haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԻՐԶԱՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 21/08/1888 - Մահացել է՝ 26/11/1958

Կենսագրությունը

Հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Միքայել Հովհաննեսի Միրզայանը ծնվել է 1888 թվականի օգոստոսի 21-ին՝ Թիֆլիսում: 1908 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է տեղի երաժշտական դպրոցում, իսկ 1921 թվականին ավարտել է կոնսերվատորիան՝ Ի. Չերպինի դասարանը: 1928 թվականից մինչև 1958 թվականը եղել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ուսումնական բաժնի վարիչը: Միրզայանը հիմնականում գրել է կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր՝ «Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը», «Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն: Միքայել Միրզայանը մահացել է 1958 թվականին՝ Երևանում:

Գործունեությունը

Միքայել Հովհաննեսի Միրզայանը հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955): 1966 թվականին Երևանում հրատարակվել է Միրզայանի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ. Ռ. Աթայան և Մ. Միրզայան): Միքայել Միրզայանի երգերը ժամանակին տարածված ու սիրված էին: Այդ երգերը կատարում էին և՛ ժողովուրդը, և՛ պրոֆեսիոնալ երաժիշտները՝ Տաթևիկ Սազանդարյանը, Շարա Տալյանը: Այսօր էլ դրանք հնչում են նոր մեկնաբանությամբ: 

Լույսը բացվեց, գնամ արտը, 
Կանաչել են դաշտ ու արտը, 
Էն տրակտոր քշող տղան, 
Ջա՜ն, իմ յարն է, մեռնեմ նրան: 

Իսկ նրա «Տոնածառ» երգը գունազարդել է յուրաքանչյուր հայ երեխայի մանկությունը.

 Տոնածառ ջան, տոնածառ, 
Ինչ սիրուն ես ու պայծառ, 
Տես ինչ լավն է, Տես ինչ լավն է, 
Չորս կողմը լույս ու պայծառ է: 

Մ. Միրզայանը 1939 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Միրզայանի անունով Երևանում երաժշտական դպրոց է անվանակոչվել:

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ