haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

29/01/2015_ին Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» Կոմիտասի անվան զբոսայգում
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» Կոմիտասի անվան զբոսայգում

Հայ երաժշտական մշակույթի երախտավորներից մեկը՝ Կոմիտասը, ով իր ստեղծագործական ոչ երկարատև կյանքի ընթացքում և՛ որպես ժողովրդական երգի հավաքագրող, և՛ որպես կոմպոզիտոր, մշակող ու տարածող, դարձավ հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրը՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտարվեստի զարգացման հետագա ուղին, չնայած իր ունեցած այդ անգնահատելի մեծ դերին, մինչ օրս չուներ հասցե, որտեղ լիարժեքորեն ներկայացված կլիներ, թեև Կոմիտասի անունով են կոչվել լարային քառյակը, Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և այլն:

Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Ֆինանսական ծախսերը հոգացին «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից:

Կոմիտասի ողջ կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի 8 սրահների մշտական ցուցադրության մեջ, որի հեղինակ և համադրողը Վարդան Կարապետյանն է, ձևավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելլոն:

Ծրագիրն իրականացրել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն»:

Առաջին՝ «Ժամանակագրություն» սրահում ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը, երկրորդ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում՝ բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Վարդապետը՝ ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականությունների հետ: Երրորդ՝ «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են Կոմիտասի աշխատությունները, անձնական օգտագործման իրերը, վկայականները: Չորրորդ՝ «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում ներկայացված են Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիների նրա նոտագրության դրվագները: Հինգերորդ՝ «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահում՝ նրա ստեղծագործությունները՝ հեղինակային մեղեդիները: Վեցերորդ՝ «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» սրահում ներկայացված է հայ եկեղեցական երաժշտությունը, որը Վարդապետի ողջ գործունեության էական մասն է կազմում: Յոթերորդ՝ «Կոմիտասի ելույթները» սրահում ներկայացված է մեծ երգահանի, որպես հայ երգի քարոզչի գործունեությունը՝ համերգներն ու դասախոսությունները, որոնցով հանդես է եկել Փարիզում, Լոզանում, Ալեքսանդրիայում, Թիֆլսում, Կ. Պոլսում և այլուր։ Ութերորդ սրահ՝ «Կոմիտասից հետո». այստեղ շարժանկարի ժապավենի նման անցնում է Կոմիտասի կյանքը։ Կյանքն անցավ, բայց գործը մնաց…

Օգտագործող Գաղտնաբառ