haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՅՈՒՐԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 08/04/1961 - Մահացել է՝ 12/06/1992

Կենսագրությունը

Յուրի Պողոսյանը ծնվել է 1961 թվականի Վոլգոգրադի մարզի Կոտովո քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունը անցել են Ստեփանակերտում: Դեռ դպրոցական տարիներից աչքի է ընկել հնարամտությամբ ու ճարպկությամբ: Բազմիցս մասնակցել է ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցումների: Նա տեխնիկայի սիրահար էր, դպրոցն ավարտելուց հետո մտնում է ավտովերանորոգման արհեստանոց, որտեղ շուտով ձեռք է բերում հմուտ վարպետի անուն: 1980 թվականին Յուրին մեկնում է խորհրդային բանակ: 1983 թվականին Ստեփանակերտում ստեղծում է իր սեփական արհեստանոցը, որը և հետագայում դառնում է մեր ազգային-ազատագրական շարժման առաջին զինանոցներից մեկը: Նրա ստեղծած զենքը իր առաջին կիրառությունն է գտնում 1990 թվականին՝ Հադրութի շրջանում, որտեղ ադրբեջանական ՕՄՈՆ-ականները խորհրդային զինվորների ուղեկցությամբ սկսում են իրենց ոտնձգությունները՝ նպատակ ունենալով տեղահան անել բնակչությանը: Օրը ոչ մի բանով չէր տարբերվում մյուս օրերից: Նույնիսկ ձանձրույթի որոշ երանգներ էլ կային՝ կակուղ ու գոլ: Սովորական աշխատանքային առօրյա էր նաև արհեստանոցում՝ թեկուզև ուներ ինքնամոռացության որոշ պահեր: Նա այլ կերպ չէր կարողանում աշխատել: Տղաները կատակում էին, ասում էին արհեստանոցը դարձրել էր իսկական արվեստանոց: Տարբերությունն այն էր, որ նրա ստեղծած սարքը ոչ մեկի քննադատությանը չէր արժանանում: Նա ձեռքը դնում էր երկաթին, երկաթը ստանում էր համապատասխան ձև ու կառուցվածք, հայացքը կախում էր փչացած շարժիչից, շարժիչն սկսում էր աշխատել: Եվ մարդիկ չէին զարմանում, կզարմանային, եթե այդպես չլիներ, եթե լիներ հակառակը: Շատերը հաճույք էին ստանում նրան աշխատանքի պահին տեսնելիս և նրա մոտ էին գալիս հենց այդ հաճույքի համար: Այդ օրն էլ եկան, բայց չկարողացան հանգիստ դիտել, չկարողացան լռել. -Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա... Եվ առաջին անգամ աշխատանքը թողեց կիսատ, օրվա այդ ժամին առաջին անգամ դուրս եկավ արհեստանոցից: Իսկ հրապարակում իսկապես որ ասեղ գցելու տեղ չկար: Այնտեղ էին ուսանողները, տարիքն առած մարդիկ, կանայք: Եվ կարմիր պաստառների վրա խոշոր տառերով գրված էր՝ Միացում: Ուրեմն վերջ միապաղաղ օրերին, կյանքի «խաղաղ» ժամանակահատվածին, անդեմ տարիներին, ուրեմն՝ առաջ, ուրեմն՝ կլինի պատերազմ...Դա 1988 թվականն էր, փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վ. Ի. Լենինի անվան հրապարակում...Նա հետո խոստովանեց, որ ստեփանակերտցիներին երբեք այդպիսին չէր տեսել, այդքան պինդ, ահեղ, կրակոտ, այդպես կուռ... Ընկերներն էլ իրենց հերթին չմոռացան ասել, որ դա նրա ամենագեղեցիկ ու ամենամեծ օրերից մեկն էր, դեպի բարձունք տանող ճանապարհի սկիզբը...

Գործունեությունը

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լցրին ռուսական զորքերով, ադրբեջանական ՕՄՈՆ-ականներով: Այգում մորթվեց առաջին հայը: Տառապանքը խորացավ: Լենին-պարտիա-Գորբաչով արտահայտությունը խեղճացավ: Հրապարակում կանգնելը դարձավ միամտություն, երեխայություն: Եվ ամբոխը թափ տվեց իրեն, ամբոխը տեսավ, որ ցեղն արդեն իր գործն անում է, որ ցեղն արդեն սկսել է պատերազմը... Արհեստանոցը դարձել էր զինանոց, պահեստ: Այնտեղ՝ խորհրդային զինվորի քթի տակ, Յուրի անունով մի երիտասարդ պատրաստում էր մեր առաջին զինվորների առաջին ատրճանակները, նռնակները, հրացանները, ավտոմատները: Այնտեղ էլ փորձարկում էին զենքը՝ հենց արհեստանոցի պատին: Կրակում էին ու ծեփում: Հիմա դժվար է հաշվել պատի կարկատանները՝ տարբեր չափի ու ձևի: Այդտեղ են նրա մտահաղացմամբ հին զինվորական շորերը ստացել «կոմուֆլյաժի» տեսք, այդտեղ են մշակվել ծրագրեր, կայացվել որոշումներ: Այդ արհեստանոցի շուրջն էին հերթապահում տղաները: -Օրեցօր Յուրան վարպետանում էր,- պատմում է հայրը՝ Վաղարշակ Պողոսյանը,- չեմ մոռանում այն օրը, երբ պատրաստեց հերթական «Մակարովն» ու դրեց իսկականի կողքին: «Մակարովի» տերը շփոթեց, չկարողացավ տարբերել, և Յուրան ասաց՝ մի խառնվիր, քոնը համարակալած է: Այդ պահին դժվար չէր նկատել նրա աչքերի բերկրանքը, հպարտությունը և հնչած մի բառը միայն՝ վերջապե՜ս... Ասում են նման մարդիկ չեն սպասում պատերազմի, չեն սպասում չարչարանքի հայտնվելուն, նրանք իրենք են գնում գտնելու ու հենց ճանապարհին ասելու իրենց խոսքը: Եվ Յուրան այդ պատերազմը գտավ պատմական Դիզակի լեռներում, ճանապարհներին, անտառներում ու գյուղերում: Առաջինը զգաց չարչարանքի դառնությունը, կորստի ցավը, հաղթանակի բերկրանքը: Եվ երբ ի պատասխան այգում մորթված հայի՝ թշնամին գտավ երկու դիակ, երբ ավերված հայկական գյուղը դարձավ թուրքական մի քանի գյուղի կորուստ, գերված կանայք ու երեխաներ, Յուրան համոզվեց՝ մենք հաղթելու՛ ենք: Գնում են հաղթելու, գրավելու, ազատագրելու, նահատակների վրեժը լուծելու: Եվ զարմանալի չէ, որ «փոխանակում» արտահայտություն-գործողությունը նրա առաջարկությունն էր նաև: Իսկ երբ թուրքի ութ դիակ նա փոխանակեց հինգ հայի հետ, պատերազմի մեջ մտավ նաև «գերի» արտահայտությունը: Դա պատերազմի սկիզբն էր, փորձության առաջին ժամը: Հետո պիտի ստեղծվեր 4-րդ վաշտը ու Յուրան դառնար նրա հրամանատարը, պիտի կարծես երկնքից հայտնվեր առաջին մարտական տեխնիկան՝ ԲՄԴ-ն, ու Յուրան դառնար անձնակազմի հրամանատարը, հետո պիտի ազատագրվեր Շուշին, ու Յուրան տոներ իր ամենամեծ հաղթանակը, պիտի Յուրայի ԲՄԴ-ն անցներ փառավոր ուղի՝ հավերժ մնալով հանրապետության տասնյակ գյուղերի հիշողության մեջ: Հետո պիտի Խանբադի մոտ Յուրայի ԲՄԴ-ն ոչնչացներ թշնամական երեք զրահատեխնիկա: Ասկերանի մոտ պիտի հայտնվեր թշնամու Տ-72 տանկին դեմդիմաց ու պիտի հաղթեր, պիտի ասեին՝ առաջին տանկը խփել է Յուրան: Հետո պիտի նրան առաջարկեին զրահատեխնիկայի նորոգման գումարտակի հրամանատար դառնալ, ու նա հրաժարվեր, պիտի ուղարկեին Երևան՝ հիվանդ սիրտը բուժելու՝ չգնար: Հետո պիտի տեսներ Շահումյանի կորուստն ու տղերքի դեմ օրորվեր միայն մեկ հարց. ինչու՞... Հետո պիտի չտեսներ հաղթանակը... Իսկ ԲՄԴ-ն պիտի խորհրդանշեր անցած ճանապարհի իրական լեգենդը: Ստեղծված էին առաջին ջոկատները: Սաղմնավորվում էր կանոնավոր բանակի գաղափարը: Տղերքը հասկացան, որ մեկ հրամանատարություն ունենալու ժամանակն է, որ դարավերջի ֆիդային արդեն ավարտել է իր գործը, որ երկիրը պաշտպանել կարող է միայն բանակը, որը պիտի կոչվեր Հայոց բանակ: Ստեղծվեցին առաջին վաշտերը: Տրվեց առաջին աշխատավարձը: Յուրան տուն եկավ զարմանալիորեն շատ փող ձեռքին: Ծնողները նրա մոտ երբեք այդքան դրամ չէին տեսել: Հաց չկերավ: Նստեց ու սկսեց հաշվել, նայում էր ցուցակին ու հաշվում, նայում էր ու հաշվում, հաշվեց մի քանի անգամ, բծախնդրորեն, բայց չէր կարողանում որոշել, ինչպես... մեկը բազմանդամ ընտանիքի տեղ էր, մեկ ուրիշը փողի կարիք չէր զգում... Ուրեմն հարցը լուծված է, ինքը աշխատավարձ չի ստանա, չեն ստանա նաև իր մտերիմ ընկերներից մի քանիսը: Եվ դրամը կբաժանվի այնպես, ինչպես կասեն տղերքը: Վերջում կայացվեց միակ, անբեկանելի որոշումը՝ փողի գործը պետք է հանձնարարել ուրիշին: 1992 թվականի ամռանն էր: Ցավ, քաղաքում պայթող ռումբեր, մանուկների ու կանանց աղաղակով լեցուն աչքեր, ավերակների տակ մնացած մարմիններ, արյուն, հուսահատություն: Իսկ ինքնաթիռները գալիս էին, մարդիկ օջախները լքած, հրթիռներն ու արկերը պայթում էին մայրաքաղաքի կենտրոնում, թշնամին մոտենում էր, զինվորը չէր հերիքում, զրահատեխնիկան չէր հերիքում, հավատը կարծես չէր հերիքում, չէր ընդհատվում սգո թափորի երթը... Մի՞թե վերջին... Չէ՛: Դեռ վաշտերը կան: ԲՄԴ-ն կա: Երկիրը կա: Դեռ տղամարդու կռիվը չի կայացել: Իսկ թշնամին մոտենում էր, ավելի արագ, արագ... Արանզամինը վառվեց, Աղբուլաղը վառվեց, Խրամորթը վառվեց, Նախիջևանիկը, Ասկերանը... Եվ տկարները կանգնեցին, վիրավորները կանգնեցին, թույլերը կանգնեցին: Զորքերը

խառնվեցին, զարկում էին, զարկվում, մեկը տասի դեմ, քսանի դեմ, հիսունի դեմ... Անզոր էին թվում Ասկերանի պինդ ամրոցները: Եվ մարտը իրենց վրա վերցրին ամենաքաջերը, նրանք, ովքեր իրավունք չունեին նահատակվելու, ում հրամայված էր չառաջանալ: Յուրան գնում էր ամենաառջևից: Անցան գետը, անցան առաջին բլրակը, երկրորդը, երրորդը, խաղողայգին, ու ամբողջ տարածքը գրավել էր վառվող գյուղերի հոտը, խուճապի հոտը, ցավի ու վրեժի հոտը: Տղերքը կրակում էին, թշնամին գալիս էր, կրակում էին, գալիս էր՝ իր դիակների վրայով, իր արյան վրայով, իր պատվի վրայով: Եվ թուրքը մոլորվեց իր դիակների, թափված զենքերի ու զարմանքի մեջ: Տղերքը տվին տղամարդու իրենց կռիվը: Սակայն եկավ գույժը՝ Յուրին զարկվել էր, մարտիրոսվել է Կուճուր Յուրան... Դա 1992 թվականի հունիսի 12-ին էր, Նախիջևանիկ գյուղի խաղողայգիներում: Եվ Յուրիկի զարմը՝ փոքրիկ Սամվելիկը դուրս թռավ կացարանից, կանգնեց տան առաջ, բարձրացրեց խաղալիք ավտոմատը ու ռմբակոծիչի դեմ կրակե՜ց՝ հայացքով, աչքերով, հավատով, կրակեց և, ինքնաթիռը ընկա՛վ: Քաջարի մարտիկի աճյունն ամփոփվեց Ստեփանակերտի գերեզմանատանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիվ 46496 զորամասի հետևակի հրամանատար, շարքային Յուրա Վաղարշակի Պողոսյանին հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության կոչում՝ հանձնվել Հայրենիքի շքանշան: 

Մեծանուն մարդկանց կարծիքները Յ. Պողոսյանի մասին. 

«Ոչ միայն մեր պետության, այլև բանակի ստեղծումը պայմանավորված է հենց Յուրի Պողոսյանի նման հերոսների արած գործերով: Սփոփանքի խոսքերից բացի, այս պահին նաև հպարտություն պիտի ապրենք: Հերոսների մահերը միայն ֆիզիկական կորուստներ են, որոնց փոխարեն հոգևոր մեծ ձեռքբերումներ ենք ունեցել»: /Սեյրան Օհանյան/

 «Յուրան ինձ համար ոչ միայն մեծ եղբայր, այլև մանկության մեծ ընկեր էր: Երբ շարժումը սկսվեց, զգացի, որ նա մեծացել է: Շատերը ցույցերի ժամանակ մտածում էին, որ ամեն ինչ այդպես էլ կվերջանա, բայց նա կարծես կանխատեսում էր, որ պատերազմ է լինելու ու պատրաստվում էր դրան»: /Իրինա Առաքելյան (ազգային հերոսի քույրը)/

Նկարները
Տեսանյութերը

Ստեփանակերում հարգեցին Յուրի Պող...

Օգտագործող Գաղտնաբառ