Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։
Միջոցառումը սկսվեց` մեկ րոպե լռությամբ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Ի դեպ, երեկոյին հատուկ համար ներկայացվեց` նվիրված Ազնավուրին:
Կրկեսի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի հատուկ հյուրերն էին «Արագ փոխակերպման» վարպետներ, Գինեսի ռեկորդակիրներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները: Սոս Պետրոսյան կրտսերի, հարսի` Վիկտորիա Պետրոսյանի հետ ելույթ ունեցան նաեւ նրա թոռները։
«Երբ քսան տարեկանում աշխատում էի հայկական կրկեսային կոլեկտիվում, Լեոնիդ Ենգիբարյանը 35 տարեկան էր: Նայում էի նրան ու մտածում, որ նա շատ մեծ է: Հավանաբար, պատճառը տարիքը չէր. նրա մեծությունն էր ստիպում մտածել, որ Ենգիբարյանը ինձանից հազար տարի մեծ է: Ասում էի, որ ես էլ կդառնամ 35 տարեկան, իսկ հիմա 70 եմ»,- ընդգծեց Պետրոսյանը՝ խոստովանելով, որ չի էլ պատկերացնում, որ արդեն 70 տարեկան է:
Ս․ Պետրոսյանը լրագրողների հետ նաեւ անկեղծացավ՝ նշելով՝ ցանկությունը մեծ է եղել, որ 70-ամյակը նշվեր կրկեսի նորաբաց շենքում, սակայն այն դեռեւս կառուցման փուլում է, եւ կրկեսի դերասանները որոշել են դահլիճում նշել հոբելյանական երեկոն։
Սոս Պետրոսյանը կրկեսի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ է: Այս տարի նա հրատարակել է «Հայկական կրկես» գիրքը, որտեղ ներկայացվում է հայկական կրկեսի ողջ պատմությունը: «Սա իմ ամենախոշոր գիրքն է` հագեցած բազմաթիվ լուսանկարներով։ Գրքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Լեոնիդ Ենգիբարյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց արտիստը՝ հույս հայտնելով, որ կրկեսի 85-ամյակը հնարավոր կլինի անցկացնել կրկեսի նոր մասնաշենքում:
ERITASARD