haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐԻ ՄԱՌՔ

Գրող

Ծնվել է՝ 14/02/1883 - Մահացել է՝ 07/03/1966

Կենսագրությունը

«Մեր հետևում թողնում ենք մի արահետ, որը թեև տոնական կամ փայլուն ոչինչ չունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գյուղի մի նեղ արահետ, որով անցել ենք կատարելով մեր պարտականությունները իբրև կին, իբրև ամուսին և իբրև մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը: Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը՝ ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից: Այն պիտի տանի մեզ մի բարձունք, ուր մղում են մեզ մեր սեռի, մեր ազգի, մեր հայրենիքի վերածննդի ջղապիրկ իղձերը»: /Հայկանուշ Մառք/ 

Հայկանուշը ծնվել է Կ. Պոլսի Այազփաշա թաղամասում, Մարգար և Եպրաքսե Թոփուզյանների դուստրն է: «Մառք» գրական անունը հոր անվան առաջին վանկից է առաջացել: Նա ավարտել է Եսայան վարժարանը: Դրանից հետո ուսումը շարունակել է մասնավոր դասերով: Նրա ուսուցիչն է եղել գրաբարագետ Հակոբ Գուրգենը, որը մեծ դեր է ունեցել Հայկանուշի մայրենի լեզվի իմացության և ճաշակի հղկման գործում: Միաժամանակ դասավանդել է Ազգային հիվանդանոցի գիշերօթիկ որբանոցում: Այնուհետև ութ տարի դասավանդել է Նշանթաշի Նիկողոսյան աղջկանց բարձրագույն վարժարանում: 1903 թվականին արժանացել է «Մասիս» թերթի գրական երկրորդ մրցանակին: Նույն թվականին տպագրել «Աղջկան մը հոգին» վիպակը: 1905 թվականին Մառքը նշանվել է «Մանզումեի Էֆքյար» թերթի խմբագիր Վահան Թոշիկյանի հետ: Նույն թվականին նրանք ձեռնամուխ են լինում «Ծաղիկի» հրատարակությանը: «Հավատացի, և խորապես, թե ֆեմինիսմը արդարության աղաղակ մըն էր,- գրում է տարիներ հետո Մառքը:- Տղայություն պիտի ըլլար զայն խնդրել: Պետք էր ուրեմն որ ձեռքս երկարեի ինքս անձամբ առնելու համար իրավունքս: Ահա սկզբունք մը»: 1907 թվականին Հայկանուշ Մառքը և Վահան Թոշիկյանը ամուսնանում են և մեկնում Իզմիր (Զմյուռնիա), քանի որ Թոշիկյանը հրավիրված էր խմբագրելու Քեշիշյանի «Արշալույսը» և Մամուրյան որդու «Արձագանքը»: Այդ թերթերում Մառքը շարունակում է «Ծաղիկի» գործը՝ վարելով կանանց բաժինը:

Գործունեությունը

1909 թվականին ամուսինները վերադառնում են Պոլիս, որտեղ 1908 թվականին՝ Սահմանադրության ընդունումից հետո, աշխույժ կյանք էր սկսվել: «Արև տեսած ծաղիկի պես բացվեր էին: Մարմիններ, կազմակերպություններ, ազատության խոյանքներ, ժողովներ, ժողովականներ, գործեր, գործիչներ թափ էին առեր: Հույսի, լույսի պայծառություններ կը շողշային»,- հիշում է Մառքը: Եվ նա հայտնվում է հասարակական ասպարեզի կիզակետում: Սիպիլը հրավիրում է նրան Ազգանվեր հայուհյաց ընկերություն: «Ահա տարր մը, որուն այնքան պետք ունինք»,- ասում է նա՝ ներկայացնելով Հայկանուշին ընկերության անդամներին: Հետագայում, բացի Ազգանվերից, Հայկանուշ Մառքը ատենադպիրի պաշտոն է վարել նաև Կայ կանանց ընկերակցությունում, Հայ տիկնանց ընկերությունում, Ղալաթիայի Աղքատախնամում, Ազգային հիվանդանոցի օժանդակ հանձնախմբում և այլն: 1919 թվականին՝ «Ծաղիկից» տասնչորս տարի անց, Հայկանուշ Մառքը հիմնադրում է «Հայ կին» հանդեսը: «Ծաղիկի» գործը ակամա ընդհատված, սակայն մոռացված չէր: «Ուսուցչական ասպարեզ, գրական կյանք, բարեսիրական մարմիններու աշխատակցություններս զիս չէին բավարարեր: Չէին կրնար մարել հուրը հոգիիս մեջ»,- խոստովանում է Մառքը: Ինչպես և «Ծաղիկի» դեպքում, այժմ էլ նրան մեծ աջակցություն է ցույց տալիս ամուսինը՝ Վ. Թոշիկյանը: «Կը հավատայինք մեր հաղթանակին երկուքս ալ, վասնզի իտեալ մը կը լուսավորեր զայն»: 1925 թվականին Սիպիլը և Հայկանուշ Մառքը հրավիրվում են անդամակցելու Ազգային կենտրոնական վարչության Ուսումնական հանձնախմբին: Սա աննախադեպ երևույթ էր, մինչ այդ երբեք որևէ կին չի անդամակցել այդ մարմնին: Սակայն տարբեր պատճառներով երկուսն էլ հրաժարվում են: 1932 թվականին «Հայ կինը» դադարեց: Դստեր մահվանից հետո Հայկանուշ Մառքը չկարողացավ այլևս աշխատել նախկին եռանդով և մի քանի տարի մեկուսացավ հասարակական կյանքից: 1936 թվականից նա սկսեց աշխատակցել Վ. Թոշիկյանի հրատարակած «Նոր լուրին»՝ վարելով կանաց էջը: Նա աշխատակցել է նաև «Մանզումեի Էֆքյար», «Բյուզանդիոն», «Լույս», «Բյուրակ», «Հայաստանի կոչնակ», «Ժամանակ», «Երկուշաբթի» թերթերին, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին», Ազգային հիվանդանոցի տարեգրքերին, «Երիտասարդ հայուհուն» և այլն: 1921 թվականին հրատարակվել է Մառքի «Ծուլության պահերես» ժողովածուն: 1954 թվականին Կ. Պոլսում մեծ շուքով տոնվում է Մառքի գրական գործունեության հիսնամյակը: Այդ առիթով հրատարակվում է նրա բանաստեղծական և հրապարակագրական գործերը՝ «Հայկանուշ Մառք. կեանքն ու գործը» խորագրով: Հայ գրականության և հրապարակախոսության կնոջ ձայնը շնչավորող և հայ կանանց շարժումը ժողովրդականացնող նվիրյալը ապրեց մինչև խոր ծերություն: Վերջին տարիներին առողջական վիճակը վատթարանում է և Մառքը տեղափոխվում է Պոլսի ազգային հիվանդանոց, ուր և վախճանվում է 1966 թվականի մարտի 7-ին: Հայկանուշ Մառքն իր հարուստ գրադարանն ու բոլոր իրերը կտակել է Սուրբ Խաչի Դպրեվանքին:

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ