haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ (ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Զինծառայող

Ծնվել է՝ 12/01/1867 - Մահացել է՝ 23/09/1914

Կենսագրությունը

«Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. պետք է միշտ լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»: /Նիկոլ Դուման/

Նիկոլ Դումանի բուն անունը Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան էր: Ծնվել է 1867 թվականին՝ Ղարաբաղի Խաչեն գավառի Ղշլաշ գյուղում: Քահանայի որդի էր: Նախնական կրթությունը ստանալով գյուղում՝ հոր մոտ՝ մտել էր Շուշիի թեմական դպրոցը՝ ավարտելով նրա հնգամյա դասընթացը 1887 թվականին: Միևնույն տարում գրագրի պաշտոն էր ստացել Արցախի թեմի կոնսիստորիայում, և կարճ ժամանակից հետո նրան էր հանձնվել նույն կոնսիստորիայի քարտուղարությունը: Ութսունական թվականների վերջերին Շուշին, ինչպես և Կովկասի մյուս հայկական կենտրոնները, հայրենասիրական խմորումներով էին բռնված: Թուրքահայկական դատը գրավել էր երիտասարդության մտքերը: Մտավորականության և աշակերտության մեջ գաղտնի ընկերություններ էին կազմվում: Օրվա հարց էր Թուրքահայաստանի ազատությանը աջակցելու պահանջը: Ղարաբաղի մայրաքաղաքը առաջին ահազանգը հնչեցնողներից էր: Եվ երիտասարդ Նիկողայոսը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ այդ տրամադրություններից: Երկու տարի Շուշիում պաշտոն վարելուց հետո Նիկոլը որոշ ժամանակ էլ ուսուցչություն է անում Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում: Բայց խաղաղ մշակուային աշխատանքը նրան չի հրապուրում: Եվ 1891 թվականին նա անցնում է Պարսկաստան՝ դաշնակցական ռահվիրաներին միանալու համար, որոնք ձեռնարկել էին Կովկաս-Թավրիզ-Սալմաստ-Վասպուրական հեղափոխական գծի կազմակերպությունը: Արդեն 1892 թվականին Նիկոլը Թավրիզում՝ Լիլավայի դպրոցում վարում էր ուսուցչի պաշտոնը: Մի խումբ ուսուցիչներ, վարժուհիներ և գործիչներ Թավրիզում կազմել էին մի ընկերական շրջան՝ համակված տաճկահայ ժողովրդի ազատագրության գաղափարով: Սեփականության գաղափարը գոյություն չուներ այդ ընկերական շրջանում և ոչ ոք նրանցից իր ռոճիկի կամ աշխատանքի տերը չէր: Բոլորի հավատարմատարը Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանն էր՝ ապագա Դումանը: Նա էր, որ ստանում էր բոլորի աշխատավարձը և կատարում բոլոր ծախսերը՝ բավարարելով ընկերների բոլոր պահանջները՝ սկսած ուտեստից մինչև հագուստը: Այդպիսի կյանքը հնարավորություն էր տալիս տնտեսելու մի զգալի գումար՝ ընդհանուր գործի վերաբերյալ ծախսերը կատարելու: Եվ ամբողջ երկու տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ դիսոնանս՝ անհամաձայնություն մտցներ ընկերական շրջանի մեջ: Երկու տարի պաշտոնավարելուց հետո Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը տեղափոխվում է Սալմաստի Ղալասար գյուղը՝ ուսուցչի պաշտոնով: Այդտեղ ևս, ինչպես Թավրիզում, որպես ուսուցիչ և հասարակական գործիչ նա մեծ համակրանք է ձեռք բերում ժողովրդի բոլոր խավերի շրջանում: Մոտենում է 1894 թվականը՝ հայ ժողովրդի մարտիրոսագրության այդ անօրինակ շրջանը: Վասպուրականից ամեն օր գալիս են հուզիչ լուրեր, ջարդերի ուրվականը ծառանում է հայ ժողովրդի գլխին: Ցնցոտիներով ծածկված գաղթականներն ու փախստականները լցվում են Սալմաստի գյուղերը և Դուշմանի ձորի այն կողմից սոսկումի լուրեր են բերում: Ահա այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը թողնում է ուսուցչությունն ու հասարակական գործունեությունը և ամբողջ թափով նետվում ազատագրական շարժման գիրկը:

Գործունեությունը

Դերիկ... Նվիրական վայր, որի անվան հետ կապված են շատ քաղցր , նույնքան և դառն հիշողություններ: Դուշմանի ձորի բերանին՝ մի բլրի փեշի վրա, հինավուրց ավերակի վանք էր դա տաճկական սահմանի մոտ: Դուշմանի ձորի և շրջակայքի տեր ու տիրականը քրդերն էին, և ու՞ր կարող էր հայը ոտք դնել այդ վտանգավոր ձորերում: Բայց երբ սահմանի այն կողմում սկսվում են համիդյան հայահալած քաղաքականությունը և ջարդերը, իդեալիստ Բագրատ վարդապետը նույնքան իդեալիստ երկու քաջերի՝ Սարոյի ու Վարդանի հետ Դերիկի նորոգումն է ձեռնարկում և շունչ է տալիս այդ վանքին: Վարդանի և Սարոյի անունները ահուսարսափ են տարածում և զսպում քրդերին, որովհետև հենց առաջին օրը, երբ քրդերը ցանկացան վանքը թալանել, անսպասելի դիմադրության հանդիպեցին: Այդ օրվանից Դերիկը դարձավ հայ փախստականների և հայդուկների իջևան: Համիդի սիրելի Բահրի փաշան՝ Վանի կուսակալը, ամեն միջոցի դիմեց վանքը դատարկելու հայերից, բայց՝ անհաջող: Զայրացած իր անհաջողություններից՝ նա որոշեց մի արշավախումբ ուղարկել՝ հրամայելով քարը քարի վրա չթողնել Դերիկում: Արշավախումբը բաղկացած էր մոտ 500 ծպտյալ ասկյարներից ու քրդերից: Եկան և Դերիկի պաշտպանները՝ թվով 17 հոգի, և մի քանի օրից հետո տեղի ունեցավ հարձակումը: Մի գեղեցիկ առավոտ էր դա, երբ մոտ 60 ձիավոր քրդեր երևացին Դերիկի արևելյան կողմից և բլուրների վրա դիրքեր բռնելով՝ կրակ բացեցին: Միաժամանակ կրակ բացեցին շրջակա լեռների բարձունքների վրա դարանամուտ եղած քրդերն ու ծպտյալ ասկյարները: Չնայած դերիկցիների աննպաստ պայմաններին՝ քրդերը մինչև երեկո տևած կռվի ընթացքում իրենց դարաններից չկարողացան դուրս գալ: Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը այդ խմբի քաջարի մարտիկներից մեկն էր. նա գնդակների տարափի տակ մեկ դիրքից մյուսն էր նետվում: Բայց Բահրի փաշայի հրամանը չէր կատարվում, և քրդերը չէին հանդգնում մոտենալ Դերիկին: Նրանց ուշադրությունը գրավում է վանքի տավարը, որը արածում էր մոտակա ձորակում: Անհուսալի էր 14 տարեկան պատանի հովվի դրությունը, որին քրդերը սկսել էին գնդակոծել: Նկատելով այդ՝ Նիկոլն ու Սաքոն դուրս են գալիս իրենց դիրքերից և դիմում դեպի մոտակա բլուրը՝ օգնության հասնելու պատանի հովվին: Պատանու մայրը՝ աղբակցի գեղջկուհին, աղաչում է Նիկոլին և Սաքոյին՝ չանել այդ քալը և չվտանգել իրենց կյանքը: Սակայն 10 րոպե չանցած՝ Նիկոլն ու Սաքոն, դիմացի բլրի վրա դիրքեր բռնած, գնդակի կրակուտ թափեցին քրդերի գլխին և հետ մղելով նրանց՝ հնարավորություն տվեցին պատանի հովվին անվնաս հասնելու վանք: Խելակորույս մոր ուրախությանը սահման չկար: Այնուհետև սկսվում է Նիկոլի հայդուկային փայլուն գործունեությունը: Նրա առաջնորդույամբ շատ անգամ հայդուկային խմբերն անցնում են Երկիր և կռվի բռնվում զորքերի և քրդերի հետ. Դերիկի երկրորդ կռիվը, որտեղ նա 11 զինված մարդկանցով բազմաթիվ անզենների կյանք փրկեց, Պողոս Քեասանի փայլուն կռիվը, ուր նա քրդերից վաստակեց Դուման մականունը, Կոթուրի կռիվը, վերջապես՝ Խանասորի արշավանքը: Քրդերը «Լո-լո»-ներ հյուսեցին՝ դրվատելով Դումանի քաջությոնը և այն սարսափը, որ թողնում էր նա ամեն տեղ: Ահա այդ «Լո-լո»-ներից. Պողոս-Քեասանը առանձին գյուղ է, Նաթանյան տունն էր, քյաֆրների բունն է. Թող Աստված պատժի քյաֆիր Նիկոլ Դումանին, Որ կտրեց ձեռքը մեր շամսիկցիների: Այս երգը կապված է Պողոս Քեասանի կռվի հետ: Դումանը իր խմբով իջևանում է այդ գյուղում՝ Նաթանյանի տանը: Քրդերը՝ իմանալով այդ, շրջապատում են Նիկոլին՝ ցանկանալով խեղդամահ անել հայդուկներին ծխի ու մխի մեջ՝ նրանք ծածկում են տունը խոտով, փշերով ու կրակ տալիս: Ապա սկսելով հրացանաձգությունը՝ առաջարկում են Նիկոլին անձնատուր լինել: Երբ կրակն ու բոցը ծածկում են տան չորս կողմը, Նիկոլը, հրացանը ձեռքին, դուրս է գալիս քրդերի միջից և հենց դռան առջև հրացանի երկու հարվածով ցած է գլորում շամսիկցիների ցեղապետերին՝ Շաուվշին ու Ջնդիին: Ապա մեն-մենակ հրացանաձգության տակ է առնում նրանց ղոլամներին և 10 քուրդ նորից սպանում: Մնացած քրդերը սարսափահար փախուստի են դիմում: -Ավա մրով Նինա, Ավա դուման (սա մարդ չէ, սա դումանափոթորիկ է),- ասում են քրդերը և երգեր հյուսում Դումանի մասին: Դումանը անծանոթ չէր նաև կովկասահայերին: Նրա կատարած դերը հայ-թաթարական անմիտ ընդհարումների շրջանում երկար չի մոռանա Բաքվի և Երևանի հայությունը: Որտեղ վտանգ է սպառնացել հայությանը, նա հասել է օգնության, կատարել իր հայրենասիրական պարտքը: Առաջին համաշխարհային պատերազմը նոր էր սկսվում, և Թիֆլիսում բուռն թափով կազմակերպվում էին հայ կամավորական զորախմբեր, երբ սեպտեմբերի վերջերին հեռագիր եկավ Թիֆլիսից. «Նիկոլ Դումանը մահացել է Կիսլովոդսկում»: Շուտով հասան և մահվան մանրամասները: Նիկոլ Դումանը՝ ծանր հիվանդ հոդացավով և թոքախտով 1914 թվականի ամռանը գտնվում էր Կովկասի բուժավայր Կիսլովոդսկում: Նա գիտակցում էր իր վիճակի ծանրությունը: Եվ իմանալով, որ կամավորական խմբեր են կազմվում՝ Թիֆլիսում են հավաքվում անվանի հայդուկները՝ Անդրանիկը, Քեռին, Դրոն, Համազասպը, Սեպուհը և ուրիշներ, զգալով, որ ինքն անկարող է միանալ իր զենքի ընկերներին՝ այլևս իմաստ չի տեսնում ապրելու մեջ և սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամը 9-ին ատրճանակով վերջ է տալիս իր կյանքին: Նիկոլ Դումանի թաղումը տեղի ունեցավ Թիֆլիսում՝ սեպտեմբերի 28-ին: Արտասովոր բազմություն էր ներկա, և ամեն կողմից անհաշիվ հեռագրեր էին ուղարկվում մեծ մարտիկի մահվան կապակցությամբ: Նրա աճյունը հողին հանձնվեց Խոջիվանքում՝ Սիմոն Զավարյանի գերեզմանի կողքին: Դա ամենաբազմամարդ թաղումն էր թիֆլիսահայության կյանքում՝ Րաֆֆու հուղարկավորությունից հետո: Սակայն 1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջիվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ... Նիկոլ Դումանը, հիրավի, եզակի դեմք էր ոչ միայն ՀՅԴ կուսակցությունում, այլև 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ իրականության մեջ, բայց, թերևս, ըստ արժանվույն չգնահատված, ինչը պետք է վերագրել նաև այն բանին, որ Դումանը չափազանց համեստ էր, և ազգին ծառայելու, անմնացորդ նվիրվելու մղումը նրա մեջ մեռցնում էր բոլոր մյուս զգացմունքները: Նիկոլ Դումանի հերոսական կերպարը ոգեշնչման օրինակ է եղել հայ ֆիդայիների համար:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ն. Դումանի մասին.

«Ափսոս, Դուման կենդանի չմնաց, որ մեզ ղեկավարեր կամավորական շարժումներուն ընթացքին»: / Զորավար Անդրանիկ/

«Պատանի հասակից, երբ մտա մարտական խմբի մեջ, մեզ համար երեք մեծություն գոյություն ունեին՝ Աղբյուր Սերոբ, Անդրանիկ և Նիկոլ Դուման»: /Դրո Կանայան/

«Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացրած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ: Հրամանատար մըն էր- սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի: Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին- փայլուն ճակատամարտներու շարան մը: Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու:

Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»: /ՀՅԴ պատմագիր Միքայել Վարդանյան/

Տեսանյութերը

Առաջին այրեր- Նիկոլ Դուման...

Հայորդիներ. Նիկոլ Դուման...

Նիկոլ Դումանի տուն թանգարան...

Ներսիկ Իսպիրյան-Նիկոլ Դուման...

Օգտագործող Գաղտնաբառ