Կրկեսային տոնը Երևանից տեղափոխվում է Ստեփանակերտ
|
|
Երկու ամիս Երևանի հյուրախաղերից հետո Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը նոյեմբերի 6-15-ը լինելու է նաև Ստեփանակերտում: Panorama.am-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ ինքը և կրկեսի ներկայացուցիչը հանդիպել են Արցախի մշակույթի նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին և պայմանավորվածություն է ձեռք բերել Արցախում հյուրախաղերով հանդես գալու վերաբերյալ:
«Մեզ անվճար տարածք են տրամադրել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Դերասաններին այնքան էլ ձեռնտու չէ հյուրախաղերը շարունակել Արցախում, շահույթ չեն ունենալու, բայց ես կարողացա նրանց համոզել: Խնդրել եմ, որ տոմսերը Երևանի համեմատությամբ, մի քիչ ավելի էժան լինի»,- նշեց նա:
Ս. Պետրոսյանի խոսքով, Արցախում երբեք շապիտո-կրկես չի եկել, իսկ Երևանի կրկեսը մի քանի անգամ ելույթ է ունեցել Ստեփանակերտի մշակույթի կենտրոնում. «Արցախում կրկեսի շենք չկա: Մենք մշակույթի կենտրոնում ենք մի քանի անգամ ենք հանդես եկել՝ կրկես բեմի վրա, առանց կենդանիների»:
Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսի հյուրախաղերը նվիրված են Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին: Նախատեսված էր, որ հոկտեմբերի 4-ին ավարտվելու են հայաստանյան հյուրախաղերը, սակայն, ըստ Ս. Պետրոսյանի, շարունակելու պահանջարկ է եղել, հյուրախաղերը երկարաձգվել են մինչև նոյեմբերի 1-ը:
«Նոյեմբերի 1-ին կհավաքվի շապիտոն և 7-8 «ֆուրով» կմեկնեն Ղարաբաղ: Ուրախ եմ, որ հնարավոր եղավ կրկեսային տոնը Երևանից տեղափոխել Ստեփանակերտ: Ես ինքս ինձ խոստացել էի Ենգիբարյանի 80-ամյակը լավ ձևով կազմակերպել: Ինձ հաջողվեց»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: |