«Ազգային» կարգավիճակ է շնորհվել
27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին «ազգային» կարգավիճակ է շնորհվել, հինգշաբթի կառավարչության նիստի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ»,– ասաց նախարարը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկար տարիներ նախկին ԽՍՀՄ–ի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկն էր։ Այսօր այն համարվում է նվագախմբային պրոֆեսիոնալ արվեստի ազգային կենտրոն։ Տարբեր ժամանակներում Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեկյանը, Կոնստանտին Սարաջևը, Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը, Լորիս Ճգնավորյանը։ 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը։
Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը ստեղծվել է 1924 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով):