haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՍԻՊԻԼ(ԶԱՊԵԼ) ԽԱՆՋՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 08/10/1863 - Մահացել է՝ 19/07/1934

Կենսագրությունը

«Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե... Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է: Եթե մենք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք և ուրիշ մը կկատարելագործե զայն...»: /Սիպիլ/ 

Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Սիպիլը ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է մադամ Կարյուսի ֆրանսիական դպրոցում, որն ավարտել է 1870 թվականին, ապա սովորել է Սուրբ Խաչ վարժարանում: Ավելի ուշ՝ 1873-1879թթ., սովորել է Սկյուտարի ճեմարանում: Այստեղ նրա աշխարհայացքի ձևավորման խնդրում նշանակալի դեր են խաղացել իր ուսուցիչներ Խաչատուր Միսաքյանը և Սիմեոն Ֆելեկյանը: Այս տարիներին մի դրվագ ճակատագրական նշանակություն է ունենում օրիորդ Զապել Խանջյանի կյանքում: Արշակուհի Թեոդիկին ուղղված մի նամակում նա պատմում է իրենց տան նախկին ծառայի՝ Հակոբ աղբարի մասին, որը երկու տարի առաջ մեկնել էր իր ծննդավայրը՝ Քղի, և վերադառնալով անճանաչելի վիճակում՝ ցնցոտիների մեջ՝ պատմել է Զապելին իր հայրենակիցների ծայրահեղ չքավորության, տգիտության ու անօգնականության ասին: «...Աչքիս առաջեն չի հեռանար թափորը թշվառ տղոց՝ բոկոտն, անլվա, գիսախռիվ, գունատ, հիվանդ, անխնամ: Քանի-քանի անգամներ երգած եմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա: Մեզի սովորեցուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի...: Իսկ Հակոբ աղբարները, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար: Մենք ոչինչ գիտենք անոնց մասին»: Հենց այս դեպքից հետո է, որ Զապել Խանջյանը հրավիրում է իր դասընկերուհիներին և հայտնում «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» ստեղծելու մտադրության մասին: Այսպիսով, Սիպիլը հասարակական ասպարեզ ոտք դրեց 17 տարեկան հասակում և մինչև կյանքի վերջը, չնայած ընտանեկան կյանքի հոգսերին ու գրական-ստեղծագործական բեղուն կյանքին, մնաց իբրև ժամանակի ամենագործուն ու ամենաձեռներեց գործիչներից մեկը: Սիպիլի՝ իբրև հասարակական գործչի դիմանկարի համար ուշագրավ մանրամասն է մատուցում Ալփիարը «Հայրենիքի» «Օրվան դեմքեր» խորագրի տակ զետեղված իր «Վայրկենականում»: Նա փորձում է ցույց տալ, թե ինչպես է Սիպիլը համատեղում գրական, հասարակական և ընտանեկան պարտականությունները: Պատմելով, թե ինչ «դյուցազնություն» է արել նա՝ տասնյակ գրասենյակներ ու հաստատություններ մտնելով Ազգանվեր հայուհյաց ընկերության օգտին կազմակերպվելիք պարահանդեսի տոմսակները վաճառելու համար, թղթակիցը գրում է. «Վերջին պահուն գնաց աչքե անցընել Նոր թատրոնին արդուզարդը, հաջողություն մաղթեց իր ընկերուհիներուն և թատրոնեն դուրս ելավ: Գիշերը, երբ ամեն ոք կպարեր, կխոսվռտեր, կզվարճանար, Սիպիլ իր փոքրիկ աղջկանը ձյունաթույր անկողնին քով զայն քնացնելու կաշխատեր»: Սիպիլը 19 տարեկան հասակում ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ, մեկնում գավառներ և զբաղվում ուսուցչությամբ, միաժամանակ մանկավարժական և գրականագիտական հոդվածներով աշխատակցում Պոլսի հայկական մամուլին: 1881-1889թթ. նա տարբեր գավառներում հիմնադրում է 20 օրիորդաց դպրոց: Այնուհետև վերադառնում է Պոլիս: 1901 թվականին՝ ամուսնու մահից հետո, ամուսնանում է գրականագետ Հրանտ Ասատուրի հետ, որը անգնահատելի բարոյական աջակցություն է ցույց տալիս նրան թե՛ հասարակական գործերում և թե՛ գրական-ստեղծագործական ու մանկավարժական ոլորտներում: Պոլսում նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում Էսայան, Կեդրոնական վարժարաններում, Համազգյաց, Հայ Սքուլ (անգլիական), և մադամ Տըվոյի (ֆրանսիական) բարձրագույն ուսումնարաններում: Նրա սաների թվում են ճանաչված գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանը, հրապարակախոս, «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսների խբագիր Հայկանուշ Մառքը, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, դերասաններ Արուս ոսկանյանը, Վահրամ Փափազյանը և այլք: Սիպիլն իր ամուսնու հետ կազմեց և հրատարակեց «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի. Ա.Բ.Գ.» (Կ. Պոլիս, 1899, բազմիցս վերահրատարակված) և «Թանգարան հատընտիր հատվածներու, արձակ և ոտանավոր, միջին դասընթացք, Գ տարի» (Կ. Պոլիս, 1905, բազմիցս վերահրատարակված) դասագրքերը, որոնք ժամանակին մեծ տարածում գտան հայկական դպրոցներում և մինչև այժմ էլ օգտագործվում են: Սիպիլը նշանակալի ավանդ ունի նաև հայ մամուլի զարգացման գործում: Սկսած 1892 թվականից՝ նա ներգրավվել է նաև խմբագրական աշխատանքներում: Հրանտ Ասատուրի և Գրիգոր Զոհրապի հետ, նրանց խնդրանքին ընդառաջ գնալով, խմբագրել է «Մասիս» և ապա «Արևելք» օրաթերթերը, միաժամանակ հանդես է եկել բազմաբնույթ հրապարակախոսական հոդվածներով: Սիպիլի հրապարակախոսության առանցքը ազգապահպանումն է, երիտասարդ սերնդի, հատկապես աղջիկների կրթությունն ու դաստիարակությունը և կանանց հարցերը՝ սկսած խոհանոցից ու նորաձևությունից մինչև քաղաքական իրավունքները:

Գործունեությունը

Սիպիլի նկարագիրն ամբողջացնելու համար վերջապես հարկ է նշել նրա գրական ժառանգությունը՝ բանաստեղծություններ, նորավեպեր, վեպ, թարգմանություններ, մանկական երկեր, թատերգություններ, գրախոսություններ, գրականագիտական հոդվածներ և այլն: Նա սկսել է ստեղծագործել դեռևս աշակերտական տարիներից ու տպագրվել ժամանակի մամուլում: Եվ երբ լույս տեսան նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, բանաստեղծությունների ժողովածուն՝ «Ցոլքերը» և «Կնոջ հոգիներ» նորավեպերի ժողովածուն, նա վաղուց ի վեր ճանաչված գրող էր: Նրա գրական ժառանգության զգալի մասը նույնպես, մասնավորապես «Աղջկան մը սիրտը» վեպը և նորավեպերը նվիրված են կնոջ դատի պաշտպանությանը և շարունակում են Սրբուհի Տյուսաբի ավանդույթները: Սիպիլը կարևոր նշանակություն էր տալիս թարգմանական արվեստին, համաշխարհային գոհարների հայացմանը՝ մատուցելով բարձրարվեստ թարգմանություններ (Պոլ Վեռլեն, Սամեն, Լըկոնտ դը Լիլ, Լամարթին, Անատոլ Ֆրանս և այլն), նաև հատուկ աշխատանք է տարել իր աշակերտների շրջանում թարգմանիչների նոր սերունդ պատրաստելու ուղղությամբ: Սիպիլի ստեղծագործությունը իր ժամանակին բարձր է գնահատվել թե՛ արևմտահայ և թե՛ արևելահայ մտավորականության կողմից, նրա ստեղծագործություններն ընդգրկվել են դասագրքերի, քրեստոմատիաների ու գրական անթոլոգիաների մեջ, թարգմանվել այլ լեզուներով, նրա ստեղծագործությունը բարձր են գնահատել ժամանակի մտավորականության գրեթե բոլոր մեծերը՝ ջերմ տողեր շռայլելով նրա հասցեին: Սիպիլն այն սակավաթիվ կանանցից էր, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն, բարձրացավ փառքի պատվանդանին՝ համարվելով ժամանակի «թիվ մեկ կինը»: 1933 թվականին Պոլսում, Կահիրեում ու Ալեքսանդրիայում, Փարիզում, Ֆիլիպեում մեծ շուքով տոնվեց նրա 70-ամյա հոբելյանը: Նա մահացավ կարճ ժամանակ անց՝ 1934 թվականին: Նրա կրտսեր դուստրը՝ Էմմա Ասատուրը, մոր մահվան լուրն առնելու պահին վերջ տվեց իր կյանքին: Ավագ դուստրը՝ Ադրինե Տոնելյանը, մահացավ Ստամբուլում 1975 թվականին: Իր «Ազգանվեր հայուհիք» հայտնի ճառի մեջ Սիպիլը հիացմունքով է խոսում հայ կանանց կորովի ու անձնազոհության մասին, զարմանքով նկատում, թե ինչպես արյունի ու տվայտանքների մեջ չեն ընկճվում ու պահում են ուսման ծարավը, դեռ ավելին՝ առաջ նետվում «օգնելու, պաշտպանելու, սփոփելու» համար: Եվ օրինակ բերելով անցյալի կանանց փառավոր օրինակները՝ դա համարում է հայ ժողովրդի ժառանգական հատկությունը և ազնվական ավանդապաշտությունը: Նա հավանաբար գիտեր, որ ինքն էլ՝ իր կյանքով ու գործով, այդ ժառանգականության փայլուն կրողն է, և հետագա սերունդների բանախոսները արժանի տեղ են տալու իրեն երախտավոր կանանց փաղանգում:

Մեծանուն մարդկանց կարծիքները Սիպիլի մասին.

«Իր հոգին թանգարան մըն է, ուր գլուխգործոցներ մուտք ունին միայն... Այն երիտասարդ կինը, որ Սիպիլ կստորագրե, իր անհատական կյանքովը պարծանքն է իր սեռին և իր մեծ տաղանդովը՝ մեր բոլոր գրականության»: /Գրիգոր Զոհրապ/ 

«Մեր երեքեն կազմված խմբագրական մարմնին մեջ մեծ ուժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգերն ալ ասոնց ամենուն վրա: Բայց հոգնիլ չէր գիտեր. միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարյացակամ ամենուն հանդեպ: ... Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կու գար»: /Հ. Ասատուր/ 

«Սիպիլի մեջ մանկավարժն ու տեսաբանը, հոգեբանն ու մեթոդիստը միահյուսված էին: Նա շարքային դասուսույց չէր և ոչ էլ գոհանում էր մինչ այդ եղած ուսուցողական ձևերով ու սկզբունքներով: Նա անընդհատ որոնում էր նորը, թարմն ու օգտակարը և դրանով էլ տարբերվում նախորդ և ժամանակակից շատ մանկավարժներից»: /Սիպիլի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրող Ա. Մինասյան/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ