haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԱՐԱՄԱՅԻՍ ԱԴԱՄԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 24/05/1936 - Մահացել է՝ 14/03/2013

Կենսագրությունը

Նա այնպես է ինձ ատում 

Ու նախանձում երևի, 
Որ գրքերս չի կարդում՝ 
Վախենում է... հավանի:     
                                          Ա.Սահակյան 

Գրող, մեծ ժողովրդականություն վայելող երգիծաբան, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 24-ին՝ Կրասնոսելսկի շրջանի Բեշքենդ գյուղում (այժմ՝ Արծվաշեն): 1936 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինտիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: 1965-67թթ. սովորել է ՍՍՀՄ Գրողների միության գրական բարձրագույն դասընթացներում (Մոսկվա): Արամայիս Սահակյանը հինգ տարի աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, հետագայում՝ «Գարուն» ամսագրում: 1970 թվականից աշխատել է որպես Հայաստանի ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայության համար տարած հաղորդումների գլխավոր խմբագիր: Սահակյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում, 1959թ-ին «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է պետական և ՀԳՄ-ի մրցանակի: 1970 թվականին «Ապրել և սիրել» գրքի համար արժանացել է պետական մրցանակի: Գրողի ռուսերեն առաջին գիրքը հրատարակվել է «Բարև,բարև» վերնագրով, Մոսկվայում՝ 1971 թվականին: Ժամանակակից կոմպոզիտորները բազմաթիվ երգեր են գրել Արամայիս Սահակյանի տեքստերով: Երևանի պատվավոր քաղաքացի Արամայիս Սահակյանը մահացել է 2013 թվականի մայիսի 14-ին՝ երկարատև հիվանդությունից: Գրողի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ աճյունն ամփոփվել Երևանի քաղաքային պանթեոնում:

Արտահայտած մտքերը.
«Պարոնները շատ են, Պարոնյանը մեկն է»:

«Գրանցվելու եմ Գինեսի գրքում՝ 55 տարի նույն կնոջ գրկում»: 

«Գրիգոր Լուսավորիչ և Լևոն Լուսամարիչ»: 

«Միայն աննորմալների մոտ է ամեն ինչ նորմալ»: 

«Վատերը գոհ են՝ լավերը զոհ են»: 

«Ժողովրդավար՝ ժողովրդին վարի տվող»: 

«Սիրո պահանջը երբ վերանում է, մարդ ծերանում է»: 

«Համեստորեն խնդրում եմ չգովել ինձ, որովհետև ինչքան էլ գովեք՝ քիչ է»: 

«Հարգանքներով իսկական՝ Արամայիս Սահակյան»:

Գործունեությունը

Արամայիս Սահակյանը եղել է «Ոզնի» երգիծաթերթի ավելի քան երեսուն տարվա խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի 15 տարվա հեղինակ-վարող, մի քանի տասնյակ գրքերի և հարյուրավոր երգերի խոսքերի հեղինակ, տասնյակ գրքերի թարգմանիչ: Թարգմանել է մի քանի տասնյակ լեզուներով (Մոսկվայում՝ ռուսերեն չորս գիրք): Նա «Ոսկե գրիչ», Ա. Իսահակյանի, Վահան Թեքեյանի անվան մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացու շքանշանակիր է: Արամայիս Սահակյանի գրքերից են «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ես սիրում եմ քեզ», «Ապրել և սիրել», «Երջանիկ եղեք», «Մարդը մարդով է մարդ», «Ես քո զավակն եմ Հայաստան», իսկ բանաստեղծություններից՝ «Մայրիկիս», «Ձեզ հետ արդյոք չի՞ պատահել», «Ուշանում եք տղերք,ուշանում եք», «Գնացին-չեկան», «Այս ի՞նչ պատահեց հայոց աշխարհին» (երկրաշարժ), «Ի՞նչ իմանաս՝ ո՞վ կլինի հարևանը քո շիրիմի» և այլն: Հեղինակի առավել հայտնի երգերից են «Չքնաղ երազ» (Արեգակին պետք է հեռվից նայել), «Երևան» (Երևան, Երևան, իմ միակ օթևան), «Մեր սիրելի Երևան» (Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան), «Հայ մարզիկների օրհներգը» (Դուք հին ազգի նոր զավակներ), «Հայոց կանայք» (Մենք ձեր պարտքը ե՞րբ պիտի տանք), «Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ բերեմ» և շատ ուրիշներ: Իր երգերի տեքստերի համար դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր:

Մեծանուն մարդկաց կարծիքները Ա Սահակյանի մասին.
«Բարի մարդ էր Արամայիս Սահակյանը»: /Սամվել Բաղդասարյան/

«Նա լավ բանաստեղծ լինելուց զատ այն հազվագյուտ հումորիստներից էր, ով կարողանում էր հումորներ ստեղծել բարի փաստի վրա: Նա երբեք չար հումոր չարեց ու արժանացավ համաժողովրդական հարգանքի ու սիրո»: /Սամվել Խալաթյան/

«Նրա ամենասիրելի թևավոր խոսքը Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ» երգի համար գրված իր տողերն էին՝ արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս»: /Մարտին Վարդազարյան/ 

Նկարները
Տեսանյութերը

Արամայիս Սահակյան...

Մահացել է Արամայիս Սահակյանը...

Ծիծաղի տուն.Արամայիս Սահակյան, Ս...

Արամայիս Սահակյանը տենոր Վահրամ ...

Օգտագործող Գաղտնաբառ