haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գործարար

Ծնվել է՝ 20/06/1901 - Մահացել է՝ 11/07/1996

Կենսագրությունը

«Մի բավարարվեք գործի միջակ կատարմամբ. Ձգտեք կատարելության»: /Ալեք Մանուկյան/ 

Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ և մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թվականի հունիսի 20-ին՝ Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նրա հայրը՝ Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր՝ հարգված ու ձեռներեց մի մարդ, ով ընտանիքը պահում էր հացահատիկի առևտրով: Տղան սկզբնական շրջանում օգնում էր հորը՝ համատեղելով ուսումն ու աշխատանքը: Ալեքը սովորում էր ծննդավայրի հայկական դպրոցում: Դեռ դպրոցական տարիքից աչքի էր ընկնում հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ ու հայրենասիրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական էջին, երբ թուրքի յաթաղանից հալածված՝ բազմաթիվ հայեր լքեցին հայրենիքը ու ապաստան գտան օտար ափերում: Երբ 1915 թվականի սարսափելի եղեռնից հետո հայերի համար հայրենիքում մնալը վտանգավոր դարձավ, թերևս միայն Թագվորի հեղինակությունն ու հարգանքը կարողացան նրա ընտանիքը զերծ պահել թուրքերի ոտնձգությունից: Սակայն երաշխիք չկար, որ մի օր նաև նրանք չէին դառնա դավադիրների զոհը: Ուստի 1920 թվականին 19-ամյա Ալեքն ընդամենը մի քանի տասնյակ դոլար գրպանում, շատ շատերի հետ բռնում է պանդխտության ճանապարհը, դեպի ԱՄՆ՝ երկիր, որտեղ ոչ միայն ապահով էր, այլև երազանքներն իրականացնելու առումով հեռանկարային: Հետագայում նրան են միանում ընտանիքի մյուս անդամները: Սկզբնական շրջանում նա հաստատվում է Բրիջպորտում (Կոնեկտիկուտ), որտեղ որպես բանվոր աշխատանքի է անցնում գործարաններից մեկում, միաժամանակ գումար վաստակում մեծահասակների համար երեկոյան հայոց լեզվի դասընթացներ կազմակերպելով: Սակայն դա չի բավարարում ապագա գործարարին և քաղաքից քաղաք տեղափոխվելով՝ 1924 թվականին նա ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Դետրոյթում՝ աշխատանքի անցնելով մեքենաշինական մի ընկերությունում: Եռանդուն երիտասարդը Ամերիկա էր մեկնել սեփական գործը հիմնելու և ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու փափագով: Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին Մանուկյանը նախանձելի արագությաբ է ընտելանում և շնորհիվ իր խելքի ու աշխատասիրության՝ 1929 թվականին, երբ ողջ Ամերիկան հազարավոր փորձառու և հաջողակ ընկերությունների կործանան պատճառ դարձած մեծ ճգնաժամի մեջ էր, հիմնում է ավտոմեքենաների մասեր արտադրող սեփական «Մասքո» ընկերությունը: Այն բարգավաճում է և շուտով շահույթ ապահովում գործարանատիրոջը: Այդ ընթացքում երիտասարդ Մանուկյանն ամուսնանում է Մարիի հետ՝ ողջ կյանքում հանձին նրա՝ կողքին ունենալով հավատարիմ ու նվիրված, խելացի ու բարեսիրտ ընկերուհու և կյանքի ուղեկցի, ով նրան երկու զավակ է պարգևում: Մեծ բարերարը կյանքից հեռացել է 1996 թվականի հուլիսի11-ին՝ Դետրոյթում: Հետագայում Դետրոյթից Սբ. Էջմիածին տեղափոխվեցին հայ բարերարներ Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները՝ վերաանթեղվելու իրենց անունը կրող գանձատան բակում: Մահը նրանց ֆիզիկապես մոտեցրեց իրենց հողին, սակայն կյանքի օրոք այս հրաշալի անձնավորությունները երբեք հոգուց ու մտքից չհանեցին Հայաստանը և իրենց ողջ կյանքն ու կարողությունը ներդրեցին հայապահպանման գործին թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում: 

Գործունեությունը

Սակայն միայն գործերի հաջող ընթացքը, անձնական երջանկությունը և ընտանիքի բարօրությունը չէին բավարարում Ալեքի հոգևոր պահանջները: Նա սրտացավությամբ էր նկատում, որ հայրենակիցները օտարի երկրում կանգնած են ձուլման եզրին: Հայապահպանման գործին ծառայելու և սփյուռքահայերին բաժին ընկած փորձությունները թեթևացնելու բուռն ձգտումով նա 1930 թվականին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը՝ մեծ առաքելություն դնելով իր ուսերին և ողջ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ լծվելով այդ գործին, ինչպես նաև չմոռանալով իր գումարները կրկնապատկելու մասին, ինչն այնքան անհրաժեշտ էր հայապահպանության համար մղվող պայքարում: «Մասքո»-յի շահույթը սկսեց կտրուկ աճել երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ արտադրանքի վաճառքի ծավալներն առաջին անգամ գերազանցեցին մեկ միլիոն դոլարը: «Մասքո»-ն հայի հիմնած առաջին արդյունաբերական ձեռնարկությունն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել: 1940-ական թվականների վերջերին Կալիֆոռնիայից մի հայտնագործող շրջում էր ԱՄՆ-ի գործարաններով՝ առաջարկելով գնել իր «հեղափոխական» հայտնագործության հեղինակային իրավունքները: Հայտնագործության «հեղափոխականությունն» այն էր, որ տաք և սառը ջրերի երկու ծորակների փոխարեն՝ գործում էր միաբռնակ ծորակ: Այն հավանաբար այդպես էլ կմնար թղթի վրա, եթե հայտնագործողը չդիմեր «Մասքո» ընկերությանը, որը զբաղվում էր բարդ մետաղական դետալներ արտադրելով: Ալեք Մանուկյանի փորձառու աչքը միանգամից նկատեց ծորակի նախագծի մեջ հաջողված հեռանկար: Մանուկյանը գիտակցեց, որ նախագծում կարելի է օգտագործել միայն մեկ շարժվող էլեմենտ, ինչը և՛ ձեռնտու է, և՛ հարմար, և՛ մատչելի: Գնելով կալիֆոռնիացուց ծորակի հում նախագիծը՝ ընկերության ճարտարագետները Մանուկյանի գլխավորությամբ սկսեցին աշխատել այն ստեղծելու վրա: 1954 թվականին աշխարհում առաջին միաբռնակ ծորակը պատրաստ էր: Այն անվանեցին Delta: Սակայն միաբռնակ ծորակը միանգամից չէ, որ սկսեց մարդկանց տներում տեղ գտնել և օգտագործվել: «Մասքո»-ն դիմեց սանտեխնիկայով զբաղվող մի շարք ընկերությունների, սակայն ստացավ մերժում՝ մերժման ետևից: Եվ հենց այդ ժամանակ Ալեք Մանուկյանը որոշեց ինքնուրույն արտադրել և վաճառել միաբռնակ ծորակները: Ընդամենը մի քանի օգնականներով նա սկսեց զբաղվել ծորակների վաճառքով, ինչն ինքնին տարօրինակ էր նայվում՝ հաշվի առնելով Ալեք Մանուկյանի՝ ընկերության տնօրեն և մեծահարուստ լինելու փաստը: Ալեքը սանտեխնիկայի աշխատողներին զեղչեր էր առաջարկում, նույնիսկ նվիրում էր ծորակները՝ միայն թե դրանք տեղադրվեին նորակառույց տներում կամ փոխարինեին վնասված ծորակներին: Միաբռնակ ծորակներին բնակչությունը շուտ սովորեց. դրանք հարմարավետ էին և շուտ չէին փչանում: Շուտով Մանուկյանը հասավ նրան, ինչին ձգտում էր ի սկզբանե՝ աշխարհը հետաքրքրվեց միաբռնակ ծորակներով, նրան սկսեցին դիմել բոլոր այն ընկերությունները, որոնք ժամանակին հեգնել էին այդ գաղափարը: Արդյունքում՝ արդեն 1958 թվականին միաբռնակ ծորակների վաճառքը բերեց այն արտադրողներին մեկ միլիոն դոլար: Իսկ այսօր նույն կազմակերպությունը ամեն ամիս արտադրում է մեկ միլիոն միաբռնակ ծորակ: Այժմ «Մասքո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Աշխատում է Ալեք Մանուկյանի որդին՝ Ռիչարդ Մանուկյանը: Ամենակարևորը սակայն այն է, որ ընկերության հաջողություններն ու շահույթները հնարավորություն տվեցին հայ բարերարին իրականացնել բազմապիսի հայանպաստ ծրագրեր: Միայն այդ դեպքում էր նա իրեն լիարժեք զգում, հասկանում, որ զուր չի ապրում: «Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»... Երբ 1953 թվականին Մանուկյանն ընտրվում է ՀԲԸ նախագահ՝ ավելի է ընդլայնում իր բարեգործությունների սահմանները, որոնք իրագործելու համար անգամ շրջանառության մեջ է դնում սեփական գործից ստացված խոշոր շահույթները: Ալեք Մանուկյանի դերը ՀԲԸ միության պատմության մեջ բացառիկ էր: Նա այդ կազմակերպությունը ղեկավարեց 36 տարի, և այդ ընթացքում միությունը ԱՄՆ-ի ամենախոշոր և արդյունավետ գործող բարեգործական կազմակերպություններից էր համարվում: 1970 թվականին՝ 17-ամյա ղեկավարումից հետո, որի ընթացքում ՀԲԸՄ ներդրումները 8 մլն-ից աճում են մինչև 50 մլն, Մանուկյանն ընտրվում է ընկերության ցկյանս նախագահ: Ալեք Մանուկյանի բարեգործությունը միայն հայկական գաղթօջախներով չի սահմանափակվել: Իր հարգանքի տուրքը մատուցելով հյուրընկալներին՝ նա օգնություն է հատկացրել նաև օտարերկրյա մի շարք հիվանդանոցների, գրադարանների, համալսարանների ու դպրոցների: Իր այդ մարդասիրական գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, շքանշանների ու կոչումների: 1989 թվականի օգոստոսին ՀԲԸ միության 5-րդ նախագահ Ալեք Մանուկյանը Կենտրոնական վարչությանը նամակ է հղում, որով հրաժարվում է միության նախագահությունից՝ պատճառաբանելով, որ տարիքի բերումով «իր ուժերը չէին թույլատրեր 21-րդ դարու պարտավորությունները դիմագրավելու խոստումը կատարելու»: Հոր հրաժարականից հետո միության նախագահությունը ստանձնում է դուստրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը: Ալեք Մանուկյանը որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ՝ հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500հզ. ամերիկյան դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը և հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի: 1994 թվականին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արժանացել է մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման: Ալեք Մանուկյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում, Ստեփանակերտում, Մոնրեալում: Ստեփանակերտում տեղադրված է նրա արձանը: Նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: Հայաստանի Ազգային հերոս (14.10.1994): Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը իր ընտանիքին, ժողովրդին ու հայրենիքին նվիրվածության բացառիկ դրսևորում էր: Ահա ինչու մահից հետո անգամ նրա աշխարհիկ գործերը շարունակվում են շնորհիվ իր երախտապարտ զավակների՝ Լուիզ Սիմոն և Ռիչարդ Մանուկյանների:  

Նկարները
Տեսանյութերը

ՀՀ Ազգային Հերոս Ալեք Մանուկյան ...

Ալեք Մանուկյան. 20-րդ դարի 100 մ...

Նոր մասունքարան՝ Մայր Աթոռի Ալեք...

Հարց անցորդներին Ալեք Մանուկյան ...

Օգտագործող Գաղտնաբառ