haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԻՍԻԱ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 13/07/1936 - Մահացել է՝ 24/05/2014

Կենսագրությունը

 «Սերը գոյության հանճարն է միակ, սիրո հակառակը ամենևին էլ սիրելը չէ, մահն է պարզապես... Սիրահարները անմահությունն են վերանորոգում...» Ա. Կիրակոսյան 

 1936 թվականի հուլիսի 13-ին Արգենտինայի Կորդովա քաղաքում՝ Վանեցի Գուրգեն Կիրակոսյանի ընտանիքում, ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը: Իսպաներեն դեռևս սկսել է ստեղծագործել 14 տարեկանից: Ալիսիան ավարտել է Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Տասը տարի խաղացել է արգենտինյան թատրոնում: Ալիսիա Կիրակոսյանը գրել է իսպաներեն, իտալերեն հետո նաև հայերեն և անգլերեն: Նրա պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը, որը բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ և բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ: Գրեթե բոլորին հայտնի Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» անչափ գեղեցիկ երգը ստեղծվել է հենց Ալիսիա Կիրակոսյանի համանուն բանաստեղծությունից: 
 
Այնպես եմ ուզում 
 Անունդ թողնել 
 Կեսգիշերային 
 Ավազի վրա, 

 Որ լուսաբացին 
 Նա արտացոլված 
 Լինի ցողերում, 
 
Մինչև քեզ հասնի 
 Ձայնիս մշուշով պարուրված խոսքս... 
 Ու ես փախչելով 
 Հին լռությունից, 
 Կընդունեմ իսկույն 
 Սիրո հրամանն անխուսափելի:
 Ալիսիա Կիրակոսյանը մահացել է ԱՄՆ-ում՝ 78 տարեկան հասակում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Կանխավ զգալով մոտալուտ մահը՝ Ալիսիան գրել է մի փոքրիկ կտակ, որը կարծես հրաժեշտի արարողություն լինի. «Ինչ կարող եմ խորհուրդ տալ բոլոր նրանց, ովքեր արթնանում են ամեն առավոտ: Շնորհակալ լինել Աստծուն՝ կյանքը որպես նվեր ունենալու համար, զգալ իրենց գոյությունը, կյանքից վերցնել լավագույնը և փառաբանել այն, փոխել ինչ կարող են, ժպտալ և ժպիտ բերել նրանց դեմքին, ում սիրում են: Վայելել կյանքը՝ իմաստավորելով ամեն րոպեն, յուրաքանչյուր փոքր հաջողությունը, յուրաքանչյուր դրական արդյունքը, ամեն մի սովորած դասը՝ լինի դա ուրախությամբ, թե ցավի միջոցով...»: Նա իր կտակում վստահեցրել է, որ ապրել է սիրով կախարդված. «Երբեմն ինձ թվում է, թե կյանքս ապրել եմ դատարկ «երեկներ» հավաքելով, բայց մարդիկ ինձ հիշեցնում են միշտ այն ժառանգության մասին, որը ցանել եմ իմ անցած ճանապարհին. Երազներս, բանաստեղծություններս, խոհերս, զգացմունքներս... Շատ սխալներ եմ թույլ տվել, ցավ եմ ապրել՝ անխուսափելի ճանապարհներից մեկը սովորելու և փորձ ձեռք բերելու: Բարի լուրն այն է, որ կհանդիպենք նորից հավերժության ու անսահմանության եզերքում, քանզի հոգևոր թագավորությունում նմանը ձգտում է նմանին»:

Գործունեությունը

Ալիսիա Կիրակոսյանը 1971 թվականից հաստատվել էր Միացյան Նահանգներում և ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր: 1966 թվականին իտալերեն լեզվով լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Մեկ օրում հինգ ձայն» գիրքը: Բանաստեղծուհին 1967 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան, որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը: 1992 թվականին իսպաներեն, հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է Ալիսիա Կիրակոսյանի հիմադրած «գերտարածական» կոչվող բանաստեղծական շարժման տեսությունը: 1993 թվականին Բրազիլիայի Սան-Պաբլո համալսարանում փիլիսոփայության գծով Ալիսիան պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ գրականության բնագավառում: Հայերեն լույս են տեսել նրա «Արմատ և Էություն», «Նամակ առ Հայաստան», «Խորան I», «Խորան II», «Ամբողջական երկեր» գրքերը: Եռալեզու հրատարակվել է «Բանաստեղծություն և գերտարածություն», «Խաղաղություն քվանտային», անգլերեն՝ «Սեր և մայրություն բառերից այն կողմ», «Արմատ բառից այն կողմ», «Բեմ՝ երկնքի համար» գրքերը: Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պ. Պիկասոն: Ալիսիա Կիրակոսյանը իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Նաև պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մրցանակով:

Մեծանուն մարդկաց կարծիքները Ա. Կիրակոսյանի մասին.
«Դուք, որպես վավերական բանաստեղծուհի, ձեր գրչով և ազնիվ ներշնչումներով հայ և օտար ընթերցողներին հաղորդակից դարձրեցիք մեր նախնիներից ժառանգած մեր հոգևոր, ազգային հարստություններին և վսեմ ձգտումներին»: /Վազգեն Ա Վեհափառ/
«Մեծ հիացում եմ զգում Ալիսիա Կիրակոսյանի հանդեպ»: /Վ. Սարոյան/
«Զգալի է, որ նա ճշմարտությունն է գրում». Խորխե Լուիս Բորխես «Զգալի է, որ նա ճշմարտությունն է գրում»: /Խորխե Լուիս Բորխես/
«Արտահայտչական անհուն կարողություն և արդի տեսողականություն»: /Ժիլբերտո Մենդոսա Տալես՝ բրազիլացի մրցանակակիր գրող/
 

Տեսանյութերը

Ալիսիա Կիրակոսյան...

Ալիսիա Կիրակոսյան. Բանաստեղծությ...

Ալիսիա Կիրակոսյան. Սիրերգություն...

Ալիսիա Կիրակոսյան. Բարև ծրագիր 2...

Օգտագործող Գաղտնաբառ