haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՍԱՔՈ ՍԵՎՔԱՐԵՑԻ (ՍԱՐԳԻՍ ՍԱՐԻԲԵԿԻ ԾՈՎԱՆՅԱՆ)

Զինծառայող

Ծնվել է՝ 14/01/1870 - Մահացել է՝ 13/11/1908

Կենսագրությունը

Սարգիս Ծովանյանը Աստծու պարգևն էր իր ժողովրդին: Ասում են՝ փառքը ստվերի նման է, և երբ մարդը փախչում է ստվերից, այն գալիս է նրա հետևից, իսկ երբ մարդն է վազում նրա հետևից՝ այն ավելի է հեռանում: Սևքարեցի Սաքոն այն հազվագյուտ մարդկանցից էր, որ երբեք չի գնացել փառքի հետևից, սակայն փառքը գտել է նրան, գտել է ու վեհացրել, ինչպես իր հայրենի Սևքարի սեգ սարերը: Կյանքի իմաստը բուն կյանքի մեջ է, պատվով ապրելու, իր ժողովրդին ու հայրենիքին նվիրվելու, հանուն նրա արարելու մեջ է: Սևքարեցի Սաքոյի կյանքը նվիրումի վառ օրինակ է, երևույթ հայ ազգային-ազատագրական շարժման մեջ: Ասում են՝ նա իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր իր աննման սազով ու տաղով, իսկ թշնամուն՝ իր անբաժան «Մոսինով» ու դիպուկ կրակոցներով: Սաքոյի մասին ժամանակին քիչ չի գրվել ու խոսվել: Նրա մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի հանճարեղ մտածողները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, ազգային հերոս Անդրանիկը: Սաքոյին իր ջերմաշունչ երգն է նվիրել աշուղ Ջիվանին: Նրա կյանքին անդրադարձել է պարբերական մամուլը, առանձին էջեր են նվիրվել տարբեր գրքերում: Սակայն այդ ամենը հազիվ թե կարողանա արտահայտել այն մեծ սխրանքը, որ իր կարճ կյանքում գործել է հերոսը: Սարգիս Ծովանյանը ոչ միայն քաջ հայդուկ էր, այլև աննման երգիչ, և, ինչպես նշված են արխիվային նյութերում, երբ նա թառը ձեռքն էր վերցնում, կարծես «հազար սոխակներ դայլայլում էին, կախարդական մեղեդու ներքո քարերն էլ էին զմայլվում»: Ահա թե ինչու է նա «հայոց տաղավարի արև» կոչվել: Սարգիս Սարիբեկի Ծովանյանը ծնվել է 1870 թվականի հունվարի 14-ին՝ Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Մեծ խորհուրդ կա այն բանում, որ Սևքարը ծնունդ է տվել այդպիսի խիզախ մարդու ու մեծ հայրենասերի: Ի. Էլլարյանը իր «Աղստևի հովտի պատմությունը և կուլտուրայի հուշարձանները» գրքի մեջ որպես հայրենի բնության սիրահար նշել է. «Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից մեկը»: Հնամենի գյուղը հայտնի է նաև ճարտարապետական հուշարձաններով: Եվ Սաքոն մանկուց է եղել այդ հնավայրերում, հետո արդեն հասկացել է, թե ուր են գնում իր արմատները, որտեղից են գալիս իր նախնիք, ինչեր են ստեղծել և արդեն 20-րդ դարի շեմին ինչ ողբերգության առաջ են կանգնել: Հասկացավ, ու նրա պատանեկան հոգին վաղ փոթորկվեց իր ժողովրդին օգնելու, նրա արդար պայքարին իր բաժինը բերելու անզուսպ տենչանքով: Պատմում են, որ 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական և ադրբեջանական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:

Գործունեությունը

1890 թվականին, երբ նոր էր բոլորել 20 տարին, նա արդեն կանգնած էր իր ժողովրդի արդար պայքարի առաջին գծում: Իսկ այդ գիծն անցնում էր Արաքսից այն կողմ, որտեղ հայրենակիցները տառապում էին օտարի անասելի լծի տակ: Ու լցվել էր համբերության բաժակը, ու փոթորկվում էր ազգային-ազատագրական շարժումը: Սաքոն անցնում է Արևմտյան Հայաստան: Ֆիդայական առանձին խմբերի հետ նա ևս մասնակցում է մի շարք կռիվների Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր: Շատ կարճ ժաանակում նրա համբավը տարածվում է, նրա անունը հիշատակվում է մյուս ժողովրդական վրիժառուների անունների կողքին: Առանձնապես մեծ է Ծովանյանի ծառայությունը Արևմտյան Հայաստան զենք ու զինամթերք փոխադրելու գործում, որն այն ժամանակների համար չափազանց դժվարին, հիրավի հերոսական գործ էր: Պահանջվում էր մեծ հմտություն ու համարձակություն՝ խուսանավելու հյուսիսից ռուս սահմանապահների, հարավից թուրքերի դիմահար կրակոցներից, իսկ թուրքական կառավարությունը ամեն միջոց գործադրում էր պատժելու ոչ միայն խրոխտ ֆիդայիներին, այլև նրանց զենք ու զինամթերք մատակարարողներին: Պատահական չէ, որ այդ կարևոր և համարձակ գործը հանձնարարվել էր Սևքարեցի Սաքոյին: 1897 թվականին, անասելի դժվարություններ հաղթահարելով, նա Թիֆլիսից իր մարտական ընկերների աջակցությամբ զանազան հնարքներով զենք էր տեղափոխում Հայաստան, ապա սահմանն անցնում Արաքսով, այն հասցնում մարտնչող ֆիդայիներին: Հայտնի է նրա կողմից Դերեկի եկեղեցու պաշտպանությունը մինչև ատամները զինված մեծաքանակ քուրդ բաշիբոզուկների ու թուրք ասկյարների դեմ: 1897 թվականի օգոստոսի 26-ին նա հեծյալ ջոկատով մասնակցեց նաև քրդական մազրիկ ցեղի դեմ ձեռնարկված մի արշավանքի, որը հայտնի է Խանասոր անունով: Դա վրիժառուների պատասխանն էր դավադրաբար ոչնչացված վասպուրականցի ազատամարտիկների արյան, որում կեղտոտ դեր էին խաղացել մազրիկցիները: Քրդերը, ինչպես և թուրքերը, հաճախ էին ասպատակում հայկական գյուղերը, կոտորում գյուղացիներին, այրում՝ քանդուքարափ անելով ամեն ինչ: Թուրքական կառավարությունը ոչ միայն չէր պատժում, այլև խրախուսում և օժանդակում էր բարբարոսներին: Մազրիկ ցեղի քրդերը ևս հայերի համար դարձել էին պատուհաս, և, ինչպես ասում են, դանակը ոսկորին էր հասել: Ու հայ արծիվները որոշեցին վերջ տալ անգղերի խմբին: Ֆիդայիները, խոշտանգված հայ շինականի վրեժի ցասման հրով բորբոքված, արշավեցին Խանասոր՝ պատիվ պահանջելու անարգված ու բռնաբարված հարսների ու դեռահասների համար: Այս բոլորի մասին լավ գիտեր Սևքարեցի հայդուկը, որի համար էլ, արհամարհելով մահը, կտրել անցել էր Սևքարից մինչև Վան տանող ճանապարհը, միացել հայ վրիժառուներին: Տասներկուսն էին նրանք՝ Խանասորի արշավանքի հրամանատարները: Տասներկու առաքյալներ, որ գնում էին ոչ թե քարոզելու, այլ դաս տալու ալլահի անառակ որդիներին, որ այլևս չլսեն նրա անաստված խորհուրդները, թե՝ «սպանի՛ր գյավուրին, որ գնաս»: Խանասորը հրաշալի մի ամառանոցատեղի էր, ուր ամառվա շոգին մազրիկ ցեղի քրդերը վայելում էին բնության ճոխությունը: Ու մինչ նրանք, որ օդաներում խրախճանք էին սարքել, գլխի կընկնեին, թե ինչ է կատարվում դրսում, հայ վրիժառուները բորենիներ տեսած առյուծների նման հարձակվեցին նրանց վրա: Քրդերից և ոչ մեկին չհաջողվեց անգամ զենք վերցնել, քանզի հարձակումը անսպասելի էր ու կայծակնային: Առաջինը Սաքոն էր, որ իր առյուծ-ձիով մտավ չարագործների որջը...Սևքարեցի հայդուկը կայծակի նման մեկ ամպերում էր ու մեկ էլ գետնին, Թուր Կեծակիի նման շառաչում էր նրա սուրը, և վայ նրան, ով առաջը կգար: Նա անճանաչելի էր այս կռվում, մի ձեռքին սուրն էր, մյուսում՝ հրացանը, և երկուսն էլ հավասար ուժով էին գործում: Իրենց անպարտելի կարծող մազրիկցիները, առյուծներ տեսած չախկալների նման լեղապատառ փախչում էին: Կանաց և երեխաներին ձեռք չտվեցին: Ֆիդայու օրենքն է՝ անզորին ձեռք չտալ, ընկածին չխփել: Հայը նամարդ չի, իսկ ֆիդային ասպետերի օրենքով է շարժվում: Այս օրենքով էլ վարվեցին Խանասորում՝ վերջ դնելով մազրիկ ցեղի վայրագություններին: Խանասորի կռվի համբավը տարածվեց ոչ միայն Հայաստանում, Թուրքիայում ու Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում: Այս կռվում փայլեց Սևքարեցի Սաքոն, նրա անունը արագորեն տարածվեց և արդեն հիշատակվում էր Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չավուշի, Արաբոյի, Հրայր Դժոխքի և մյուս հայդուկների շարքում: Նրանով սկսեցին հետաքրքրվել թուրք իշխանությունները և գործի դրեցին ամենատարբեր միջոցներ՝ նրան բռնելու համար: Եվ ահա՝ 1899 թվականին, թուրքերին հաջողվում է ձերբակալել հերոսին, այն ժամանակ, երբ նա հերթական անգամ հայտնվում է Մուշում: Անասելի տանջանքներն անզոր էին ընկճելու քաջորդու կամքը: Նա այդպես էլ հրաժարվում է ցուցմունքներ տալուց: Այնուամենայնիվ, թուրքական դատարանը նրան դատապարտում է 101 տարվա բանտարկության, իսկ մեկ տարի անց՝ մահվան: Սակայն ռուսական իշխանությունների միջամտությամբ ռուսահպատակ Սաքոն հանձնվում է իր երկրի դատական մարմիններին ու տեղափոխվում Թիֆլիս՝ Մետեխի բանտ, ապա զինակից ընկերների օգնությամբ ազատ է արձակվում: Բայց Մուշի Մեթերհեմի դաժան բանտը, որտեղ Սաքոն անցկացրեց երկու տարի, ինչպես ասում են, նրա համար բնավ «դաս» չեղավ: Ժողովրդի արդար գործին նվիրված հայդուկը նորից ընդգրկվեց պայքարում՝ շարունակելով Արաքսից այն կողմ իր մաքառող հայրենակիցների համար զենք-զինամթերքի հայթայթումն ու տեղափոխումը: Երիտթուրքերի իշխանության գալուց հետո հայ ժողովրդի նկատմամբ հալածանքները չդադարեցին: Սաքոն Անդրկովկասում սկսում է կազմակերպել մարտական ջոկատներ, հավաքագրում կամավորների, որոնք պետք է մասնակցեին Արևմտյան Հայաստանում թափ առնող ազգային-ազատագրական պայքարին: 1909 թվականին Սաքոն իր հավաքագրած մարտական ջոկատներով պետք է մեկներ Պարսկաստան՝ մասնակցելու այնտեղ սկսված հեղափոխական շարժումներին: Սակայն մոլեգնող խոլերայի ձեռքը հասավ նաև նրան ու խլեց կյանքը: 1909 թվականի նոյեմբերի 13-ին կյանքից հեռացավ մեծ հայրենասերն ու աննկուն վրժառուն: Նրա մահը մեծ կորուստ էր հայ ազգային-ազատագրական շարժման համար: Հերոս ֆիդայու պայքարի ընկերները շուքով ու հանդիսությամբ նրան հանձնեցին հողին: Սաքոյի աճյունն ամփոփվեց Երևանի Կոմիտասի այգում, նրա շիրմին կանգնեցվեց մարմարե մի հուշարձան: Ցավոք եկան ժամանակներ, երբ ժողովրդի արդար գործին նվիրված մարդկանց մոռացան, ավելի շուտ ստիպեցին մոռանալ, քանզի այլ գաղափարներ էին իշխում: Իշխանության եկած կոմունիստները ոչ միայն մոռացան ազատագրական պայքարի հերոսներին, այլև պղծեցին նրանց հիշատակը: Մարմարե հուշարձանն էլ անհետացավ Սաքոյի շիրմից: Ասում են, որ այն օգտագործվեց պետական մի խոշոր գործչի շիրմաքարի համար: Տարիների հետ մոռացվեց և ֆիդայու անունը, նաև այն հողակտորը, որի տակ ամփոփվել էր ազգի ցավերով տառապած ու մաքառած հերոսի աճյունը: Բայց ժողովրդի հիշողությունն անշեջ է, և երբ հետ քաշվեց տասնամյակների անթափանց վարագույրը, արդար գործի նահատակները, այդ թվում և Սարգիս Ծովանյանը, իրենց արժանի տեղը գտան հայոց պատմության ոսկե էջերում:

Մեծանուն մարդկանց կարծիքները Սևքարեցի Սաքոյի մասին.

«Դու միշտ ապրում ես քո ժողովրդի 

Արյունոտ հոգում ինչպես վառ երազ, 

Ինչպես արշալույս վեհ ազատության 

Շքեղ, անարատ, անմահ կմնաս...»: /Ավ. Իսահակյան/


«Մայրենի հողի լեռները խիզախ 

Ըմբոստ, սանձարձակ մրրիկներն հզոր 

Հովվի ականջիդ լսվեցին շատ վաղ, 

Վեհ ազատության երգերն ահավոր: 

Ոչ, դու չես մեռել, ոչ, դու չես մեռնիլ, ինչպես չեն մեռնում սերն ու գաղափար...»: /Ավ. Իսահակյան/

«Հայոց տաղավարի արև, արևիդ մատաղ Սաքո ջան: Հենց քեզ համար շատ սիրեցի, որտեղ որ տեսա Սևքարեցի»: /Աշուղ Ջիվանի/

«Մեզ հենց նման «պողպատե» ձեռքեր են պետք, զենք բռնող, հուսալի ձեռքեր...»: /Թիֆլիսում «Մշակ»-ի խմբագիր Գրիգոր Արծրունի/

Անդրանիկը, երբ Լոռվա սարերից իջավ Դիլիջան, զգաց, որ ժողովրդի տրամադրությունն ընկած է: Հրավիրեց Դիլիջանի և մերձակա գյուղերի համայնքների ներկայացուցիչներին, ոգեշունչ խոսք ասաց և հորդորեց նրանց՝ վանել կամքի թուլությունն ու ընկճվածությունը` ասելով. «Ոչ ես չեմ հավատում, որ ստրկաբար ընկճվել է Սևքարեցի Սաքո ծնող ժողովրդի ոգին: Ոչ չեմ հավատում: Եվ փառք Աստծո որ խոսքերիս ապացույց էլ կա»: Այնուհետև Զորավարը դիմելով Վանից եկած զինվոր Ներսեսին ասաց. «Կանցնիս Սևքար, բարևս փոխանցիր Սաքոյի հարազատներին: Աստված կանեմա խաղաղությունը տիրե աշխարհիս, կերթամ անոնց խոնարհվելու, որոնք Սաքո են ծնել ու կերտել: Արաբոներ, Աղբյուր Սերոբներ, Գևորգ Չաուշներ և Սևքարեցի Սաքոներ եզակի կան աշխարհում: Եթե բոլոր հայերը նրանց պես երեկոյան որոշեն մեռնել, լուսաբացին, մինչև արևի ծագելը, ազատ կլինեին վաղուց»:

Տեսանյութերը

Սևքարեցի Սաքոյի ծննդյան 145 ամյա...

Այս տարի Սևքարեցի Սաքոյի ծննդյան...

Տեղի է ունեցել Սևքարեցի Սաքոյին ...

Մկրտիչ Մկրտչյան-Սևքարի Սաքո...

Սաքո ջան!!!

Սևքարեցի Սաքո

Օգտագործող Գաղտնաբառ