haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՅՈՒՐԻ ՆՈՐԱՅՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծանրամարտիկ

Ծնվել է՝ 13/06/1956

Կենսագրությունը

1956 թվականի հունիսի 13-ին ծնվել է գյումրեցի ծանրորդ Յուրի Նորայրի Վարդանյանը, ով նոր էջ է բացել հայկական, խորհրդային և ընդհանրապես համաշխարհային ծանրամարտի պատմության մեջ:    Մարզական կարիերայի կերտմանը զուգահեռ Յուրի Վարդանյանը 1974-1980թթ. սովորել և ավարտել է Լենինականի (այժմ Գյումրի) Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ: Այնուհետև 1980-1984թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինտիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ:    1970 թվականից իր հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ, Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով:    1975-1976 թվականներին դառնում է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն՝ 75կգ քաշային կարգում:    1977-ից Վարդանյանը եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ, սակայն իր առաջին խոշոր նվաճմանը հասել է 1980թվականին՝ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ: Հանդես գալով 82,5կգ քաշային կարգում, նա նվաճել է ոսկե մեդալ և սահմանել 5 աշխարհի ռեկորդ՝ միջին քաշային կարգում, երկամարտի արդյունքում, բարձրացնելով 400կգ.:    Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի:    1985թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց իր վերջին աշխարհի առաջնությունը: Նույն թվականին նա ընտրվեց Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսեց զբաղվել մարզչական և հասարակական գործունեությամբ:    1991թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ և բնակություն է հաստատել: Այնտեղ ակտիվ սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ: Սկզբում պայմանագրով աշխատել է Քոլորադո-Սփրինգսում՝ որպես ծանրամարտի ազգային հավաքականի խորհրդատու-մարզիչ, ապա տեղափոխվել Չիկագո, որտեղ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնությունում հանդես եկող «Չիկագո Բլուզ» թիմի մարզիչ՝ ֆիզպատրաստության գծով: Յուրի  Վարդանյանը նաև սկսել է մարզել իր տղային՝ Նորայր Վարդանյանին, ով 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն՝  94կգ քաշային կարգում:    2009թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, սակայն 2013թ.-ի մայիսի 8-ին ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ պաշտոնավարել մինչև 2014թվականի մայիսի 3-ը: Այնուհետև 2014թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Գործունեությունը

Աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Կենդանի լեգենդը բազմակի աշխարհի (1977-79, 1980-1981, 1983-1985), օլիմպիական (1980), Եվրոպայի (1977-1978,1980-1981, 1983) և ԽՍՀՄ (1977, 1979, 198) չեմպիոն ու գավաթակիր (1976) է:
   1978-81 թվականներին Յուրի Վարդանյանը ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ: Նա սահմանել է 43 աշխարհի ռեկորդ: Լեգենդար ծանրամարտիկը միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կիլոգրամի:
   Յուրի Վարդանյանը Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին՝ անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար:
   Մարզիկն իր պահոցում ունի 111 մեդալ՝ նվաճած տարբեր մրցումներում:


Պարգևներ և կոչումներ

   Երևանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր է, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի, «Աշխատանքային կարմիր աստղի», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։ Եղել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի 10-րդ և 11-րդ գումարման դեպուտատ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կրտսեր լեյտենանտ է։
Ամուսնացած է, ունի երեք որդի։

Տեսանյութերը

Յուրի Վարդանյան 1980 օլիմպիադա...

Յուրի Վարդանյան 405կգ...

Յուրի Վարդանյան մարզումներ...

Յուրի Վարդանյան ֆիլմ...

Յուրի Վարդանյան կյանքն ինչպես կա...

Օգտագործող Գաղտնաբառ