haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԴԱՎԻԹ ԷԴՈՒԱՐԴԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 12/12/1950

Կենսագրությունը

«Գրքերը մարդուն նախագծում ու կառուցում են այնպես, ինչպես ծնողները: Նրանք մեր կյանքի համահեղինակներն են: Մենք իրենց մեջ, իրենց հետ մեծանալով դառնում ենք այն, ինչ կանք»: /Դ. Մուրադյան/

Գրող, կինոգետ, հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր-ռեկտոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Երևանում: Անունը կնքել են Դավիթ Բեկի պատվին, քանի որ այդ շրջանում «Դավիթ Բեկ» օպերայի ամբողջ պարային բեմադրությունն անում էր նրա հորեղբայրը՝ այդ օպերայի պատվին էլ փոքրիկի անունը դրել են Դավիթ: Դավիթ Մուրադյանը հասակ է առել մշակութային ընտանիքում: Նա չի տեսել ոչ տատիկ և ոչ էլ պապիկ: Դավթի մանկապարտեզները եղել են թատերական ինստիտուտն ու օպերան: Մայրը բալետի պարուհի էր, իսկ հայրը դասավանդում էր թատերական ինստիտուտում: Մի օր մեկն էր իր հետ տանում աշխատանքի, մի օր՝ մյուսը: Եվ այդպիսով արդեն կանխորոշված էր նրա վաղվա օրը: Մի օր էլ Վիլեն Զաքարյանը՝ լինելով թատերական ինստիտուտի շրջանավարտ, նկատում է Դավիթ Մուրադյանին ու տանում Նորք՝ «Երևան ստուդիայի» շենք, որտեղ էլ Դավիթը նկարահանվում է «Փոքրիկ ջութակահարը» ֆիլմ-ներկայացման մեջ: Եվ քանի որ նա այդ ժամանակ տասը տարեկան էր՝ դերի համար անհրաժեշտ էր ոչ այնքան դերասանական շնորհ, որքան երեխայի անկեղծությունն ու անկաշկանդ լինելը, ինչը հատուկ էր արվեստագետների ընտանիքում մեծացած Դավթին: Այդ ֆիլմ-ներկայացման մեջ, որը ուղիղ եթեր էր հեռարձակվում, նա եղել է Արմեն Ջիգարխանյանի, Սոս Սարգսյանի, Շահում Ղազարյանի խաղընկերը: Այժմ Վիլեն Զաքարյանը ապրում է Մոսկվայում և հրատարակել է իր հուշերի գիրքը, որտեղ այդ մասին մի փոքր հատված կա: Սակայն Դավիթ Մուրադյանը թատերական ինստիտուտ չի գնացել մի պարզ պատճառով՝ որ չասեն հայրը տեղավորեց, այլ ընդունվել է համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1973 թվականին: Նա իր անկեղծությունը բեմից տեղափոխել է գրականություն, որտեղ իր կարծիքով մարդն ամբողջական է:
Դավիթը տան խորդանոցում մի գիրք է գտել՝ դեղին, քրքրված, հին ուղղագրությամբ, բայց ոչ Մաշտոցյան, այլ 20-ական թվականների, երբ «և»-ը երեք տառով էր գրվում, նկարազադ ու հետաքրքիր, սակայն որի առաջին 30 էջը չկար: Ու քանի որ նա սիրում էր կարդալ, սիրում էր գիրք` սկսում է կարդալ: Գրիքը նրան շատ է հետաքրքրում ու Դավիթը որոշում է իր կարդացածի հիման վրա գրել վեպի սկիզբը ու լրացնել բացակայող 30 էջը: Գրչածայրը թանաքամանի մեջ թաթախելով սկսում է գրել, ինչն իրեն բավականին դուր է գալիս: Հետագայում նա պարզել է, որ դա Ռոնի Ժոզեֆի «Պայքար կրակի համար» արկածային վեպն էր: Ահա թե ինչն է խթան հանդիսացել հետագայում Դավիթ Մուրադյան որպես գրող կայանալու համար:

Գործունեությունը

1987 թվականին Դավիթ Մուրադյանը հեռուստատեսություն է մտել որպես հաղորդավար: Վարել է 1.30 ժամ կինոյի մասին շարք: Այդտեղից էլ սկսվել է նրա կարիերան որպես հաղորդավար: Սակայն հեռուստատեսությունը Դավթին կուլ չի տվել, քանի որ նրան հետաքրքրում էր ոչ այնքան էկրաններին երևալը, որքան հետաքրքիր մարդկանց հետ հաղորդակցվելը: Նա իրեն հեռուստատեսության պրոֆեսիոնալ չէր համարում, այլ ընդամենը իր մասնագիտությամբ եկել էր հեռուստատեսություն: Երիտասարդ տարիքում աշխատել է նաև ռադիոյում (21-22 տարեկան)՝ գրական հաղորդումների խմբակցությունում: Փորձել հնարավորինս լավ դրսևորվել ու ցույց տալ մասնագիտական լավագույն կարողությունները: Դավիթ Էդուարդի Մուրադյանը գրել է 8 գիրք, բազմաթիվ հոդվածներ, պիեսներ ինչպես նաև վավերագրական, խաղարկային ֆիլերի սցենարներ: Ցավոք միայն 8, որովհետև կարող էր լինել 18: Դա գրողի ներքին մշտական անբավարարվածությունն ու անհանգստությունն է: Պատճառը նրա զբաղվածությունն է, քանզի ըստ նրա՝ գրականությունը միայն շաբաթ-կիրակի օրերի համար չէ, գրականությունը ամեն օրվա համար է: Դավիթ Մորրադյանի պիեսները բեմադրվել են Երևանի, Գյումրիի պետական թատրոններում, հեռուստատեսությամբ, ինչպես նաև Հալեպում: «Մեր հին դաշնամուրը» պիեսը ստացել է «Լևոն Շանթի» մրցանակը՝ որպես տարվա լավագույն պիես: Երևանը, ժամանակն ու պիեսը գտել են իրար, ինչով և պայմանավորված է տվյալ պիեսի հաջողությունը: Այն նաև թարգմանվել է ռումիներեն ու մի ռումինացի գրող ասել է, որ եթե պիեսում Երևան բառը փոխարինեն Բուխարեստով, ոչինչ չի փոխվի, քանզի նրանք էլ ապրեցին այդ ժամանակը: Ըստ Դավիթ Մուրադյանի՝ գրականություն լինի, կինո լինի, թատրոն լինի՝ իրականության պակաս տեղերը լրացնելու համար է գրելը, որովհետև որտեղ իրականությունը վերջանում է, այնտեղ սկսվում է արվեստը, ստեղծագործությունը: Իրականությունը նյութական է, մարդը դրանում չի տեղավորվում ու առաջանում է արվեստի պահանջ, որի կարիքը մարդու հոգին է փնտրում: Դրա համար էլ դեռ քարանձավում ապրող մարդը ածուխով պատին բիզոն էր նկարում: Դավիթ Մուրադյանը աշխատել է տարբեր բնագավառներում, սակայն բոլորն էլ նրա համար արվեստ ու մշակույթ են եղել: Թատրոնը նրա համար ծննդավայրի պես տեղ է եղել, գրականությունը գտել է իրենց տան խորդանոցում, իսկ ռադիոն, կինոն ու հեռուստատեսությունն էլ եկել ու գումարվել են այս ամենին: Իր կյանքի լավագույն տարիները արվեստի վաստակավոր գործիչը անցկացրել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ու ստեղծագործական էներգիայի մեծ մասը տվել կինոյին: 1994 թվականից դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, որից 20 տարի անց դարձել այդ նույն ինստիտուտի ռեկտորը:

Տեսանյութերը

Իմ գրադարանը. Դավիթ Մուրադյան...

Արվեստանոց. Դավիթ Մուրադյան...

Գրողն ու իր իրականությունը. Դավի...

Մեր թատրոնը. Դավիթ Մուրադյան...

Մշակույթ և մշակութային գիտակցութ...

Մեր ժամանակակիցը՝ Դավիթ Մուրադյա...

Դավիթ Մուրադյան

Օգտագործող Գաղտնաբառ