բայց ամեն մեկին զենք չէր վստահում, թուղթ էր հարկավոր ու քանի որ գիր չէր ճանաչում, աչքին միայն որդու ստորագրությունն էր հարազատ:

Գործունեությունը

Հայկական բանակի առաջին նվիրյալ ռահվիրաներից էր Ջիվան Զավենի Աբրահամյանը: 1988 թվականի փետրվարյան փոթորկալից և ոգեշունչ օրերին նա արդեն գիտակցեց, որ արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգելու է զինական պայքարի: Երկու տարի Աֆղանստանում ծառայած և մարտերում ցուցաբերած խիզախության համար Արիության մեդալով պարգևատրված Ջիվանը շատ լավ գիտեր, թե ինչ է պատերազմը, բայց նաև գիտեր, որ հայ ժողովրդի համար այնքան ճակատագրական և վճռորոշ այս ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի վտանգված սահմանները առաջին հերթին իր նման ռազմական հարուստ փորձ ունեցող պաշտպանների կարիքն ունեն և զինվորագրվեց նորանկախ հանրապետության նորակազմ հատուկ գնդին՝ դառնալով նրա առաջին զինվորներից մեկը: Խորհրդայինից դեպի հայկական կանոնավոր բանակ անցումային այս շրջանում, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ այստեղ, նույնն էին ռազմական տեխնիկան ու հանդերձանքը, սակայն մեկ այլ առաքելություն էր վիճակված դրանք կրողներին, այդ թվում նաև Ջիվանին: Ինչը ռազմատեխնիկական առումով կրկնություն էր իր համար, նորություն էր հայրենիքի պաշտանությանը զինվորագրվածներից շատերի համար: Անասելի դժվարությամբ ձեռք բերված զինտեխնիկայի տարբեր տեսակների արկղերը բացելիս, հավաքելիս, տեղադրելիս ու լիցքավորելիս զինվորները հաճախ էին հարցական նայում, և նա ոչ միայն բացատրում էր անձամբ ցույց տալով, այլև յուրաքանչյուր տեխնիկական նրբությանը և գործնական կիրառությանը վերաբերող մի հուշ-օրինակ էր բերում աֆղանական պատերազմից: Ամենավտանգավոր ու կարևոր կետերում լինելու վճռականությամբ 1991 թվականի ամռանը նա գնաց Հյուսիսային Արցախ՝ Շահումյան: Վերջինս Ադրբեջանին հանձնելու և հայաթափելու քաղաքական գործարքը իրականացվել էր հարևան Գերանբոյի շրջանին միացնելու՝ այդ օրերին ընդունված գորբաչովյան հերթական որոշմամբ, որով Շահումյանին ևս սպառնում էր Գետաշենի և Բերդաձորի ճակատագիրը: Շրջանում անջատվեցին լույսը, ապա կապի և հաղորդակցության մյուս միջոցները, այնուհետև ռազմական ստուգիչ նոր անցակետերի տեղադրմամբ Շահումյանը Հայաստանից հետո մեկուսացվեց նաև ամբողջ Արցախից՝ ենթարկվելով կրկնակի շրջափակման, որը ճեղքում էին միայն Մռավի անտառախիտ փեշերի վրայով թռչող ուղղաթիռները՝ բերելով այն ամենը, ինչը հարկավոր էր շրջանի պաշտպանությունը և կենսագործունեությունը ապահովելու համար: Այդ ուղղաթիռներից մեկով եկավ նաև Ջիվանը: Լեռնային նման կիրճերով, ձորերով ու անտառային արահետներով նա քանիցս անցել էր մի քանի տարի առաջ, սակայն այդ ժամանակ դրանք թշնամու դարանակալ որոգայթներ ունեցող օտար տեղանք էին, իսկ հիմա պատմության հերոսական դրվագների ու հիշատակների կենդանի արձագանքը պահող հայրենի լեռնաշխարհի մի հատվածը: Նա եկավ և մեկ դրվագով հարստացրեց նվիրական հիշատակները: Եթե ունեցած ռազմական փորձով վստահություն էր ներշնչում մարտական ընկերներին, ապա հաղթ կազմվածքով և վճռական կեցվածքով՝ հույս, հավատ շրջակա գյուղերի բնակիչներին: Անունն այնքան համահունչ էր իրեն, և ինչպես տեղացիներն էին ասում՝ ջիվան Ջիվանն էր: Տեղի զինվորական հրամանատարության հետ նա ձեռնամուխ եղավ առաջադրված պաշտպանական նոր խնդիրների իրագործմանը, քանի որ քաղաքական զարգացումների ընթացքը վկայում էր, որ շուտով սկսվելու է շրջանը գյուղ առ գյուղ հայաթափելու ծրագրված գործողությունը: Նախ խորհրդային քարոզչության տարբեր միջոցներով հայտարարվեց, թե Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերում վաղուց արդեն խաղաղ բնակչություն չկա, մնում են միայն հայ գրոհայինները: Այնուհետև շրջանի բնակչությանը տեղեկացվեց, թե անձնագրերի ստուգման համար այս երեք գյուղերը պետք է մտնի ադրբեջանական ՕՄՈՆ-ը: Բերդաձորի և Հադրութի շրջանի ընդամենը մի քանի ամիս առաջ տեղահանված գյուղերի օրինակով արդեն պարզ էր, թե ինչ է նշանակում նման ստուգումը: Հուլիսի 24-ի առավոտյան Բուզլուխի, Մանաշիդի և Էրքեջի բնակիչները թողեցին իրենց գյուղերը: Կեսօրին խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական ՕՄՈՆ-ը մտավ Բուզլուխ և Մանաշիդ, ծաղրուծանակի ենթարկեց այնտեղ մնացած հիվանդներին ու ծերերին: Բուզլուխում Հայրենական պատերազմի մասնակիցներին հավաքեցին և անարգալից հարցաքննության ու խուզարկությունների ենթարկեցին հենց զոհերի հուշարձանի առջև: Այս ամենն առանց հեռադիտակի էլ պարզորոշ երևում էր Բուզլուխի վերջին տների մոտից վեր տարածվող անտառախիտ լեռնալանջից: Այս ամենը տեսնում էին Ջիվանը և նրա հետ լեռնաշխարը կամավոր եկած հատուկ գնդի մյուս մարտիկները: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը, ՕՄՈՆ-ը չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետև վախենում էր Բուզլուխի և Մանաշիդի անտառապատ փեշերից ապասվող հնարավոր հարվածներից: Թիկունքը ապահովելու համար նրանք մինչև երեկո շուտափույթ պահակակետեր դրեցին Էրքեջ մտնող ճանապարհներին: Տանջալիորեն երկար ձգվող ու ողբերգականությամբ լեցուն այդ օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ հաջորդ առավոտյան հակառակորդը մտնելու է նաև Էրքեջ: Տևական քննարկումից հետո որոշվեց թույլ չտալ գյուղն անպատիժ գրավել: Նման որոշումը պատճառաբանվում էր մի քանի նկատառումներով: Նախ, որ Էրքեջն անհամեմատ ավելի շատ բնակչություն ուներ, ինչպես նաև առավել մոտ էր շրջանի մյուս հայկական գյուղղերին: Այլ խոսքով նրա անկումը մեծ սպառնալիք էր ստեղծում, և վերջապես՝ ռազմավարական հիմնավորումներից բացի, կար նաև բարոյահոգեբանական մեկ կարևոր գործոն, որը մատնանշում էին Ջիվանն ու ընկերները: Նրանք գտնում էին, որ անկախ ուժերի անհավասարությունից և գյուղը պաշտպանելու իրական հնարավորությունից, հարկավոր է մեկ կետում մարտի բռնվել հակառակորդի հետ, ցույց տալ, որ նա չի կարող անպատիժ առաջանալ մեր հայրենիքում: Եվ երբ իջնող երեկոյի հետ նվազեց տեղահանված գյուղերից Վերի Շեն եկողների հոսքը, դեպի Էրքեջ սկսեցին շարժվել ինքնապաշտպանության ջոկատները, միանալու համար այնտեղ գտնվող Ջիվանի վաշտին և «Տիգրան Մեծ» կամավորական զորաջոկատին: Շուտով գյուղը երիզող տները վերածվեցին պաշտպանական դիրքերի, որից մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնած էին խորհրդային բանակի զրահամեքենաները: Լարված սպասման մեջ անցավ ողջ գիշերը, որևէ կրակոցով լռությունը չխախտվեց: Դիմացի զինվորական պահակակետերից լսվում էին միայն խոսակցությունների առանձին բեկորներ, և կայծկլտում էին զինվորների վառած ծխախոտները: Նախորդ օրը շուտափույթ հեռացած գյուղացիների մեծ մասը ևս ետ վերադարձավ տանը մնացած առավել արժեքավոր իրերը տանելու համար: Կեսօրին սակայն մի քանի զրահամեքենաներից բացված համաժամանակյա կրակի աջակցությամբ դիրքերի վերածված գյուղավերջի տները սկսեցին շարժվել ՕՄՈՆ-ականները: Տանկային մեծ տրամաչափի գնդացիրների այրող, բեկորային փամփուշտների կրակին շուտով գումարվեցին նաև արկերը: Նախ փշրվեցին ապակիները, ապա փլվեցին պատշգամբները և «նստեցին» տանիքներն, ու փլատակներից ելնող հրդեհի բոցին գումարվեց ֆուգասային արկերի խեղդող ծուխը: Ի տարբերություն Ջիվանի և աֆղանական դպրոցն անցած էլի մի քանի մարտիկների, մյուսները մի պահ ընկրկեցին, սակայն շուտով Ջիվանի վճռական և գրագետ գործողությունների շնորհիվ վերագտան իրենց: Դիրքից դիրք և զինվորից զինվոր անցնելով նա ոչ միայն ղեկավարում ու համակարգում էր մարտը, այլև հընթացս սովորեցնում քիչ փորձ ունեցողներին: Ընդմիջվող կրակահերթերի կարճատև լռության մեջ հնչում էր Ջիվանի հատու ձայնը և հրահանգ-հրամաները: Տեղացող կրակից փլատակների վերածվեցին նաև գյուղական տներին կից շինությունները: Ռազմագիտական ակնթարթային և ճշգրիտ կողմնորոշմամբ, Ջիվանը դրանք դարձրեց պաշտպանական կրակակետեր՝ փլված ու այրվող տների նկուղների և տանիքների փոխարեն: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանական ՕՄՈՆ-ին, անակնկալի բերեց նաև խորհրդային բանակի զորամիավորմանը: Զրահամեքենաներն ընկրկեցին, իսկ երբ նրանցից մեկն անշարժացավ հակատանկային նռնականետի հարվածից, մյուսներն արդեն ետ քաշվեցին և համեմատաբար հեռվից սկսեցին խփել: Կռվի խառն այս ընթացքում ևս Ջիվանը ճիշտ կողմնորոշվելով շարունակ հրահանգում էր, որ կրակը ոչ թե խորհրդային բանակի զինվորների, այլ օմոնականների վրա ուղղվի, որովհետև լավ էր հասկանում, որ առճակատումը խորհրդային բանակի հետ կարող է հաջողություն բերել մեկ մարտում, իսկ ամբողջության մեջ անհեռանկարային է: Նա անթույլատրելի էր համարում հայ և ռուս զինվորների իրար վրա կրակելը, նրանց՝ հակադիր խրամատներում գտնվելը համարում էր գորբաչովյան դավաճանության արդյունք: Ավարտված համարելով պաշտպանության այդ փուլում առաջադրված խնդիրը՝ հակառակորդին ցույց տալ հայկական ինքնապաշտպանական ջոկատների ուժը, զինական հագեցվածությունը, մարտունակությունը, նաև թշնամուն անպատիժ չթողնելու կամքը, Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը և Վերի Շենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը ձգվող ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Գյուղը թողնելու գլխավոր դժվարությունը դարձավ մինչև անտառի փեշերը ընկած մի քանի հարյուր մետր բաց տարածությունը անցնելը: Բնակավայրի ներսում ընթացող փողոցային մարտերի վարպետ կիրառմամբ և շարունակ երթի ուղղությունը փոխելով, խուսափելով սպառնացող ավերիչ հրետանային հարվածներից, տնամերձ հողամասերի միջով տնից-տուն և փողոցից-փողոց անցնելով, Ջիվանի առաջնորդությամբ ջոկատները հասան գյուղի ծայրը: Հայկական պաշտպանական խմբերի շրջապատումից դուրս գալը տեսնելով, հակառակորդը սկսեց կույր հրետակոծության ու գնդակոծության ենթարկել լեռնաշղթայի անտառապատ փեշերը: Այստեղ ևս անգնահատելի դեր խաղաց Ջիվանի փորձը: Սառնասրտորեն հաշվելով հակառակորդի կրակակետերից եկող հարվածների հետաձիգը, նա ընտրեց հատկապես այն կածանները, որոնք չէին մտնում այդ կրակակետերի ընդգրկած շառավղի մեջ: Վերի Շեն հասնելու համար ընտրվեց լեռնային անտառապատ մի ճանապարհ: Ջիվանի հանձնարարությամբ տեղացիներից մի քանիսը, որոնք լավ գիտեին ճանապարհը, գնացին առջևից՝ տեղանքը հետախուզելու և ստուգելու, թե արդյոք դիմացի ոլորաններից մեկում չի սպասում դարանակալ թշնամին: Մի քանի ժամ տևած կռվի, ապա նրան հաջորդած տևական երթից հետո, ուժերը մի քիչ վերականգնելու համար Ջիվանը հրամայեց, առանց շարքերը խառնելու ջուր խմելուց հետո աղբյուրի շուրջը շրջանաձև պաշտպանություն կազմած տեղավորվել և հանգստանալ: Դեռ բոլորը չէ, որ հասցրել էին ջուր խմել և այրվող ու չորացած դեմքերը լվանալ, երբ լեռնալանջի ներքևում առավել լայն արահետի մյուս կողմից մեքենաների լույսեր ուրվագծվեցին և տեխնիկայի խուլ բվվոց լսվեց: Հնչեց Ջիվանի հանդարտ ու վճռական ձայնը՝ հակատանկային նռնականետերը և գնդացիրները առաջ բերել: Երբ անցան լարված սպասումի մի քանի րոպեները, պարզվեց, որ անցնող տեխնիկան շրջանի պաշտպանական ուժերինն է, որոնք վերախմբավորվում էին տեղահանված երեք գյուղերից այն կողմ, Վերի Շենից էլ վեր գտնվող խաչմերուկում: Դեպի այնտեղ ուղղվեցին նաև Էրքեջից դուրս եկած ջոկատները: Շուտով երևաց Վերի Շենը: Կեսօրվա մարտերի լուրը արձագանքել էր ողջ շրջանում և մանրամասներն իմանալու համար գյուղից բավականին հեռու, ճանապարհի ոլորանում մեծ բազմություն էր հավաքվել: Նայելով անտառից դուրս եկողներին, նրանք տեսան ոչ թե պարտված բանակի զինվորների, այլ առաջիկա մարտերին ընդառաջ գնացող մի ամբողջ ջոկատ: Չնայած օրվա լարվածությանն ու հոգնությանը, Ջիվանը քայլում էր հպարտ ու ձիգ: Իր զինակիցների հետ նա պատրաստվում էր հերթական մարտին, որը վերջինը դարձավ նրա համար... Դեռևս գիշերը նա ընկերների հետ սկսեց դիրքավորվել Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը՝ թշնամին հարձակման անցավ: Զուտ ռազմագիտական տեսանկյունից անիմաստ էր մարտն ընդունելը, քանի որ այդ պահին վճռորոշը ոչ թե մարտական վարպետությունն էր, խիզախությունը և անձնուրացությունը, այլ հակառակորդի ունեցած զինական տեխնիկայի բացարձակ գերազանցությունը: Չնայած այս իրողությանը 1991 թվականի հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ ընդունեց իր կյանքի վերջին մարտը...Գործնական մոտեցում ցուցաբերելու և ուժերը առաջիկա մարտերի համար պահելու փոխարեն նման գիտակցված նահատակության գնացին Ջիվանը և իր ընկերները, որովետև ամոթալի համարեցին առանց կռվի երկրի խորքը տանող ճանապարհը թշնամու առջև բացելը: Խորհրդային երբեմնի հզոր կայսրության 1991 թվականի ամառային հոգեվարքի այդ օրերին, երբ Մոսկվայում ընդունվող քաղաքական որոշումներին զուգահեռ, դրանցից առավել վճռորոշ դեր էր խաղում Ադրբեջանում տաղեկայված խորհրդային բանակի զորամասերը կաշառքով արցախահայության դեմ հանելը, Ջիվանը և իր ընկերները զինական այս ընդվզումով ցույց տվեցին, որ խոստացված վճարով հայկական գյուղերի տեղահանությանը մասնակից լինելը չի կարելի շփոթել հատուկենտ կրակոցի, անվտանգ զորախաղերի հետ և իրենց կյանքի գնով հավաստեցին այս իրողությունը: Հերոսի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում:

Նկարները
Տեսանյութերը

ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ...

Ջիվան Աբրահամյան. ևս մեկ նվիրակա...

Օգտագործող Գաղտնաբառ